Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ապրիլի 17-ի 1609 բանաձեւը հստակ պարտավորություններ էր դնում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների վրա, մասնավորապես քաղաքական հետապնդումները դադարեցնելու, քաղաքական բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու, հավաքների եւ տեղեկատվության ազատությունը ապահովելու պահանջներով: Դրան հաջորդած շրջանում ինչպես այս, այնպես էլ մյուս պահանջների կատարման ոլորտում ոչ մի առաջընթաց չի գրանցվել, ընդհակառակը՝ առաջացել են ապօրինի բռնությունների ու քաղաքական հալածանքների նոր ալիքներ:Շարունակում են անազատության մեջ մնալ 100-ից ավելի քաղբանտարկյալներ: Հանրահավաքների ավանդական վայրը՝ Ազատության հրապարակը Արտակարգ դրության վերացումից առ այսօր մնում է ոստիկանության հսկողության տակ եւ արգելվում են ընդդիմության ցույցերը: Վարչախումբը մոբիլիզացրել է իր բոլոր ուժերը հասարակության մեջ հաղթահարված վախի մթնոլորտը կրկին վերականգնելու համար: Ամբողջ հանրապետությունով մեկ ամենաակտիվ ձեւով շարունակվում են բռնաճնշումները: Առանց համապատասխան ծանուցման կամ օրինական հիմքի, փաստորեն՝ առեւանգումով, ոստիկանական բաժիններ են բերվում սովորական քաղաքացիներ, նրանց զրկելով փաստաբանական ծառայությունից օգտվելու իրավունքից՝ ծեծի, սպառնալիքների, ահաբեկման, նվաստացումների միջոցով կեղծ ցուցմունքներ կորզում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց դեմ, ապա դրանց հիման վրա ձերբակալություններ կատարում: Նույնպիսի մեթոդներով ցուցմունքներ են կորզվում արդեն կալանավորված քաղբանտարկյալների դեմ՝ նպատակ ունենալով նրանց դեմ անպայման քրեական որեւէ գործ թխել: Ոստիկանական բաժիններ են կանչվում բոլոր նրանք, ովքեր օրենքով նախատեսված կարգով ժամանակին դրամական փոխանցումներ են կատարել նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հիմնադրամին ու նրանց հանդեպ ճնշումներ իրականացնում: Շատերից պարզապես ապօրինաբար բացատրություն են պահանջում, թե ինչու են ընտրել Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ ստորագրություն պահանջում որեւէ հանրահավաքի այլեւս չմասնակցելու համար:
Շարունակվում է ոտնահարվել հավաքներ անցկացնելու իրավունքը: Մարտի 13-ից առ այսօր մերժվել է հավաքներ անցկացնելու քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների ավելի քան 30 հայտ: Մեկ ամսից ավելի մերժվում էր դահլիճ տրամադրել Համաժողովրդական Շարժման հերթական կոնգրեսն անցկացնելու համար: Դահլիճը տրամադրվեց միայն այն բանից հետո, երբ Շարժումը նախաձեռնեց այն անցկացնել հարեւան Վրաստանում: Ընդդիմության համար շարունակում են փակ մնալ բոլոր հեռուստաալիքները, որոնք ամեն օր ապատեղեկատվություն ու կեղծիք են տարածում Շարժման նախաձեռնությունների մասին, խեղաթյուրում նրա առաջնորդների ելույթները: Նմանօրինակ կեղտոտ խեղաթյուրումների ենթարկվեց մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսում:
Համաժողովրդական, ժողովրդավարական Շարժումը, այնուամենայնիվ, շարունակում է իր պայքարը եւ շարունակելու է մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ:
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
No comments:
Post a Comment