Կառավարության նիստերի դահլիճն այսօր լեփ-լեցուն էր. լեցուն էր ոչ միայն դահլիճն, այլեւ շենքի միջանցքները, որտեղ տեղադրված մոնիտորների միջոցով կառավարության շենք սողոսկած «երջանիկները», որոնք դահլիճ մտնելու հնարավորություն չէին ունեցել, հաղորդակից էին լինում դահլիճում կատարվող իրադարձությանը: Իսկ իրադարձությունն այն էր, որ առաջին անգամ ընդդիմության առաջնորդներն եւ համաժողովրդական շարժման ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն մարտի 1-ից հետո առաջին անգամ հնարավորություն էին ստացել շփվել իրենց համակիրների հետ:
Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսի մասնակիցները հոտնկայս ու անդադար ծափերով դիմավորեցին Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով հատուկ մոտեցավ կոնգրեսի երիտասարդ պատվիրակներին, ողջունեց նրանց, ապա քաղբանտարկյալների կանանց, ու հանկարծ նկատեց բեմի առջեւ սայլակի մեջ նստած վանատուրցի ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին, որն ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի մի քանի անգամ երկարատեւ հացադուլ է արել: Նրա հետ եւս ողջագուրվեց:
«Լեւոն- նախագահ» վանկարկումների ներքո առաջին նախագահը զբաղեցրեց իր տեղը ՀԺԿ եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահների մեջտեղում: Առաջին ելույթը ՀԺԿ առաջնորդինն էր: Նա նկատեց, որ Հայաստանում հետընտրական ժամանակաշրջանում տեղի ունեցած զանգվածային միջոցառումները արդյունք էին իշխանությունների իրականացրած զանգվածային իրավախախտումների, 10 տարվա վարվող քաղաքականության, որի արդյունքում հասարակության զգալի մասը մատնված է թշվառության: Մարտի 1-ի դեպքերը Ստեփան Դեմիրճյանը որակեց որպես հանցագործություն ուղղված ժողովրդի դեմ, նա պահանջեց իրականացնել անկախ հետաքննություն եւ պարզել, թե ով է հրահանգ տվել օգտագործել հրազեն խաղաղ ցուցարարների դեմ: ՀԺԿ նախագահը նաեւ հայտարարեց, որ ԵԽԽՎ վերջին բանաձեւի առաջարկները համահունչ են իրենց պահանջներին: Բայց նաեւ նկատեց, որ առանց հասարակության հետեւողականության իշխանությունը չի կատարի Եվրախորհրդի առաջարկները, ինչպես չի կատարել նախորդ բանաձեւերը` չի բացել «Ա1+»-ը, չի պատժել ընտրակեղծարարներին եւ այլն:
«Առկա ճգնաժամը պետք է հաղթահարվի ազատ եւ արդար համապետական ընտրությունների անցկացմամբ»,- ասաց Դեմիրճյանը եւ ավելացրեց, որ այսօրվա հավաքի բազմամարդությունը վկայում է, որ. «Մենք հասնելու ենք երկրում անհրաժեշտ փոփոխություններին»:
ՀՀՇ ձերբակալված առաջնորդի փոխարեն կոնգրեսում ելույթ ունեցավ վարչության անդամ Աշոտ Սարգսյանը. նա այսօրվա շարժումը համեմատեց 1988-ի ազատագրական պայքարի հետ, դեռ մի բան էլ որակյալ առումով ավելի լավը որակելով այսօրվա շարժումը: Այն երկու փուլի բաժանեց 2007 թվականի ապրիլի 21-ից մինչեւ փետրվարի 19-ը, որի ընթացքում հստակեցվեցին իրապես ժողովրդի ճակատագրով մտահոգված ուժերն ու հանցավոր վարչախմբին սատարողները, իսկ երկրորդ փուլն այն 9 օրերի շարժումն էր, որի ընթացքում Ազատության հրապարակում հավաքվում էր 1.5 անգամ ավել մարդ, քան ԿԸՀ-ի արդյունքներով ստացել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը մարտի 1-ը անվանեց արյունոտ շաբաթ եւ այն համարեց որպես երրորդ հանրապետության վախճան ու նոր չորրորդ հանրապետության քաղաքական երկունք: Նա որպես ստեղծված ճգնաժամի լուծում առաջարկեց «հանցագործ, ինֆանտիլ խորհրդարանի լուծարում եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»: «Գլխավոր ճակատամարտը պետք է լինի պառլամենտի, Բաստիլի գրավումը ընդդիմության կողմից»,-ասաց նա: Ի դեպ, կառավարության նիստերի դահլիճի նախասրահում ցուցադրված էին համաժողովրդական շարժման պատմությունը պատկերող լուսանկարներ, ինչպես նաեւ բոլոր քաղբանտարկյալների լուսանկարները:
A1+
No comments:
Post a Comment