ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժումը իրապես ունի համախոհ եւ համակիր քաղաքացիների այնպիսի բազմություն, որ քաղաքագիտության մեջ ընդունված է համարել կրիտիկական զանգված: Ինչ խոսք, սա այնքան էլ հաջող տերմին չէ, մանավանդ մեր շարժման նկատմամաբ կիրառելու համար, բայց ցավոք ավելի լավ ձեւակերպում առայժմ գտնված չէ:
Այսուհանդերձ, ես կօգտագործեմ վճռորոշ մեծամասնություն ձեւը, հասկացության տակ նկատի ունենալով քաղաքացիների մեծամասնությունը, որ ի վիճակի է երկրում իր ձեռքը վերցնել իշխանությունը, ավելի ճիշտ որոշել իշխանության ճակատագիրը: Ահա, ուրմեն` Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը վճռորոշ մեծամասնություն ուներ դեռեւս նախագահական ընտրությունների քվեարկությունից առաջ, բայց փետրվարի 19-ին հաջորդած իրադարձություններից եւ հատկապես մարտի 1-ին իշխանությունների կողմից իրագործված ոճրագործությունից հետո համաժողովրդական շարժման համախոհ համակիրների թիվը մեծացավ առնվազն մեկուկես անգամ: Վճռորոշ մեծամասնություն լինելը, սակայն, անհրաժեշտ , բայց ոչ բավարար պայման է երկրում իշխանափոխություն իրականացնելու համար: Կարեւոր է նաեւ, որ այդ մեծամասնությունը կարողանա ինքն իրեն «ցուցադրել», ներկայացնել, ցուցադրել սեփական հաստատակամությունն ու վճռականությունը: Պատճառն այն է, որ հանցագործ իշխանությունը չունենալով որեւէ մեծամասնություն, դրա բացակայությունը կոմպենսացնում է բանակի եւ ոստիկանության գործադրմամբ: Ուժային կառույցները գործադրվում են այն նպատակով, որ վճռորոշ մեծամասնությունը դրսեւորվելու հնարավորություն չունենա: Սրան հակառակ վճռորոշ մեծամասնության հետեւողականությունը կոտրում է իշխանություններին ծառայելու բանակի եւ ոստիկանության կամքը, որովհետեւ, համաձայնեք հնարավոր չէ անվերջ ձերբակալել, դատել եւ Աստված մի արասցե, կոտորել: Նման իրավիճակներ ծագում են բռնատիրական երկրներում, որովհետեւ ժողովրդավարական երկրներում վճռորոշ քաղաքացիական մեծամասնությունը կարողանում է դրսեւորվել սովորական քվեարկության միջոցով իշխանություն ընտրելիս: 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները իշխանությունները կեղծեցին: Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքացիական շարժումը համոզված էր, որ ինքը Հայաստանում ունի քաղաքացիական վճռորոշ մեծամասնություն: Այդ մեծամասնությանը հնարավորություն չտրվեց ներկայանալ, իր գոյության մասին բարձրաձայնել քվեարկության միջոցով, նշանակում է այն պետք է այլ ձեւով ներկայանալու հնարավորություն փնտրեր:
Այդ ձեւը գտնվեց եւ դա Ազատության հրապարակում շուրջօրյա խաղաղ հանրահավաքի անցկացումն էր: Ընդ որում, դա չէր կարող տեւել մեկ-երկու օր, որովհետեւ այդ ընթացքում հնարավոր չէ քաղաքացիական վճռորոշ մեծամասնությունը ի մի բերել, եւ եթե անգամ հնարավոր լիներ` մեկօրյա հանրահավաքը կարող է դիտվել որպես բռնկում, իսկ նրա ավարտը` պարպում: Այսպիսով` 2008 թվականի փետրվարի 21-ից Երեւանի Ազատության հրապարակում սկսվեց ՀՀ քաղաքացիների վճռորոշ մեծամասնության մոբիլիզացիան: Սա, իհարկե, մեծ ռիսկ էր Տեր-Պետրոսյանի թիմի համար, որովհետեւ, ինչպես իշխանությունը ամեն ինչ արել էր, որ առաջին նախագահի շուրջ վճռորոշ մեծամասնություն չձեւավորվի, այնպես էլ ամեն ինչ անում էր, որ այդ մեծամասնությունը չդրսեւորվի, չինքնացուցադրվի Ազատության հրապարակում: Ավելին, Սերժ Սարգսյանը փորձեց ապացուցել, որ ՀՀ քաղաքացիների վճռորոշ մեծամասնությունը իր կողքին է կանգնած: Սրա համար Սերժ Սարգսյանը փետրվարի 26-ին հանրահավաք կազմակերպեց Հանրապետության Հրապարակում, որը, ինչպես հայտնի է խայտառակ պարտություն դարձավ գործող իշխանության համար: Տարբեր լծակների գործադրմամաբ Հանրապետության հրապարակ բերված մարդիկ տեղափոխվեցին Ազատության հրապարակ եւ այստեղ վանկարկեցին «Լեւոն նախագահ», «Սերժիկ հեռացիր»: Այդ օրը Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցեցին 450-500 հազար մարդ: Սա ավազակապետական իշխանությանը հասցված ուժգին հարված էր, բայց Քոչարյան-Սարգսյան զույգը չէր պատրաստվում հանձնվել: Սերժ Սարգսյանը սկսեց կոալիցիայի ձեւավորման գործընթաց, իր կողմը գրավեց Արթուր Բաղդասարյանին եւ Վահան Հովհաննիսյանին, փորձելով այս կերպ իր համար վճռորոշ մեծամասնության իմիտացիա ստեղծել: Համաժողովրդական շարժումը պատրաստ էր իրադարձությունների զարգացման նման ընթացքին, եւ Ազատության հրապարակից հայտարարվեց, որ կիրակի օրը` մարտի 2-ին, Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին կմասնակցի մեկ միլիոն ՀՀ քաղաքացի: Այս հանրահավաքը վերջնականապես պիտի լուծեր վճռորոշ մեծամասնության «ցուցադրման» հարցը, եւ ավազակապետական իշխանությունը միայն մեկ լուծում ուներ. ուժային լուծում: Չեմ անդրադառնում այդ օրը իշխանությունների իրականացրած գործողությունների ապօրինությանը, նախ որովհետեւ այդ մասին շատ է խոսվել, եւ հետո, դա դուրս է մեր նյութի ասելիքից: Փոխարենը հարկ եմ համարում անդրադառնալ այն խնդրին, որ իր հոդվածներից մեկում բացատրել էր Հրանտ Տեր-Աբրահամյանը: Վերջինս, իրավացիորեն նշում է, որ եթե մարտի 1-ին ժողովուրդը անցներ հակագրոհի եւ բանը հասներ ապստամբության, իշխանության հարցը շատ արագ կլուծվեր: Այսինքն ավազակապետական զույգը կզրկվեր իշխանությունից: Սա, իհարկե, միանշանակ ճիշտ է: Եւ ուրեմն, հարց կարող է ծագել, թե ինչու նման բան տեղի չունեցավ. գլխավորապես այն հիմնավոր պատճառով, որ այս դեպքում մենք կունենայինք ոչ թե տասը, այլ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր զոհեր: Նման բան թույլ տալ չէր կարելի: Եւ ընդհանրապես, այդ օրը խնդիրը ոչ թե հաղթելն էր ( ո՞ւմ պիտի հաղթեինք, եթե մեր դեմ կանգնած էին մեզ նման ՀՀ քաղաքացիներ) այլ չպարտվելը, այդ պատճառով խոսք կարող էր լինել միայն ինքնապաշտպանության մասին: Վերադառնալով բուն նյութի շարադրանքին, ընդգծեմ, որ իշխանության բոլոր ուժային գործողությունների նպատակը մեկն էր. Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորված վճռորոշ քաղաքացիական մեծամասնությանը զրկել ինքնադրսեւորման, ինքնահայտարարման հնարավորությունից, խաթարել նրա ամբողջականությունը: Այս նպատակն էին հետապնդում ոչ միայն մարտի 1-ի, այլ դրանց հաջորդած իրադարձությունները. արտակարգ դրություն, մամուլի գործունեության փաստացի կասեցում, զանգվածային ձերբակալություններ, ահաբեկումներ, օրենսդրական փոփոխություններ, ապատեղեկատվության տարածում: Այս գործողությունների աննախադեպ ծավալները պերճախոս կերպով ցույց էին տալիս, որ Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորվել է նույնքան աննախադեպ քաղաքացիական մեծամասնություն: Եւ իշխանության նպատակն էր այնպես անել, որ այդ մեծամասնության անդամ քաղաքացիները կամ հրաժարվեին այդպիսին լինելուց, կամ խուսփեն որպես այդպիսին դրսեւորվելուց, կամ զրկված լինեն որպես այդպիսին գործելու հնարավորությունից:
Բնականաբար` համաժողովրդական շարժման խնդիրները ուղիղ հակադարձ են այն խնդիրներին, որ իշխանությունը դրել է իր առաջ: Մեծ հաշվով մարտի 1-ից հետո Տեր-Պետրոսյանի թիմի անելիքները չեն փոխվել. ցույց տալ, որ առաջին նախագահի շուրջ ձեւավորված վճռորոշ քաղաքացիական մեծամասնությունը շարունակում է գոյություն ունենալ, այն կարող է «ինքնացուցադրվել», առաջվա նման վճռական է եւ հետեւողական: Արտակարգ դրությանը հաջորդած իրադարձությունները, որոնց գագաթնակետը դարձավ ապրիլի 24-ի երթը, ցույց տվեցին, որ սա միանգամայն իրագործելի խնդիր է, եւ իշխանությունների ռեպրեսիվ գործողությունները իրենց համար ցանկալի արդյունք չեն տվել: Կասկած չկա, որ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Զավենի Սարգսյանի եւ քաղաքական մյուս լիդերների կոչը բավարար կլինի, որպեսզի հարյուր հազարավոր քաղաքացիներ հենց թեկուզ վաղը ներկայանան Ազատության հրապարակ: Բայց կասկած չկա, որ ՀՀ նույնքան քաղաքացիներ, որոնք պատրաստ են արձագանքել այդ կոչին` ներկա լրատվական բլոկադայի պայմաններում չեն էլ իմանա այդ կոչի մասին: Բազմաթիվ մարդիկ, որոնք իրենց համարում են համաժողովրդական շարժման կողմնակից գուցե թե չկարողանան Ազատության հրապարակ ներկայանալու որոշում կայացնել զգուշավորության կամ անվստահության պատճառով: Բազմաթիվ մարդիկ գտնվում են «Հայլուրի» ստի դոզայի տակ եւ լրացուցիչ տեղեկության կարիք ունեն:
Կարճ ասաց` հարկավոր է բոլոր այս մարդկանց համար` Համաժողովրդական շարժմանը լիարժեք մասնակցելու հնարավորություն ստեղծել, մի գործ, որ մինչեւ մարտի 1-ը իրականացնում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբները, որոնք մինչեւ մարտի 1-ը եւ հատկապես մարտի 1-ից հետո դարձան կատաղի հարձակումների թիրախ: Չնայած` անկախ ամեն ինչից, նախընտրական շտաբները ժամանակի ընթացքում պետք է կորցնեին իրենց գործունեության սկզբնական իմաստը: Այսպիսով, ստեղծված իրավիճակում Համաժողովրդական շարժումը կազմակերպչական նոր խնդիրներ ունի լուծելու, խնդիրներ, որոնց անդրադարձել էի նախորդ հոդվածներից մեկում, որ վերաբերում էր հանրահավաքային խմբերի, բերանացի տեղեկատվության տարածման համակարգի, DVD-ների բազմացման, տարածման եւ այսօրինակ այլ հարցերի:
Ու չնայած կարծում եմ, որ այս գործերում վճռական դերակատարում պետք է ունենա երիտասարդությունը, Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը պետք է խթանի այս պրոցեսի հետագա ծավալմանը, պրոցես, որ բավական լավ է ընթանում: Սյսուհանդերձ էական անելիքներ կան թե Երեւանում եւ թե հատկապես մարզերում:
Ինչ վերաբերում է Համաժողովրդական շարժման` որպես ՀՀ քաղաքացիների վճռորոշ մեծամասնության ինքնադրսեւորմանը, այդ պրոցեսը պետք է պսակվի «մարտի 2-ի» այսինքն մեկ միլիոն քաղաքացու մասնակցությամբ հանրահավաքով: Ինչ խոսք, մինչ այդ կարող են տեղի ունենալ տարբեր հանրահավաքներ, ակցիաներ, միջոցառումներ: Բայց իշխանափոխությունը, ավազակապետության կազմաքանդումը, վերջնական հաղթանակը պետք է տեղի ունենա հենց այդ հանրահավաքի արդյունքում, որը տեղի կունենա «մեկ միլիոն քաղաքացի, 24 ժամ» բանաձեւով: Այսինքն` մեկ միլիոն քաղաքացի պետք է հավաքվի Ազատության հրապարակում եւ որպես ՀՀ քաղաքացիների վճռական մեծամասնություն պետք է հայտարարի, որ 24 ժամ է տալիս իշխանությանը` հեռանալու համար: Իսկ նման հանրահավաք կազմակերպելու համար հարկավոր է հստակ աշխատող մոբիլիզացիոն համակարգ ունենալ, համակարգ որի հետեւողական, ամբողջական ձեւավորումը պետք է լինի մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Պայքար, պայքար, մինչեւ վերջ:
2 comments:
very good blog, congratulations
regard from Catalonia Spain
thank you
Gracias !!! Are you Armenian ?
Post a Comment