Friday, May 30, 2008

«Իրավական հիմքեր չկան»

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Երբ պաշտոնյան սպառնում է լրագրողին՝ «ես ձեզ կոչնչացնեմ, ձեր թերթը կփակեմ» եւ այլն, դա սովորական «միջազգային պրակտիկա է», ոչ մի արտառոց բան դրանում չկա: «Ազգային սպեցիֆիկան» ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ պաշտոնյան ավելացնում է՝ «ես դրա համար ունեմ իրավական հիմքեր»: Իհարկե, ունի: Կոնկրետ թերթի վերաբերյալ կարելի է մոգոնել, որ, ասենք, X ձեռնարկությունը Y ձեռնարկության հետ պատրաստվում էր 1 միլիոն դոլարի պայմանագիր կնքել, իսկ ահա թերթի հրապարակման պատճառով գործարքը չկայացավ, եւ հիմա այդ 1 միլիոնը պետք է վճարի լրատվամիջոցը: Ձեռնարկությունները, ինչպես հայտնի է, իշխանավորների ձեռքին են եւ կեղծ պայմանագրեր կարող են կնքել տոննաներով: Բայց կարելի է այդքան բարդ սխեմաների վրա չտանջվել եւ անցանկալի լրագրողի գրպանը թմրանյութ գցել՝ «անկախ դատարանը» մեկից մեկ կհաստատի, որ նա զբաղվում է թմրաբիզնեսով: Եթե իշխանությանը դուր չեկող մարդիկ մեղադրվեն նույնիսկ Ջոն Քենեդիի սպանությունը կազմակերպելու մեջ՝ դա էլ է միանգամայն ընդունելի «իրավական հիմք». մեր դատավորներին իրավապահները ինչ թուղթ էլ դեմ տան, նրանք կկարդան դա որպես դատավճիռ:

Ինչը լիքն է մեր երկրում՝ «իրավական հիմքերն» են: Դուք կարծում եք՝ մի քանի տասնյակ մարդ բանտերում է պահվում առա՞նց այդ հիմքերի: Իհարկե՝ ոչ: Բա «Լեւոն, Լեւոն» գոռա՞լը: Սխալ բաներ են գոռացել եւ հիմա կրում են իրենց արժանի պատիժը: Չէ՞ որ «շեֆերի» ականջի համար տհաճ կարգախոսներ հնչեցնելը զանգվածային անկարգություն է եւ իշխանությունը յուրացնելու փորձ: Եվ իզուր է Մարդու իրավունքների պաշտպանը կասկածում՝ դատախազությունը եւ արդարադատության նախարարությունը մի ամբողջ բրոշյուր են գրել իրավական հիմքերից կազմված: Հենց դրանով են տարբերվում հաջող կադրերը անհաջողներից:

Ավելին, եթե, ասենք, որեւէ «06» վազանց է կատարում որեւէ «ջիպի», ապա վերջինիս վարորդն իր թիկնազորով բավարար իրավական հիմքեր ունի «06»-ի տիրոջը քացու տակ գցելու: Որովհետեւ պետության կայունությունը եւ բարգավաճումը դրված է «ջիպավորի» եւ նրա հաստավիզ «ախրանայի» մարզված ուսերին, իսկ նրանց ոտքերի տակ ընկնողը, հակառակը, իրավիճակն ապակայունացնող տարր է:

Ընդհանրապես, «բիլակներ» ունենալը անժխտելի իրավական հիմք է: Դա են ապացուցում Աշոտ Մանուչարյանի, Հովհաննես Գալաջյանի, Սուրեն Աբրահամյանի, Նարեկ Գալստյանի անպատիժ ծեծերը: Իսկ երեկ նույն հիմքերով գազանաբար ծեծվել է ընդդիմության մեկ այլ երիտասարդ ակտիվիստ՝ Արսեն Խառատյանը:
Արսենին ծեծողները հաստատ չեն հայտնաբերվի: Բավարար իրավական հիմքեր չկան

No comments: