Tuesday, May 6, 2008

Դատարանի շենքը շրջապատված էր ոստիկաններով

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀՇ վարչության անդամ Լեւիկ Խաչատրյանի դատավարությունը դեռ չսկսած դահլիճում ներկա գտնվողները սկսեցին պահանջել, որ նիստը տեղափոխեն մեկ այլ, ավելի մեծ դահլիճ: Ըստ նրանց՝ նախատեսված դահլիճը շատ փոքր է, եւ բոլոր ցանկացողները ներկա գտնվել չեն կարողանում: Դահլիճում կանգնած մարդիկ շատ էին, որոնց դատավոր Արայիկ Մելքումյանը դատավարությունը սկսելուն պես դուրս հրավիրեց դահլիճից:

Մարդկանց բողոքին ի պատասխան դատարանի աշխատակիցներից մեկը պատասխանեց, որ իրենց հնարավորությունն այսքան է եւ խնդրեց դատավարության համար ավելորդ խոչընդոտներ չստեղծել: «Առաջին անգամը չէ. ամեն անգամ նույն բանն եք ասում»,- ընդվզեցին հավաքվածները ու սկսեցին ոտքերով գետնին դոփելով բղավել «մեծ դահլիճ», «ազատություն», «ամոթ»: Երբ դատական դահլիճ մուտք գործեց մեղադրյալը՝ Լեւիկ Խաչատրյանը, դահլիճը մի մարդու պես սկսեց ծափահարել ու գոռալ. «Լեւիկ, Լեւիկ»: Վերջինս եւս մարդկանց խնդրեց հանդարտվել ու սկսել դատավորությունը: Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ «Քրեական օրենսգրքի» 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ոտնձգություն իշխանության ներկայացուցչի դեմ:

Ինչպես մյուս քաղաքական հայացքների համար ձերբակալվածների դատավարություններին, այնպես էլ Լեւիկ Խաչատրյանի գործի քննության ժամանակ մարդիկ ոտքի չկանգնեցին, երբ դատավորը մտավ դահլիճ: Այս ընթացքում դատարանի դահլիճից դուրս գտնվողները, որոնց արգելել էին մտնել ներս, սկսել էին բախել դահլիճի դուռը՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքն ընթացող դատավարությանը: Խաչատրյանը միջնորդություն ներկայացրեց, որ դատական նիստը հետաձգվի՝ դատապաշտպան Հրաչ Ալեզյանի բացակայության պատճառով: Լեւիկ Խաչատրյանի դատավարությունը հետաձգվեց մինչեւ մայիսի 20-ը ժամը 14:00-ն:

Խաչատրյանի դատական նիստից հետո մարդիկ տեղափոխվեցին մեկ այլ դահլիճ, որտեղ ընթանալու էր մեկ այլ ձերբակալվածի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհ Սուրեն Սիրունյանի դատավարությունը: Նիստը, սակայն, դռնփակ էր: Սիրունյանը մեղադրվում է 225 հոդվածի 1-ին մասով՝ իբրեւ հանրահավաքների, երթերի կազմակերպիչ, թեեւ հարազատների վստահեցմամբ՝ նա ընդամենը մասնակից է եղել: Դատարանն այսօր պետք է քններ նրա կալանքը երկու ամսով երկարաձգելու դատախազի միջնորդությունը:

Մինչ կսկսվեր դատավարությունը մարդիկ փակ դահլիճի մոտ կանգնած սկսեցին վանկարկել «ազատություն», «հերոսներ»: Իսկ ավելի ուշ նրանք սկսեցին դոփել եւ ուղղակի գոռալ: Հավաքվածները ցանկանում էին մտնել դահլիճ եւ ներկա գտնվել Սիրունյանի դատավարությանը, սակայն ոստիկաններն արգելում էին՝ պատճառաբանելով, որ դատական նիստը ընդհատվեց մարդկանց անկարգ պահվածքի պատճառով: Վերջապես հավաքվածներից մի ներկայացուցչի թույլատրեցին մտնել դահլիճ՝ համոզվելու համար, որ դատավարություն իսկապես ընդմիջվել է:

Իսկ մինչ կվերսկսվեր դատավարությունը` շատ կարճ ժամանակում դատարանի շենքը լցվեց ոստիկանության աշխատակիցներով ու կարմիր բերետավորներով, որոնց կանչել էր դատարանի ղեկավարությունը: Ոստիկանները փորձում էին համոզել մարդկանց դուրս գալ շենքից: Սակայն դա նրանց հաջողվեց, երբ դատարանի շենք եկավ ոստիկանության փոխգնդապետ Ռոբերտ Մելքոնյանը, որը, հարձակվելով մարդկանց վրա, սկսեց հրելով դուրս հանել: Հրմշտոցի ժամանակ մի կին ուշագնաց եղավ եւ նրա համար շտապօգնություն կանչեցին, որը բավականին ուշ տեղ հասավ: Անտարբեր նայելով վատառողջ կնոջը՝ Մելքոնյանը բարձրաձայն շեշտում էր, որ ոչ մի հրշմտոց ու ծեծ չի եղել: Ոստիկաններն, այնուհետեւ, շրջափակեցին դատարանի մուտքը՝ արգելելով մարդկանց մոտենալ շենքին: Այդպես նրանք կանգնած մնացին մինչեւ ավատվեց Սիրունյանի` 3 ժամից ավելի տեւած դատավարությունը: Դատավոր Մելքումյանը նրա եւ եւս մի ձերբակալվածի՝ Սամվել Աբովյանի նախնական կալանքը երկարաձգեց երկու ամսով:

Ի դեպ, ՀՀ նախկին արտ.գործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կալանքը եւս երկարաձգվել է երկու ամսով:


A1+

No comments: