Saturday, May 10, 2008

Բռնապետության հիմքերը խարխլող համերգ

Մայիսի 9-ի` Հաղթանակի տոնի առթիվ Հյուսիսային պողոտայում «Հիմա» երիտասարդական շարժումը համերգ էր կազմակերպել: Պողոտայի մարդաշատությունը խիստ մտահոգեց ոստիկաններին եւ Ոստիկանության անունից Ռոբերտ Մելքոնյանը, հասարակությանը հայտնի Բազազ մականունով, մոտեցավ Լեւոն Զուրաբյանին եւ պահանջեց ցրել Հյուսիսային պողոտայում հավաքվածներին:

«Պարոն Մելքոնյանը որեւէ կերպ չբացատրեց, թե ինչո՞ւ է ինձ նման պահանջ ներկայացնում, իսկ վերջում սպառնաց, որ կբերեն սպեցնազը եւ բոլորին կջարդեն ու կքշեն»,- Ա1+ին իր եւ Ռոբերտ Մելքոնյանի զրույցը մանրամասնեց Լեւոն Զուրաբյանը: Մելքոնյանի սպառնալուց հետո Հյուսիսային պողոտայի մերձակա հատվածում ոստիկանների թիվը ավելացավ, սակայն համերգին միջամտելու փորձ չարվեց: «Երեւի հասկացան, որ հիմարություն կլինի իրենց կողմից խոչընդոտել տոնական համերգը եւ հեռացան»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:





Ինչ վերաբերում է «Հիմա»-ի համերգին, ապա կազմակերպիչները Ա1+ին ասացին. «Մենք հաղթանակի օրը տոնում ենք այնպես, ինչպես նպատակահարմար ենք գտնում: Հավաքվել ենք Հյուսիսային պողոտայում, որովհետեւ այստեղ է մեր երկրի ամենաազատատենչ հատվածը»: Ի դեպ, համերգին մասնակցելու ցանկություն ունեցողներին բաժանվել էր հրավիրատոմս` հետեւյալ բովանդակությամբ. «Բերդի պուտյովկա»: Չկասկածելով Ձեր քաջասրտությանը` սիրով հրավիրում ենք բռնապետությունը խարխլող համերգի, որը տեղի կունենա 19.00-այսօրին` Ազատության Հյուսիսային պողոտայում»:

Բռնապետության հիմքերը խարխլող համերգի ընթացքում առաջին անգամ այսօր հնչեց ՆիկոլՓաշինյանի «Ձոն գարնանամուտի» բանաստեղծության համանուն բառերով գրված երգը: Համերգի ընթացքում հնչեցին նաեւ ընդդիմության հանրահավաքները ուղեկցող երգերից: «Հիմա»-ի համերգի ձայնը խլացնելու համար Հյուսիսային պողոտայի վրա գտնվող Շանզե լինզե սրճարան-դիսկոտեկի երաժշտությունը ոստիակնության պատվերով որքան հնարավոր է բարձրացրել էին եւ դռները բացել: «Մենք մոտեցանք Շանզե լինզեի տղաներին եւ խնդրեցինք մի փոքր ցածրացնել իրենց երաժշտության ձայնը` բացատրելով, որ խանգարում են մեր կենդանի համերգին: Նրանք մեզ պատասխանեցին` դա մեզ չի հետաքրքրում եւ ոնց պետք ա, նենց էլ անում ենք: Սա մեր իշխանությունների հերթական էժանագին քաղաքականությունն է»:

Թեեւ եղանակն անձրեւային էր, սակայն «Հիմա»-ի համերգն ավարտվեց առանց ընդմիջման, որից հետո հավաքվածները սկսեցին զբոսնել: Զբոսանքի ընթացքում հավաքվածների զրույցի թիվ մեկը թեման` Տեր-Պետրոսյանի այսօրվա այցն էր Հաղթանակի զբոսայգի: «Մինչեւ Տեր-Պետրոսյանի այցելելը, պարզվում է, որ մի քանի րոպե առաջ Հաղթանակի զբոսայգի են ժամանել Տիգրան Թորոսյանն ու Տիգրան Սարգսյանը` մի քանի պատգամավորների ուղեկցությամբ: Երբ նրանք նկատել են, որ իրենց հետեւից քայլում է Տեր-Պետրոսյանը սկսել են շատ արագ քայլել եւ նրանց քայլը վերածվել է վազքի` մինչեւ առաջին հանդիպակած սրճարանը»,- միմյանց լրացնելով պատմում էին Հյուսիսային պողոտայում հավաքվածները եւ ծիծաղում:


A1+

No comments: