Արդեն 2-րդ տարին է «Հայ Կամավորականների Համախմբման» եւ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, պատերազմի տարիներին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, առաջին աստիճանի «Մարտական Խաչ» շքանշանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանը Շուշիի ազատագրման օրը` մայիսի 9-ը դիմավորում է անազատության մեջ: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից Սեֆիլյանը պատասխանել է «Ա1+»-ի հարցերին:- Դուք միշտ ասում էիք, որ Շուշին մեր բոլորիս հայելին է: Վերջին տարիներին այդ հայելու մեջ ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՞ ոչ:
- Երկար տարիներ Շուշիի զարգացումը անտեսելուց հետո, վերջապես, անտարբերության սառույցը շարժվեց: Ի ուրախություն բոլորիս, անցած 1-2 տարվա ընթացքում տարբեր մտահոգ հայ անհատների ու հասարակական կազմակերպությունների կողմից լուրջ քայլեր ձեռնարկելու դրական միտում եմ նկատում: Եվ եթե շարունակենք Շուշին համարել մեր ազգի հայելին, ապա զարմանալի զուգադիպությամբ կտեսնենք, որ նույնպիսի դրական միտում առկա է մեր երկրի ներքին առողջացման ոլորտում` հայ ժողովրդի ցուցաբերած վճռականությունն ու կամքը: Նկատի ունեմ վերջին ամիսներին ձեւավորված համաժողովրդական շարժումը:
- Շուշիի ազատագրման 16 տարին մի շարք ազատամարտիկներ, այդ թվում Դուք, դիմավորում ենք անազատության մեջ, ինչպե՞ս եք գնահատում այս իրողությունը:
- Գոյություն ունի իմաստուն մի միտք` մինչեւ վիճակը շատ չվատանա, հնարավոր չի լինելու ճիշտ ուղու կամ ընթացքի մեջ մտնել: Այս իմաստով առկա վիճակը ես համարում եմ օրինաչափ: Տեսեք, մինչեւ վերջին ամիսների ապօրինի կալանավորումները մեր ժողովրդի շարքերում քիչ չէին այն մարդիկ, որոնք տակավին չէին ընկալում այս ռեժիմի օտարածին լինելը: Այդ մարդկանց խոսքով համոզելը շատ դժվար էր: Սակայն այսօր, այս բոլորը տեսնելով, նրանք հասկացան ու համոզվեցին, թե ինչպիսի հրեշավոր մակարդակի վրա է գտնվում սերժաքոչարյանական կառավարման համակարգը: Ուստի շատ պետք չէ դժգոհել մեր այս վիճակից: Զրկանքը տալիս է նաեւ իր արդյունքը: Փաստը մեր ժողովրդի զարթոնքն է, երիտասարդության բարձր ակտիվությունը:
- Դուք բազմիցս եք ասել, որ եթե իշխանությունները ցանկություն ունենային, ապա կբնակեցնեին ազատագրված տարածքները, ինչպես նաեւ Շուշին: Զինադադարից հետո 14 տարի է անցել, ինչո՞ւ մինչ օրս ազատագրված տարածքները բնակեցված չեն:
-Այո, չեն բնակեցրել, որովհետեւ ոչ միայն ցանկություն չեն ունեցել այն կատարելու, այլեւ միշտ պատրաստ են եղել զիջել այդ տարածքները հակառակորդին: Եվ եթե մինչեւ 1999թ ազատագրված տարածքների վերաբերյալ ծրագրերին տրվում էր հատուկ, բայց ոչ բավարար, ուշադրություն եւ հատուկ արտոնություններ վերաբնակիչներին, որի հետեւանքով նրանց թիվը օր- օրի ավելանում էր, ապա հայտնի զույգի իշխանության օրոք կատարվեց ճիշտ հակառակը: Վերացնելով բոլոր արտոնությունները` նրանք այդ գործի պատասխանատու նշանակեցին մեկին, որին դժվար է նույնիսկ մարդ անվանել եւ կարճ ժամանակում վերաբնակիչների թիվը կիսով չափ կրճատվեց:
-Քանի որ նախընտրական շրջանում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն անընդհատ խոսում էին Արցախյան պատերազմին իրենց մասնակցության մասին, կխնդրեինք ներկայացնել յուրաքանչյուրի մասնակցությունը պատերազմին եւ մեր ձեռքբերումներին:
-Դեռեւս 2003թ. նախագահական ընտրությունների նախօրյակին առիթ եմ ունեցել իմ կարծիքը արտահայտելու Արցախյան պատերազմին Քոչարյանի մասնակցության մասին: Մասնավորապես ասել եմ, որ նա երբեք առնչություն չի ունեցել ռազմական գործողությունների հետ, առավել եւս չի ղեկավարել որեւէ գործողություն: Ամբողջ պատերազմի ընթացքում ռազմաճակատի որեւէ հատվածում ես նրան չեմ տեսել եւ չեմ տեսել մի մարդու, որ կատարեր նրա հրամանները: Այսինքն որպես «վոյին» ներկայանալու նրա ճիգերը լավատեղյակ մարդու մոտ կարող են միայն քմծիծաղ առաջացնել: Իսկ ինչ վերաբերում է Սերժիկ Սարգսյանին, ապա նրա առնչությունը հիմնականում եղել է թիկունքային գործունեությունը: Եվ, ի տարբերություն ռազմական այլ գործիչների, որոնք պատասխանատու պաշտոններ էին ստանձնել իրենց վաստակի շնորհիվ, ապա Սերժիկ Սարգսյանը զբաղեցրել էր բարձր պաշտոններ միայն Երեւանի ցանկությամբ ու կարգադրությամբ: Եվ այդ բոլորը կյանքի կոչելու համար Երեւանը դիմում էր հետեւյալ խորամանկ քայլերի` մինչեւ Արցախյան բանակի ձեւավորումը եւ դրանից հետո էլ ՀՀ-ից ինչպիսի նյութական միջոցներ, որ ուղարկվում էին դեպի Արցախ, ուղարկվում էին մի մարդու հասցեով: Այդ մարդը Սերժիկ Սարգսյանն էր: Նման քայլի նպատակը նրան, որպես ղեկավարի, հաստատելն էր ու նաեւ նրանից ուրիշների կախվածությունը ընդգծելը: Այսինքն դաշտային հրամանատարները, իրենց նոր ձեւավորված մարտական միավորների մատակարարումը ապահովելու համար, ստիպված էին Սերժիկին դիմել: Եվ եթե Երեւանը այս բանը արած չլիներ, ապա այդ մարդուն բանի տեղ դնող էլ չէր լինի: Ուստի այսօր եթե փորձում են այս մարդուն էլ որպես «վոյին» ներկայացնել, ապա դա ընդամենը սուտ է ու ոչ վաղ անցյալի կոպիտ աղավաղում:
- Այսօր հերոսների նկատմամբ իշխանությունների քաղաքականությունը ինչպե՞ս է ազդում հասարակության հոգեբանության վրա:
- Ազդում է շատ վատ եւ նա իրեն վիրավորված է զգում: Սակայն ինչպես վերեւում եմ ասել, սրանք օգնում են ընդհանուր գործին, զգաստացնելով մեր ժողովրդին, վերազարթնեցնելով նրա ազգային արժանապատվությունը: Այս կուտակվող էներգիան հնարավոր չէ, որ ինչ- որ մի պահի չաղաղակի կամ չպոռթկա, որի արդյունքում մաքրագործումը անխուսափելի է լինելու:
- Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը:
- Կարելի է ասել, որ մեր երկրում արդեն տարիներ շարունակ քաղաքական կյանք գոյություն չունի, քանի որ բռնատիրական ռեժիմը չի թողել, որ դա տեղի ունենա: Այդպիսի պայմաններում տեղի է ունենում մեկ այլ գործընթաց` ժողովրդի համբերության բաժակը կաթիլ առ կաթիլ լցվում է: Ի զարմանս շատերի, այս ռեժիմը վերջին ժամանակաշրջանում կատարում է այնպիսի քայլեր, որի հետեւանքով այդ բաժակի հորդումը դառնում է անխուսափելի: Ուստի իրավիճակը ես համարում եմ նախահեղափոխական եւ ռեժիմի համար պայթյունավտանգ:
- Ձեր կարծիքով մարտի 1-ի դեպքերը ինչպե՞ս կանդրադառնան երկրի հետագա զարգացումների եւ Հայաստանի հեղինակության վրա:
- Մարտի 1-ը երկրի ներքին զարգացումների վրա ունեցավ եւ դեռ կշարունակի ունենալ մեծ ազդեցություն: Այդ սպանդը կազմակերպողներին մեր ժողովուրդը երբեք չի հանդուրժելու եւ չի թողնելու անպատիժ: Այս դեպքը էլ ավելի խորացրեց իշխանությունների եւ հայ ժողովրդի միջեւ գոյացած վիհը: Այս ընթացքի տրամաբանական զարգացումը լինելու է ինքնահռչակ իշխանության պարտությունը եւ հեռացումը: Իսկ ինչ վերաբերում է մարտիմեկյան դեպքերի ազդեցությանը արտաքին աշխարհում ունեցած մեր հեղինակության վրա, ապա կարող ենք հաստատել, որ դա մեզ համար մեծ ամոթ էր: Վերջապես մենք, որպես հին քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ, պետք է այսօր աշխարհին օրինակ ծառայենք մեր բարեկրթությամբ, այլ ոչ թե բարբարոսությամբ:
- Մարտի 1-ից հետո իշխանությունները խուսափում են պատասխանել այն հարցին, թե ո՞վ է կրակելու հրաման տվել անզեն ժողովրդի վրա: Որպես պրոֆեսիոնալ զինվորական, ի՞նչ եք կարծում, առանց վերադասի հրամանի, զինվորները կարո՞ղ էին ինքնաբուխ կրակել:
- Ոչ, առանց վերադասի հրամանի չէր կարող գոյություն ունենալ ոչ մարտական զենք, ոչ մարտական փամփուշտ եւ առավել եւս որեւէ կրակոց անզեն ժողովրդի վրա: Դա անառարկելի փաստ է: Սակայն ինձ մտատանջում է մի հանգամանք, թե ովքեր էին այդ կրակողները: Առհասարակ բռնատիրական համակարգերում այդպիսի արարքներ կատարողները հիմնականում լինում են վարձկանները եւ բռնատերերի համար երբեք էլ դժվար չի եղել նման մարդկանց հավաքագրելը: Սակայն, եթե այդ կրակողները մարդիկ են, որոնք պաշտոնապես ծառայում են մեր ուժային կառույցներում, ապա այս դեպքում մեր վիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում ենք:
- Դուք դատարանում բազմիցս հայտարարեցիք, որ ձեր նկատմամբ հարուցված գործը քաղաքական որոշում է: 2008թ. ընտրական գործընթացներում Հայաստանում քաղբանտարկյալների թիվը աննախադեպ աճեց, թեեւ իշխանությունները նրանց քաղբանտարկյալներ չեն համարում: Համատարած ձերբակալությունները ինչո՞վ կարող են ավարտվել: Դուք Ձեզ շարունակո՞ւմ եք քաղբանտարկյալ համարել:
- Պատմության ընթացքում երբեք չի եղել մի ռեժիմ կամ իշխանություն, որն ընդունի իր երկրում գոյություն ունեցող քաղբանտարկյալների առկայությունը: Մեր ձերբակալումից անմիջապես հետո, հիշատակելով համապատասխան փաստեր, մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր նկատմամբ կատարվածը զուտ քաղաքական հալածանք է: Այդ օրերին, հիմնականում իշխանական շրջանակներից, գտնվեցին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք թերահավատորեն էին մոտենում մեր ասածներին եւ ավելացնում էին, թե իբր այդ բոլորի մասին իրենց կարծիքը կհայտնեն դատավճռից հետո: Սակայն, երբ ավարտվեց դատաքննություն կոչված բեմադրությունը, այդ մարդիկ, չգիտես ինչու, առ այսօր ծպտուն անգամ չեն հանում: Այո, իհարկե, մենք շարունակում ենք մեզ քաղբանտարկյալ համարել, եւ դա անառարկելի փաստ է: Մեր նկատմամբ տեղի ունեցածը դասականորեն ընդունված քաղաքական հալածանք է, որի պատվիրատուներն են Սարգսյանն ու Քոչարյանը: Այս մասին նույնիսկ հաստատումներ են արել նրանց մանկլավիկները: Ես նկատի ունեմ ԿԳԲ-ի քննիչներին, դատախազներին, դատավորներին Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչով կավարտվեն այս օրերի համատարած ապօրինի ձերբակալությունները, ապա ավելի ճիշտ կլինի նրանց անվանել ոչ թե ձերբակալվածներ, այլ ուղղակի պատանդներ: Այդ քայլերով ռեժիմը նպատակ ունի համաժողովրդական շարժման ղեկավարությանը պարտադրել ընդունել իրենց լեգիտիմությունը: Իմ կարծիքով այս ռեժիմը մերօրյա քաղբանտարկյալների խնդրին երբեք հիմնավոր լուծում չի տալու եւ չի լսելու միջազգային հորդորներին: Սերժիկ Սարգսյանը չի դադարեցնելու իր հալածանքները եւ երբեք չի գործելու օրենքի շրջանակներում: Այս բռնաճնշումները շարունակվելու են այնքան, մինչեւ որ քնից կարթնանանք ու կլսենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժիկ Սարգսյանը փախել են մեր երկրից:
-Տարիներ շարունակ Դուք բացահայտ հայտարարել եք, որ դեմ եք ազատագրված տարածքները հանձնելուն, իսկ ՀՀ նախագահի ընտրություններից առաջ եւ հետո բոլորին կոչ էիք անում համախմբվել Տեր-Պետրոսյանի շուրջ, որին ժամանակին նույնպես քննադատել եք: Ի՞նչն է պատճառը, որ այսօր Դուք աջակցում եք Տեր-Պետրոսյանին:
- Նախ ասեմ, որ 1998-ի սկզբին առկա չէր այնպիսի մի վիճակ, որ Արցախի հարցի կարգավորման պատճառով Լեւոնը հարկադրված լիներ հրաժարական տալ: Համոզված եմ, որ նա բոլորովին այլ պատճառներով հրաժարական ներկայացրեց, որի մասին այսօր հիշատակելը նպատակահարմար չեմ համարում: Եթե փորձենք համեմատել մինչեւ 1998թ եւ դրանից այս կողմ, թե ինչպիսի փաթեթներ են դրվել բանակցությունների սեղանին, ապա կնկատենք, որ նոր փաթեթը միշտ նախորդից վատն է եղել: Սակայն չգիտես ինչու, այսօրվա ռեժիմի ջատագովները դրանք պարտվողական չեն համարել: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն իրենց, խոհեմություն եւ համարձակություն ունեցավ բացահայտելու փակ-գաղտնի համարվող բանակցությունների միտքն ու էությունը: Իսկ սրանք, կերպարանափոխվելով ազգայնականի կեղծ դիմակի ներքո, ենթարկվեցին Մինսկի խմբի եզրակացություն-հանձնարարությանը, թե «նախագահները պատրաստ են խաղաղության, իսկ ժողովուրդները` ոչ»: Այդ մտքով Հայաստանի իշխանություններին հանձնարարվեց նախապատրաստել մեր ժողովրդին ընդունելու այդ դժվարին զիջումները: Իսկ ժողովրդին մշակելու պարտավորությունը ստանձնած հակահայ ռեժիմը, պաշտպանության նախարար Սերժիկ Սարգսյանի գլխավորությամբ, օգտագործելով քաղաքական ուժերի, զինվորականների, մտավորականների եւ այլոց կախվածությունը իրենցից, պարտադրեցին նրանց պաշտպանելու տարածքային զիջումների գիծը: Ի տարբերություն սրանց, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Արցախի հարցում, երբեք չի անցել քաղաքական բանավեճի սահմանը, իսկ այդ բանավեճում միշտ հղում է արել Արցախի իշխանություններին ու ժողովրդին, ասելով, որ վերջին խոսքը նրանցն է: Իսկ Քոչարյանի օրոք Արցախը ընդհանրապես դուրս եկավ գործընթացից եւ հարցերը որոշում էին 2 մարդ: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ազատագրված տարածքների վերաբնակիչներին տրվում էր հատուկ, բայց ոչ բավարար, ուշադրություն ու արտոնություններ, որի արդյունքում նրանց թիվը անընդհատ ավելանում էր, ապա սրանք կատարեցին ճիշտ հակառակը, վերացրեցին արտոնությունները, վարչակազմի ղեկավար նշանակեցին մի մարդու, որի` վերաբնակների նկատմամբ ունեցած ատելության պատճառով դրանց թիվը գրեթե կիսով չափ կրճատվեց:
Քաղաքականություն վերադառնալով, իհարկե, Տեր-Պետրոսյանը չի հրաժարվում իր նախկին արտահայտություններից, սակայն ավելացնում է, որ այս իշխանությունների վերջին 10 տարիների ապիկար գործունեության արդյունքում ստեղծվել է այնպիսի մի վիճակ, որ «այսուհետեւ ադրբեջանցիները ոչ մի զիջման չեն գնալու: Ես չգիտեմ ինչ է հնարավոր անել այս վիճակում »: Այսինքն Լեւոն Տեր-Պետրոսյանն ակնարկում է, որ չի շտապելու հարցը լուծել, ինչը նշանակում է նաեւ հարցի լուծման ձգձգում: Իսկ ահա Սերժիկը շատ ակտիվ է այս հարցում: Նա ասում է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, որ տարածքները չենք ազատագրել, այլ գրավել ենք, որ հետո առեւտուր անելով հանձնենք: Նա նույնիսկ Մոսկվայում հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Բրյուսելում, բարձր մակարդակի հանդիպման ժամանակ, տառապելով նախագահ դառնալու մարմանջով եւ առաջ ընկնելով ժամանակներից, նա հայտարարեց, որ ինքն այսօր իսկ պատրաստ է ստորագրել առկա նախնական փաստաթղթի տակ: Իհարկե, որեւէ մեկի համար վաղուց գաղտնիք չէ, որ այդ սկզբունքների առանցքը կազմում է ազատագրված տարածքների հանձնումը հակառակորդին: Ես կտրուկ դեմ եմ այն մտքին, որ Լեւոնը Արցախը հանձնող նախագահ է: Դա իրականությանը բոլորովին չի համապատասխանում: Այո, նրա հետ Արցախի խնդրում մենք ունենք լուրջ տարաձայնություններ, որից հիմնականը կայանում է նրանում, որ մենք ընդհանրապես հրաժարվում ենք բանակցությունների սեղանին տեսնել տարածքային զիջումների հետ կապված որեւէ փաստաթուղթ: Միաժամանակ համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանը եւ նրա համախոհները, որպես հայ մարդիկ, իրենց սրտի խորքում նույնպես դեմ են տարածքներ զիջելուն, սակայն, ի տարբերություն մեզ, լինելով օգտապաշտ (պրագմատիկ) գործիչներ, նրանք համոզված են, որ առանց զիջումների խնդիրը չի լուծվի: Հետեւաբար, եթե նրանց ներկայացվի հարցի լուծման այլ ելք, որը հնարավոր կդարձնի առանց զիջումների իրագործել Հայաստանը արտաքին շուկաների հետ կապող երկաթգծի եւ այլ հաղորդակցությունների գործարկումը, ապա մեր կարծիքով իրենք կհամաձայնվեն այդ տարբերակին: Իսկ կա արդյո՞ք հարցի լուծման այդպիսի տարբերակ: Այո, կա այդ տարբերակը: Այս հակահայ վարչախմբին ասպարեզից հեռացնելուց հետո, մենք այն կդնենք շրջանառության մեջ, որը համոզված եմ, որ միաժամանակ կարժանանա նաեւ մեր ժողովրդի հավանությանը:
Այսօր, ի դժբախտություն մեզ, մենք չենք կարող պետություն անվանել գործող կառավարող համակարգը: Ես համոզված եմ, որ իշխանության գալով, Լեւոնը իր առաջնային խնդիրը չի համարելու Արցախի հարցի լուծումը: Նա գալիս է վերականգնելու մեր պետականությունն ու սահմանադրական կարգը: Այսօր նրա վերադարձին կողմ լինելը չի նշանակում կողմ լինել տարածքները զիջելուն: Կրկնում եմ, որովհետեւ այս հարցը ներառնված չէ «ավգյան ախոռները մաքրելու» ծրագրում: Ուստի այն վայրահաչությունները, թե իբր նա գալիս է Արցախը հանձնելու, ամբողջությամբ զրպարտանք են եւ տգիտության արդյունք: Ամփոփելով ուզում եմ կրկին անգամ հիշեցնել, որ հայկական ոչ մի իշխանություն չի համարձակվի հակառակորդին հանձնել հազարավոր մարտիկների կյանքի եւ արյան գնով ազատագրված մեր հայրենի տարածքները: Բայց եթե մի օր նման վտանգ առաջանա, ապա մենք մեր ժողովրդին ոտքի կհանենք տարածքներ զիջող իշխանության դեմ:
- Ի՞նչ խորհուրդ կտաք ժողովրդի այն հատվածին, որը չի ընդունում 2008թ. նախագահի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի հրապարակած տվյալները:
- Նախ ողջունում եմ մեր ժողովրդի այն հատվածին, ովքեր իրենց մասնակցությունը բերեցին համաժողովրդական շարժման հանրահավաքներին: Այս ռեժիմի տապալման միակ ձեւը վճռականորեն խաղաղ հանրահավաքներն ու երթերը շարունակելն է: Իսկ ովքեր կարծում են, որ այսպիսի գործողություններով հնարավոր չէ հայտնի զույգին ծնկի բերել, ապա չարաչար սխալվում են: Մենք ` հայերս, մեր հույսը պետք է դնենք միայն ու միայն մեր վրա եւ պետք է ասեմ, որ միջազգային տարբեր կենտրոնների արձագանքները նույնպես կախված են մեր գործողություններից: Եթե մեր ժողովուրդը այս վճռականությամբ շարունակի պայքարել իր երկրին ու իրավունքներին տեր կանգնելու համար, որին, իհարկե, չեմ կասկածում, ապա մեր տարածաշրջանով շահագրգռված բոլոր օտար տերությունները ստիպված են լինելու ընդունել մեր ժողովրդի կամքը: Այս հաստատումը մեր ժողովուրդը պետք է ընդունի որպես ճշմարիտ խոսք: Ուստի այսօր յուրաքանչյուր հայ մարդ, որը մասնակից է բողոքի գործողություններին, պետք է շատ լավ գիտակցի, որ ամեն ինչ կախված է հենց իրենից: Պայքար, պայքար, մինչեւ վերջ:
- Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը: Ի՞նչ կասեք այս մասին:
- Այս հարցը չի կարելի դիտարկել մեր ռազմավարության ընդհանուր համատեքստից կտրված: Դեռ ամիսներ առաջ, «Ժառանգության» հարգելի առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանը նույնպես այս միտքը փորձեց անցկացնել ԱԺ-ում: Այն ժամանակ էլ ես նշեցի իմ կարծիքը այդ նախաձեռնության մասին: Եթե գործը սահմանափակվելու է միայն այս օրենքի ընդունումով, այսինքն, եթե Հայաստանը ճանաչելու է ԼՂՀ անկախությունը եւ դրանով հարցը փակված է համարելու, ապա ես դրան դեմ եմ: Կողմ կլինեի, եթե այս քայլը ունենար իր տրամաբանական շարունակությունը: Մասնավորապես դրանից հետո ԼՂՀ-ն, իր ներկայիս սահմաններով, պետք է միանար ՀՀ-ին, տարածքի մեծության պատճառով վերածվելով մի քանի մարզի: Բացի այդ, սրան զուգահեռ պետք է ուղղել 1988թ-ի սխալը եւ հանդես գալ Նախիջեւանը Հայաստանին միացնելու քաղաքական պահանջով: Եթե սա չէ առաջարկության տրամաբանությունը, ապա ես դեմ եմ դրան: Այլապես կստացվի, որ ԼՂՀ-ն անկախանում է ոչ թե Ադրբեջանից, որից վաղուց ազատ է, այլ Հայաստանից, ինչը մեծ վնաս կհասցնի մեր ազգային միասնությանը: Առանց այս առաջարկությունների էլ, վերջին տարիներին Ստեփանակերտի ղեկավարությունը շատ լուրջ է ընդունել անկախ պետություն լինելու «փաստը»: Սա, ի դեպ, հայաստանցի-ղարաբաղցի անբնական հակասության առաջացման արհեստական պատճառներից հիմնականն է: Հայերը, ապրելով իրենց հայրենիքում, չեն կարող եւ չպետք է համարվեն տարբեր պետությունների քաղաքացիներ` աստիճանաբար մոռանալով, որ Արցախը Հայաստանի մի մասն է: Ժամանակին ԼՂՀ-ն ստեղծողները մտածում էին, թե դրանով միջազգային քաղաքական դաշտում խուսանավելու հնարավորություն են ստեղծում: Իրականում այս անհեթեթությամբ մենք միայն մեզ ենք խաբում, իսկ միջազգային հանրություն կոչվածը հարցը շարունակում է համարել հակամարտություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ Արցախին որպես հակամարտության առանձին կողմ չի դիտարկում: Պետք է վերջ տալ ազգային միասնությանը շատ վնասող այս խեղկատակությանը, նոր հանրաքվե անցկացնելով` լուծարել ԼՂՀ-ն եւ ներկայիս սահմաններով միացնել ՀՀ-ին:
- Ազատություն ստանալուց հետո ո՞րն է լինելու ձեր առաջին քայլը
-Անելու ենք նույնը, ինչ անում էինք մինչեւ հալածվելը: Այն ժամանակ մեր նպատակը բաժանված էր մոտակա եւ հեռակա նպատակների: Մոտական էր. բացառել հանցագործ եւ ապազգային ռեժիմի վերարտադրությունը: Իսկ հեռական` ձեւավորել հայկական բարոյական մի շարժում, որից պետք է ծնվի ապագա բարոյական Հայաստանի կերտման գործում մեծ դերակատարություն ունեցող մի կազմակերպություն: Այսօր մեր ունեցած կարճաժամկետ խնդիրը ենթարկվել է որոշ փոփոխության` սրանց վերարտադրությունը մեր կողմից կանխելու գործունեությունը վերափոխվելու է այսօրվա ոճրագործ ռեժիմի հեռացման` արդեն համաժողովրդական դարձած գործունեության: Իսկ երկրորդ խնդիրը մնում է անփոփոխ: Ընդ որում մեր գործն այսօր դարձել է ավելի դյուրին: Մենք միշտ ձգտել ենք մեր ապագա շարժումը ձեւավորել երիտասարդության միջոցով, զգաստացնել նրանց, որ եկել է երկրին տեր կանգնելու ժամանակը: Եվ այսօր, ի ուրախություն մեզ, նորաստեղծ համաժողովրդական շարժման շնորհիվ դա արդեն իրականություն է դարձել, որը մեր նպատակին ու գործունեությանը հավելյալ հույս ու ոգեւորություն է ներշնչում: Անշուշտ, ինչ որ ասում եմ, դա իմ սեփական կարծիքն է եւ այն տակավին պետք է դառնա մեր համախոհների քննարկման լուրջ թեմա, որից եւ պետք է ծնվի հավաքական որոշումը: Ուստի, ազատության մեջ հայտնվելուց հետո իմ առաջին գործերից մեկը լինելու է կազմակերպել խորհրդակցական բաց հավաք, մեր բոլոր հին ու նոր համակիրների մասնակցությամբ: Այդ մասին մամուլով մենք տեղյակ կպահենք հանրությանը:
No comments:
Post a Comment