Friday, May 2, 2008

«Ավելորդ ցերեմոնիաների ժամանակը չէ»

Երեկ փորձեցինք Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանից պարզել, թե ինչպես է պատրաստվում նշել մայիսի 1-ը` աշխատավորության տոնը: Պրն Հակոբյանն ասաց. «Մենք` մարքսիստներս, այցելում ենք Շահումյանին եւ Մյասնիկյանին, այս անգամ էլ կայցելենք եւ երկու րոպե կկանգնենք նրանց արձանների մոտ: Ավելորդ ցերեմոնիաների ժամանակ չէ, պետք է գործով ապացուցենք, որ նրանց իսկական հետնորդներն ենք: Այս տարվա մայիսի 1-ը ինքս անցկացնելու եմ նախապատրաստական աշխատանքների մեջ, քանի որ պատրաստվում եմ 15 րոպեանոց ելույթ ունենալ մայիսի 2-ին տեղի ունենալիք Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում, որի ժամանակ կդրվի ընդդիմության տակտիկայի եւ ստրատեգիայի հետագա հարցը, ինչը մեր գլխավոր խնդիրն է»: Ի՞նչ կմաղթեք հայերիս մայիսի 1-ի կապակցությամբ` հարցրինք Հակոբյանին: «Իմ ամենալավագույն մաղթանքը ես հղում եմ Ալեքսանդր Մակեդոնացու խոսքերով` չկա ավելի ստրկաբարո բան, քան պճնանքն ու զրկանքն են, չկա ավելի արքայավայել բան, քան աշխատանքն է: Ահա այն երկու բեւեռները, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք ու դրանք բերենք սոցիալական հավասարության դաշտ: Ամբողջ քաղաքական պայքարի իմաստն այսօր սա է», - խրոխտ հայտարարեց պրն Հակոբյանը:

Zhamanak.com

No comments: