Friday, May 2, 2008

«Բանտախցերը համեմատելի են միայն թուրքական զնդանների հետ»

«Ա-զատ, ան-կախ Հա-յաս-տա՛ն», «Լեւոն Նախագահ» կարգախոսից բացի այսօր կառավարության նիստերի դահլիճում պարբերաբար հնչում էր այս կարգախոսը:

Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի 2-րդ կոնգրեսում ելույթ ունեցան գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչները: Խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժի «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանի ելույթից առաջ կոնգրեսը վարող Լեւոն Զուրաբյանը շնորհակալություն հայտնեց «Ժառանգությանը»` հնարավոր ամեն ջանք գործադրելու համար:

Վարդան Խաչատրյանը հայտարարեց, որ շնորհակալություն հայտնելու կարիք չկա, իրենք ժողովրդական կուսակցություն են, եւ այլ տեղ, քան ժողովրդի կողքին լինել չէին կարող: Մարտի 1-ի դեպքերը նա որակեց իբրեւ իշխանությունների թուլության դրսեւորում եւ ավելացրեց, որ ազատության ծառը միշտ ցողվում է բռնապետերի եւ հայրենասերների արյամբ: Վարդան Խաչատրյանը դատապարտեց բոլոր այն ուժերին, որոնք մինչեւ մարտի 1-ի դեպքերի լիարժեք բացահայտումը սատարեցին իշխանություններին, դրանով նրանք հանցակցություն ստանձնեցին: Վարդան Խաչատրյանը հանդիպել է մեկուսարաններում գտնվող քաղաքական գործիչների հետ եւ բավականին տպավորիչ էր նրա համեմատությունը:

«Խցերը, որտեղ մեր ընկերներն են, իրենց դաժանությամբ կարող էին մրցել միայն թուրքական սուլթանական զնդանների հետ, բայց այնտեղ, տղաների դեմքին ես տեսա հավատամքի ու պայքարի կնիք, կամք կար, իսկ եթե կա կամք, ուրեմն կա նաեւ ճանապարհ»,- ասաց Վարդան Խաչատրյանը եւ ավելացրեց, որ այդ կամքն ու պայքարի շարունակականությունը ինքը տեսավ քաղբանտարկյալների կանանց մոտ, «հարգելի Արշավիրի սայլակի մեջ», երիտասարդական շարժման մեջ:


ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ԱՆՁԻ ՇՈՒՐՋ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ

ՆԺԿ փոխնախագահ Հրաչյա Սարգսյանը կոնգրեսը ողջունեց Արամ Կարապետյանի անունից, ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանն ընթերցեց քաղբանտարկյալների ուղերձը: Մանուշակ Պետրոսյանը կարդաց մի նամակ, որ ուղարկվել էր կոնգրեսին` խնդրանքով դիմել ԼՂՀ իշխանություններին եւ հարցնել, թե մինչեւ ե՞րբ են շնորհակալություն հայտնելու փոխարեն ղարաբաղյան հատուկ ջոկատները ծեծելու այն ժողովրդին, որի կրած զրկանքների եւ պայքարի արդյունքում այսօր Ղարաբաղը անկախ է: Այս նամակը մեկնաբանեց ծագումով ղարաբաղցի Մանուշակ Պետրոսյանը եւ նամակագրին հորդորեց չսպասել շնորհակալության, որովհետեւ ոչ ոք չի զղջում Ղարաբաղում մղած իր պայքարի համար, բայց եւ նկատեց, որ հայաստանցու եւ ղարաբաղցու միջեւ մտած սեպի համար պատասխանատու են հավասարապես եւ Հայաստանի, եւ ԼՂՀ իշխանությունները: Այսօր ելույթ ունեցավ նաեւ կինովավերագրող Տիգրան Խզմալյանը, որը խոստովանեց, որ չի քվեարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, բայց դատապարտեց այն բռնատիրությունը, որում այսօր ապրում է Հայաստանը. «Մեր երկիրը սումգայիթացրին: Մարտի 1-ին ծնվեց այն երիտասարդ Հայաստանը, որը չի վախենում ու չի հանդուրժելու բռնապետությունը»,- ասաց Տիգրան Խզմալյանը եւ որպես ճգնաժամի լուծում առաջարկեց ցրել «մկների ազգային ժողովը», ընտրել նոր խորհրդարան եւ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կբացահայտի ոչ միայն մարտի 1-ի, այլեւ հոկտեմբերի 27-ի, քաղաքական մյուս սպանությունների իրական պատկերը: Նրա ելույթից հետո Լեւոն Զուրաբյանն արձանագրեց, որ Խզմալյանի ելույթը այս բեմից նշանակում է, որ այս շարժումը ավելին է, քան անձի շուրջ ձեւավերված պայքարը, սա պայքար է բռնապետական ռեժիմի դեմ:


ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՓՈԽԵԼ ԲԱՌԻՑ

Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանն էլ ընդգծեց, որ անցած տարվա սեպտեմբերին սկիզբ առած համաժողովրդական շարժումը չի դադարել:

«Այն դադար չառավ ոչ փետրվարի 19-ից հետո, երբ Քոչարյանի իշխանությունն ակնհայտ կեղծիքներով վերարտադրվեց, ոչ մարտի 1-ին, երբ վերարտադրված իշխանությունը կրակեց ժողովրդի վրա, ոչ էլ ապրիլի 9-ին, երբ ինքնահռչակ նախագահ Սերժ Սարգսյանն իր եւ ժողովրդի միջեւ անթափանց պատ դնելով` երդվեց լինել Սահմանադրության, ինքնիշխանության, մարդու իրավունքների ու չգիտես էլ ինչերի երաշխավորը»,-ասաց նա:

Ըստ նրա` իրականում այդ պատը դրել էր ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ` ժողովուրդը . «Իրականում այդ պատը մի կողմից անհասկացողության պատ էր, ինչպես ասում էր Սերժ Սարգսյանը, մյուս կողմից` մերժման: Բացատրությունը մեկն է` Սերժ Սարգսյանն ու նրա մերձավորները չեն հասկանում, որ ժողովուրդը իրենց մերժել է»:

Տիգրան Պասկեւիչյանը տվեց այն հարցի պատասխանը, թե ինչու չի կայանում երկխոսությունը. «Երկխոսությունը, որի մասին այսքան խոսվում է եւ որն, իմ կարծիքով, չի կայանալու, չի կայանալու հենց այն պատճառով, որ շարժման դիմաց կանգնած է ոչ թե մի ուրիշ արժեհամակարգ, այլ պարզապես բիրտ ուժ»:

Պասկեւիչյանը նաեւ բավականին դիտարժան նկատառում արեց. «Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս մի ցնցող հայտնագործություն էր արել` բառարաններում պեղելով «բարեշրջում» բառը եւ հիմա ասում է, թե պետք է ոչ թե բարեփոխում անել, այլ բարեշրջում: Բարեշրջումը, հարգելի ներկաներ, բարով-խերով դեպի քոչարյանական անցյալը շրջվելն է, իսկ բարեփոխում բառի մեջ նրանց վախեցնելու աստիճան անհանգստացնում է «փոխելը», մի բան, որ մենք ձեզ հետ ձգտում էինք եւ ձգտում ենք անել»:

«Ի՞նչ եք կարծում, վախը հաղթահարած, ազատության համն առած, հաղթանակին ընդհուպ մոտեցած մարդը, մարդիկ, մարդկանց բազմությունը կարո՞ղ է եւս հինգ կամ տասը տարի հանդուրժել այն ամենն, ինչը հանդուրժել է անցած տասնամյակում»,- հարցրեց Պասկեւիչյանը: Ո՛չ»,- միաբերան արձագանքեց դահլիճը:

Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, խոսեց մեկուսարաններում գտնվող քաղաքական գործիչների եւ քաղաքացիների կանանց անունից` դահլիճին դիմելով` «սիրելի հայրենակիցներ» բառերով: Նա վստահեցրեց, որ այսօր իրենք ոչ թե մեղք են, որ մենակ են, այլեւ հպարտ, որովհետեւ իրենց ամուսինները հերոս են:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ, երկխոսության կոչերի թեման շարունակելով, նկատեց, որ այսօր առկա է երկու Հայաստան` մեկը ժողովրդինն է, մյուսը իշխանությանը, մի Հայաստանում կան ծառայողներ եւ հպատակներ, մյուս Հայաստանում` ազատ քաղաքացիներ: Սարգսյանի համեմատական ելույթում ակնհայտ էր, որ շահած է դուրս գալիս ժողովրդի հայրենիք Հայաստանը:

Նիկոլ Փաշինյանի փոխարեն էլ «Այլընտրանք» շարժման անունից խոսեց Նորիկ Նորիկյանը. վերլուծելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի` ԼՂՀ-ին վերաբերող հայտարարությունը եւ ԵԽԽՎ բանաձեւը` նա հայտարարեց, որ այս իշխանությունների օրոք Հայաստանը սարսափելի պարտություններ է կրել, եւ կոչ արեց ինչպես 1988թ-ին` հաղթահարել, անցնել ռուբիկոնը, որպեսզի սերունդները գոնե ապրեն ազատ եւ անկախ Հայաստանում:


A1+

No comments: