Saturday, May 31, 2008

Քաղաքական պատվերը չի փոխվել

Երեկ Գյումրիում գտնվող Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ շարունակվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Շոթա Սաղաթելյանի դատը:

Նիստի ամենասկզբում ցուցադրվեց փետրվարի 19-ին նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակ Գյումրիի թիվ 34/06 տեղամասում նկարահանված տեսանյութը: Նկարահանումը կատարվել է այն ժամանակ, երբ Պ. Մակեյանը այցելել է վերը նշված տեղամաս, այնտեղ զրուցել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Հովհաննիսյանի հետ: Այդ ընթացքում նրան են մոտեցել տեղամասում գտնվելու իրավունք չունեցող երկու անձինք: Նրանք միջամտել են զրույցին եւ փորձել վեճի բռնվել Մակեյանի հետ: Սակայն վերջինս, կանխազգալով, որ այդ երկուսը սադրիչներ են, տոն չի տվել եւ ՏԸՀ նախագահին զգուշացրել է, որ ընտրակեղծարարներն օրենքի առաջ պատասխան կտան, ու դուրս է եկել տեղամասից: Մակեյանի` տեղամասում գտնվելը տեւել է մոտ երեք րոպե: Տեսանյութը ապացուցում է, որ նա հանձնաժողովի աշխատանքներին չի խոչընդոտել, վեճ չի հրահրել եւ ոչ էլ ուրիշի հրահրած վեճին է տոն տվել: Սա այն դեպքում, երբ Մակեյանը մեղադրվում է իբր թե կես ժամ շարունակ հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու եւ տեղամասում վեճ սարքելու մեջ: Իրականում տեղամասում վեճ հրահրողները եղել են երկու այլ անձինք, որոնցից մեկին մարդիկ տեսանյութից ճանաչել էին` Արա Մովսիսյան, որը Շիրակի մարզի բնապահպանության վարչության պետի որդին է: Ըստ տարածված լուրերի, տեսանյութում երեւացող երկու անձինք են եղել թիվ 34/06 տեղամասի տերնուտիրականը, եւ նրանց խնդիրն է եղել ապահովել Սերժ Սարգսյանի օգտին քվեաթերթիկների լցոնում, գումարով բերված ընտրողների վերահսկելի քվեարկություն եւ այսպես շարունակ: Սակայն նախաքննության մարմինը քրեական գործով նրանց չի ընդգրկել եւ չի հարցաքննել: Քննիչները չեն ցանկացել պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել թիվ 34/06 տեղամասում: Նրանք, ուղղակի փաստերը եւ ցուցմունքները կեղծելով, ցանկացել են քրեական գործ սարքել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների դեմ:

Ինչեւէ, տեսաերիզը դիտելուց հետո փաստաբան Հովիկ Արսենյանը միջնորդեց այն կցել քրեական գործին որպես ապացույց: Իսկ փաստաբան Գրիշա Մանուկյանը այդ միջնորդությանն ավելացրեց նաեւ տեսաերիզում երեւացող եւ ինքնությունը պարզված անձին որպես վկա դատարան հրավիրելու պահանջը: Այս միջնորդությունը դատարանը բավարարեց, քանի որ մեղադրող կողմը դեմ չէր: Այնուհետեւ Հ. Արսենյանը միջնորդեց փոխել ամբաստանյալների խափանման միջոցը` կալանքը, եւ նրանց ազատ արձակել: Միջնորդությունը ստորագրել էին նաեւ փաստաբաններ Տիգրան Տեր-Եսայանը, Վարդուհի Էլբակյանը եւ Գրիշա Մանուկյանը: Փաստաբանները դատավորին հիշեցրին, որ դատաքննության փուլում վկաների հարցաքննության արդյունքում ապացուցվել է, որ իրենց պաշտպանյալներին վերագրվող մեղադրանքները անհիմն են: Այդ փաստը եւս մեկ անգամ ապացուցեց ցուցադրված տեսանյութը: Գրավոր տեքստը ներկայացնելուց հետո Արսենյանը նաեւ ավելացրեց, որ դատարանից պահանջում է, որպեսզի վերջինս չփորձի խափանման միջոցի հարցը որոշել` մատնանշելով նախաքննական ցուցմունքները, քանի որ դրանք դատարանի դահլիճում հերքվել են, եւ արժանահավատն այն է, որը հնչել է դատարանում` անմիջական վկայի շուրթերից: Վկաները հայտարարել են, որ քննիչները իրենց ստիպել են սուտ ցուցմունքներ գրել: Մեղադրող կողմը` ի դեմս դատախազ Արմեն Բոշնաղյանի, խափանման միջոցը փոխելուն դեմ արտահայտվեց` հայտարարելով, թե հիմքեր չկան: Դրանից հետո դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ` խոստանալով վերադառնալ մեկ ժամից: Սակայն վերադարձավ մեկուկես ժամից եւ հայտարարեց, որ փաստաբանների միջնորդությունը մերժում է, եւ Մակեյանը, Զաքարյանն ու Սաղաթելյանը պետք է շարունակեն մնալ կալանքի մեջ: Երբ դատավորն արտաբերեց, որ միջնորդությունը մերժում է, դահլիճում կարծես ռումբ տրաքեր: Մարդիկ սկսեցին վանկարկել` «Ամոթ», «Ազատություն», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Մարդիկ լռեցին միայն այն բանից հետո, երբ փաստաբան Արսենյանը հայտարարեց, որ ցանկանում է հայտարարությամբ հանդես գալ: Այդ ժամանակ դատավորը միջամտեց եւ փաստաբանից պահանջեց իր որոշումը չքննարկել եւ հարգել դատարանին: Արսենյանը դատավորին առաջարկեց, որպեսզի նա ինքն իրեն առաջին հերթին հարգի, իսկ խափանման միջոցի միջնորդությունը մերժելիս, ըստ փաստաբանի, ավելի անկեղծ կլիներ, եթե դատավորը հայտարարեր, որ իրեն դեռեւս չեն հրահանգել մարդկանց ազատ արձակել:

Այնուհետեւ Մակեյանը դատավորին միջնորդեց ստուգել թիվ 34/06 տեղամասի ընտրական փաստաթղթերը, որից հետո կպարզվի, որ այդ տեղամասում լցոնում է տեղի ունեցել: Լցոնումը եղել է հիմնականում Սերժ Սարգսյանի օգտին, սակայն լցոնել են նաեւ Արթուր Բաղդասարյանի եւ Վահան Հովհաննիսյանի օգտին` ավելի փոքր ծավալներով: Այս միջնորդությունը եւս մերժվեց, որից հետո, երբ Մակեյանը ցանկանում էր հայտարարությամբ հանդես գալ, դատավորը փորձեց նրան թույլ չտալ խոսել` ասելով, որ քաղաքական հայտարարություններ չի կարելի անել: Մակեյանն էլ նրան հակադարձեց. «Քաղաքական պատվեր եք կատարում, բայց քաղաքական հայտարարություն չեք ցանկանում լսել»: Այս ընթացքում դահլիճը անընդհատ իր բողոքն էր արտահայտում, եւ մարդիկ իրենց ձայնը ցածրացնում էին միայն Մակեյանի խոսքը լսելիս:

Ինչեւէ, դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունիսի 6-ը:

No comments: