Wednesday, May 7, 2008

Գտնվելու վայրը հայտնի չէ

Արցախի փողոցի 10-Բ շենքից ժամը 16:00-ի սահմաններում քաղաքացիական հագուստներով մի խումբ զիված ոստիկաններ առանց համապատասխան թույլտվության դուռը կոտրելով ներխուժել են Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհ, կալանավորված Սուրեն Սիրունյանի մորաքրոջ տուն եւ ձերբակալել նրա եղբորը՝ Արմեն Սիրունյանին ու մորաքրոջ որդուն՝ Նորայր Մուրադյանին ու ձեռնաշղթաներով տարել անհայտ ուղղությամբ:

Այս պահի դրությամբ դեռեւս հայտնի չէ նրանց գտնվելու վայրը: Ձերբակալվածների մորաքույրը «Ա1+»-ին հայտնեց, որ իրենք գնացել են ԱԱԾ, ոստիկանության 6-րդ վարչություն, Էրեբունու ոստիկանություն` իմանալու տղաների գտնվելու վայրը: Ըստ նրա, Էրեբունու ոստիկանապետը իրենց կոպտել է եւ դուրս հրավիրել:

Արմեն Սիրունյանն ու Նորայր Մուրադյանն այսօր տեսակցության էին գնացել կալանքի տակ գտնվող Սուրեն Սիրունյանին, որի խափանման միջոցը երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարաձգել էր:

Նա մեղադրվում է ՀՀ «Քրեական օրենսգրք»-ի 225 հոդվածի 2-րդ մասով՝ «Զանգվածային անկարգություններին մասնակցություն»:

Սիրունյանի մտերիմների ենթադրությամբ՝ տեսակցության գնացածներին տեսակցության վայրից հետապնդել են, իմացել նրանց գտնվելու վայրն ու եկել, տարել: Նրանց երկուսին ոստիկանության աշխատակիցները նախկինում եւս մի քանի անգամ փորձել են բերման ենթարկել, սակայն չի հաջողվել: Ենթադրվում է, որ Արմեն Սիրունյանն ու Նորայր Մուրադյանը հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար՝ իբրեւ ընդդիմության ակտիվիստներ:

Բերման ենթարկածների հարազատները տեղի ունեցածի մասին հայտնել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:

Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ Արմեն Սիրունյանն ու Նորայր Մուրադյանը գտնվում են ԱԱԾ մեկուսարանում:


A1+

No comments: