Մինչ կոալիցիան հայտարարում է, թե պատրաստ են իրականացնել բարեփոխումներ, որոնք կնպաստեն Հայաստանում «կայուն ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը եւ օրենքի գերակայության ապահովմանը», ընդդիմությունը դա զգում է, ինչպես ասում են «իր մաշկի վրա»: «Որպես համերաշխության եւ հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման «անհրաժեշտ քայլ»՝ իշխանությունը շարունակում է ապօրինի հետապնդումները ընդդիմության ակտիվիստների նկատմամբ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ վարչության անդամ, մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր վաղ առավոտյան երեք անհայտ անձ այցելել են ՀԺԿ ակտիվիստ Կարեն Միսակյանի բնակարան, ապա համոզվելով, որ նա տանը չի, գնացել են նրա հայրական տուն: Ներկայանալով որպես Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչության անդամներ, նրանք Կարենի հորն ասել են, որ վաղը ժամը 10-ին Կարեն Միսակյանը ներկայանա 6-րդ վարչության քրեական հետախուզության բաժին:
«Ի՞նչ Եվրախորհրդի բանաձեւ, ի՞նչ երկխոսություն, ամբողջն իմիտացիա է, կեղծիք, իշխանությունը որոշել է ամբողջ ժողովրդին պատանդ դարձնել: Բայց սխալվում են՝ վախեցնելով, ճնշելով չեն օրինականացնելու իրենց իշխանությունը: Իրենք չեն գործում օրենքի դաշտում, իսկ անօրինական դաշտում գործում է անօրինական իշխանությունը»,- եզրակացրեց Ռուզան Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ ոչ մի ծանուցագիր կարենի հորը չեն ներկայացրել, ուղղակի հրավիրել են զրույցի:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի անգամ են Կարեն Միսակյանի հետեւից եկել եւ ոչ միայն 6-րդ վարչությունից:
A1+
No comments:
Post a Comment