Friday, May 2, 2008

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ` Համաժողովրդական շարժման առաջիկա խնդիրները (4-րդ մաս)

Համաժողովրդական շարժման գործունեության ելակետը ետընտրական շրջանում հայաստանյան քաղաքական ուժերի նոր հարաբերակցության ձեւավորումն է: Անկախությունից ի վեր Հայաստանի քաղաքական դաշտը երբեք այնքան հստակ չի եղել, որքան հիմա: Մի կողմում ապօրինաբար իշխանությունը զավթած վարչախումբն ու նրան սատարող փոքրաթիվ կուսակցություններն են, մյուս կողմում՝ հասարակության մեծամասնության համակրանքն ու աջակցությունը վայելող Համաժողովրդական շարժումը: Ուրիշ ընդդիմություն, ըստ էության, գոյություն չունի, ինչը մեզ համար միա­ժամանակ թե՜ պատվաբեր է, թե՜ պարտավորեցնող:

Համաժողովրդական շարժումը, սակայն, ստեղծվել էր կոնկրետ խնդրի շուրջ, որպես նախընտրական դաշինք, որի գոյությունը, հետեւաբար, այսօր իներցիոն երեւույթ կամ անախրոնիզմ կարող է թվալ: Ուստի մենք, նախեւառաջ, կանգնած ենք Շարժմանը նոր բովանդակություն հաղորդելու մարտահրավերի առջեւ: Կարծում եմ, միանգամայն ակնհայտ է, որ այդ նոր բովանդակությունն այլ բան չի կարող լինել, քան հայաստանյան իրակա­նության հետ չհաշտվող հասարակության իղձերի եւ տրամադրությունների հունավորումը: Կարծում եմ, նույնքան ակնհայտ է նաեւ, որ այդ խնդրի լուծման համար երկրորդական չէ Շարժումն օժտել կազմակերպական նոր ձեւով եւ նոր անվանմամբ:

Քանի որ վերջին շրջանում շատերիս համար բավականին հոգեհարազատ է դարձել «կոնգրես» բառը, ինձ նպատակահարմար է թվում Համաժողովրդական շարժումը վերանվանել «Հայ ազգային կոնգրես» (հա­պավ­ված՝ ՀԱԿ), նկատի ունենալով ինչպես համաշխարհային պատմության մեջ նմանատիպ անվանումներով հայտնի ազգայինժողովրդավարական շարժումների փառապանծ ավանդույթները, այնպես էլ այդ շարժումներին բնորոշ գաղափարախոսական եւ սոցիալական բազմաշերտ ներկայա­ցուց­չա­կանությունը: Ինչ վերաբերում է «Հայ ազգային կոնգրեսի» կազմակեր­պական ձեւին, ապա, ինձ թվում է, առայժմ կարելի է պահպանել Համա­ժո­ղովրդական շարժման կառուցվածքն ու ձեւավորված մարմինները՝ Քաղա­քա­կան խորհուրդը եւ Գործադիր վարչությունը: Ըստ այդմ, «Կոնգրեսի» ստեղ­ծումը Շարժման անդամկուսակցությունների միաձուլում չի նշանակում. վեր­ջիններս շարունակելու են պահպանել իրենց ինքնուրույնությունն ու կա­ռուցվածքը, ինչպես նաեւ անկախ քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը:Մյուս կողմից, նման բազմազանությունը չի նշանակում նաեւ, որ խոսքը վերաբերելու է մի արհեստական, խայտաբղետ կազմակերպության, քանի որ մեզ բոլորիս միավորում է մի այնպիսի վեհագույն գաղափար, որպիսին ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտումն է: Չի բացառվում, անշուշտ, որ համատեղ գործունեության եւ գա­ղա­փարախոսական դիրքորոշումների մերձեցման արդյունքում «Կոնգրեսը» հետագայում վերածվի կուռ կառուցվածքով օժտված կենտրոնամետ կուսակ­ցության: Չի բացառվում նաեւ, որ այդ կուսակցությունն իր գործունեությունը հիմնականում ծավալի ստվերային կառավարության միջոցով, ինչի առավելությունները հայտնի են ողջ քաղաքակիրթ աշխարհին:

«Հայ ազգային կոնգրեսի» ստեղծման գաղափարը, բնականաբար, անակնկալ է ձեզանից շատերի համար, սակայն խնդրում եմ՝ այն ընդամենը որպես նախնական առաջարկ եւ հետագա քննարկումների առարկա համարել: Թերեւս արժե այդ հարցին առավել հանգամանորեն անդրադառնալ մեր հաջորդ հավաքում, որի գումարման մասին ձեզ ժամանակին տեղյակ կպահվի: Անկախ, սակայն, կազմակերպական ձեւափոխումից ու վերանվա­նումից, ակնհայտ է, որ Համաժողովրդական շարժումը, հասարակական լայն աջակցության շնորհիվ, մշտական եւ վճռորոշ դերակատարություն է ունե­նալու Հայաստանի ապագա բոլոր քաղաքական գործընթացներում, այդ թվում՝ միասնական թեկնածուներով կամ ընդհանուր ցուցակներով հանդես գալով բոլոր մակարդակների ընտրություններում:

Ինչ վերա­բերում է Շարժման ընթացիկ խնդիրներին, ապա դրանց անդրա­դառնա­լուց առաջ հարկ եմ համարում շեշտել հետեւյալը: Մենք մշտապես առաջ­նորդվել եւ այսուհետեւ եւս առաջնորդվելու ենք քաղաքական պայքարի ըն­դուն­ված կանոններով, գործել եւ այսուհետեւ եւս գործելու ենք բացառապես օրենքի շրջանակներում՝ ի տարբերություն իշխող վարչախմբի, որն այդ կա­նոն­ներին ու գործելակերպին սիստեմատիկաբար հակադրել եւ շարունակում է հակադրել ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը, ագրեսիվ հակաքարոզչությունը, վարչատնտեսական ճնշումները, զանգվա­ծային ձերբակալությունները եւ վերջապես, ֆիզիկական բռնությունը, որի բարձրակետը հանդիսացավ մարտի 1-ի արյունահեղությունը:

Չընդունելով հանդերձ այդպիսի բիրտ մեթոդներով իշխանությունը զավթած վարչախմբի լեգիտիմությունը, մենք, այնուամենայնիվ, հաշվի առնե­լով ռեալ քաղաքական գործոն լինելու նրա հանգամանքը, պատրաստ ենք երկխոսություն սկսել նրա հետ, սակայն այն դիտելով ոչ թե որպես կողմերից մեկին ծնկի բերելու միջոց, այլ որպես երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու եւ քաղաքական գործունեության նորմալ դաշտ ստեղծելու պատեհություն: Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի կառավարու­թյունը նախեւառաջ լիապես կատարի «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի» ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձեւի՝ որպես երկխոսության նախապայման ներկայացված պահանջները, որոնք են.

- մարտի 1-ի իրադարձությունների անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննությունը,

- քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով կալանավոր­ված անձանց անհապաղ ազատ արձակումը,

- «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մա­սին» ՀՀ օրենքում Ազգային Ժողովի կողմից վերջերս կատարված փոփոխու­թյունների եւ լրացումների անհապաղ ուժը կորցրած ճանաչումը՝ համապա­տասխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկների:

Բանաձեւը նաեւ ավելացնում է, որ «եթե վերոհիշյալ պայմանները չապա­հովվեն, եւ եթե Հայաստանում քաղաքական ուժերի միջեւ լրջորեն չծավալվի բաց երկխոսություն 8‑րդ կետում նշված բարեփոխումների վերա­բերյալ, ապա կասկածի տակ կհայտնվի Հայաստանի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամպետության վստահելիությունը: Ուստի Վեհաժողովը պետք է 2008 թ. հունիսյան նստաշրջանի բացման ժամանակ դիտարկի Վեհաժո­ղովում Հայաստանի պատվիրակության՝ քվեարկելու իրավունքները կասեց­նելու հնարավորությունը»:

Ինչպես տեսնում ենք, վերջապես խոսքից գործի անցնելով, «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը» սպառնում է Հայաստանի իշխա­նությունների նկատմամբ պատժամիջոց կիրառել, ինչը ողջունելի է: Սակայն ողջունելով հանդերձ վարչախմբի դեմ ուղղված քաղաքական պատժա­միջոցները, մենք խորապես անհանգստացած ենք Հայաստանի դեմ ծրագրվող տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ արված հայտարա­րություննե­րից, քանի որ դրանցից տուժելու է ոչ թե վարչախումբը, այլ առաջին հերթին՝ մեր ժողովուրդը: Ուստի օգտագործելով առիթը, Համաժողովրդական շարժ­ման անունից ես դիմում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավա­րությանը եւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի վարչությանը, խնդրե­լով զերծ մնալ Հայաստանին հատկացվող օգնությունները նվազեցնելու կամ դադարեցնելու մտադրությունից:

Դա կարեւոր ենք համարում, նկատի ունենալով, մանավանդ, քաղաքա­կանից բացի՝ նաեւ երկրում հասունացող սոցիալական լարվածությունը, որն արդյունք է սպառողական ապրանքների գների կտրուկ թանկացման եւ հարկային բեռը գլխավորապես մանր ու միջին բիզնեսի ուսերին բարդելու պրակտիկայի: Որպես հիրավի Համաժողովրդական շարժում մենք պարտա­վոր ենք ուղղորդել ոչ միայն հասարակության քաղաքական, այլ նաեւ սոցիա­լական դժգոհությունները, մի կողմից՝ դրանց արմատները վերացնելու, իսկ մյուս կողմից՝ սոցիալական բունտի վտանգը կանխելու նպատակով:

Շարունակելով սկզբունքային եւ վճռական պայքարն ընդդեմ հակաժո­ղովրդական վարչախմբի, միաժամանակ մենք պարտավոր ենք նաեւ անել ամեն ինչ՝ խուսափելու համար ներքաղաքական ցնցումներից եւ երկրի կայու­նությանն սպառնացող զարգացումներից, նկատի ունենալով, առաջին հերթին, այդպիսի իրավիճակից օգտվելուն միտված Ադրբեջանում արտա­հայտ­վող տրամադրությունները:Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միեւնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժո­ղովրդի միահամուռ դիմադրությանը: Իսկ այդ դիմադրության առաջին շար­քե­րում, վստահաբար, կհայտնվեն այսօր բանտերում գտնվող մեր ընկերները: Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ Համաժո­ղովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դա­դա­րեցնել իրենց քաղաքական գործողությունները եւ լծվել հայրենիքի պաշտ­պանության նվիրական գործին:

Այս ամենը չի նշանակում, սակայն, որ Համաժողովրդական շարժումը համաձայն է կամ հավանություն է տալիս Ղարաբաղի հարցում վերջին տասնամյակի ընթացքում վարչախմբի վարած խայտառակ քաղաքակա­նությանը, որի արդյունքն են ինչպես Հայաստանի լիակատար մեկուսացումն ու տնտեսական զարգացման հեռանկարի բացակայությունը, այնպես էլ ՄԱԿի Գլխավոր ասամբլեայի վերջերս ընդունված տխրահռչակ բանաձեւը: Ուստի մենք Հայաստանի իշխանություններից պահանջում ենք անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորել եւ, որքան հնարավոր է արագ, ձեռնարկել Ղարա­բաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ռեալ գործընթացի սկզբնավորմանը:

Ժամանակի սղության պատճառով ես անդրադարձա Համաժո­ղովրդական շարժման առջեւ կանգնած բազմաթիվ խնդիրներից միայն մի քանիսին՝ դրանք համարելով ամենակարեւորը: Ինչ վերաբերում է մյուսներին, ապա դրանք ձեզ կներկայացվեն մեր ընթացիկ գործունեության եւ հրապարակային միջոցառումների ընթացքում: Օրվա ամենահրատապ խնդիրն, անտարա­կույս, անխտիր բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումն է, առանց որի՝ երկխոսության կամ հասարակական համերաշխության վերա­կանգնման մասին խոսք անգամ չի կարող լինել: Իսկ որպես ընդհանուր ռազմավարություն, ակնհայտ եւ անկասկած է, որ մենք օգտագործելու ենք օրինական բոլոր միջոցները՝ հանցավոր վարչախմբից ազատվելու եւ երկրի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով: Մի բան պետք է պարզ լինի թե՜ Հայաստանի իշխանությունների, թե՜ միջ­ազգային հանրության համար, այն է՝ փետրվարյան վերջին տասնօրյակի ազատության վայելքը ճաշակած արժանապատիվ հասարակության հաղթա­կան երթն անկասելի է:

Շնորհակալություն ուշադրության համար:

No comments: