Saturday, May 10, 2008

Նոր անժամկետ հացադուլ...

Շիրակի մարզի Ձորակապ գյուղի բնակիչ Ռոման Փիլոյանը միացավ անժամկետ հացադուլին, իսկ Մարալիկում եւ Գյումրիում մոտ 20 հոգի պատրաստվում են անժամկետ հացադուլի

Մայիսի 10-ին, ժամը 15-ին Շիրակի մարզի Ձորակապ գյուղում անժամկետ հացադուլ հայտարարեց նաեւ Ռոման Փիլոյանը: Նա, ինչպեսեւ ենթադրվում էր, միացավ Ձորակապ գյուղի բնակիչ Սեւակ Սաղաթելյանի` նախորդ օրը սկսած քաղաքական ծայրահեղ ակցիային, որի պահանջը մեկն է` Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների, ինչպես նաեւ մյուս բոլոր քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը:

Գյումրի քաղաքից թվով 15 ազատամարտիկներ արդեն հայտարարել են, որ երկուշաբթի օրվանից` մայիսի 12-ի առավոտյան ժամը 9-ից անժամկետ հացադուլ են հայտարարելու` պահանջելով Աշոտ Զաքարյանի եւ մյուս քաղաքական բանտարկյալների ազատությունը: Նրանք եւ իրենց եւս 7 զինակիցները մայիսի 7-8-ը արդեն 24 ժամյա հացադուլ հայտարարել էին, ինչին իշխանությունները որեւէ կերպ չէին արձագանքել: Երկուշաբթի օրը ժամը 11-ից Հայաստանի Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում շարունակվելու է Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի գործերով դատաքննությունը:

Արդեն տեղեկություններ կան այն մասին, որ կիրակի օրը` մայիսի 11-ին մի խումբ մարալիկցիներ նույնպես անժամկետ հացադուլ են հայտարարելու` պահանջելով քաղբանտարկյալների ազատությունը:

Վերոհիշյալ բոլոր արդեն տեղի ունեցած ակցիաները հնարավոր մանրամասներով լուսաբանվում են Գյումրու ԳԱԼԱ եւ Ցայգ հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներում:

Մայիսի 10-ին ժամը 17-ին Շիրակի մարզի ազատամարտիկները տարածել են հայտարարություն, որում ասվում է.

«2008 թվականին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրություններից հետո շինծու եւ անհիմն մեղադրանքներով, իրենց քաղաքական հայացքների համար, բանտերում են հայտնվել Արցախյան ազատամարտի բազմաթիվ հերոսներ: Տեղի ունեցող դատավարությունները ոչ մի կապ չունեն արդարադատության հետ, քանի որ մարդկանց կալանավորում են կամ դատապարտում ազատազրկման ինչ-որ կասկածելի հանգամանքներով, վստահություն չներշնչող վկաների շինծու ցուցմունքներով, ըստ վերեւներից իջեցրած քաղաքական պատվերի:

Չհամակերպվելով Հայաստանում տեղի ունեցող անարդարությունների, մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի հետ, մենք` Շիրակի մարզի առայժմ թիվ 15 (տասնհինգ ազատամարտիկներս, 2008 թվականի մայիսի 12-ից հայտարարում ենք անժամկետ հացադուլ` ի պաշտպանություն մեր ազատազրկված հրամանատար-գնդապետ Աշոտ Ռուբենի Զաքարյանի եւ մյուս քաղբանտարկյալ հերոս ազատամարտիկների:

Խոհեմության եւ սթափության կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, քանի որազատամարտիկների նկատմամբ տարվող աննահանջ հալածանքի հետեւանքների ողջպատասխանատվությունը ընկնում է իրենց վրա

Շիրակի մարզի ազատամարտիկները մայիսի 12-ի անժամկետ հացադուլի մասին պատրաստվում են դիմումներ հղել Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպանների եւ միջազգային առաքելությունների ղեկավարների:


A1+

No comments: