Friday, May 30, 2008

Նիկոլ Փաշինյան - ...


Սերժ Սարգսյանի ղեկավարած հակաժողովրդական վարչախումբը, որ ընտրակեղծիքներ, զանգվածային անկարգություններ, զանգվածային ապօրինություններ կազմակերպելու գնով յուրացրել է Հայաստանի ժողովրդին պատկանող իշխանությունը, պրիմիտիվ եւ մտավոր թույլ կարողությունների տեր մարդկանց համար նախատեսված քայլերով փորձում է սերժանտացնել հանրությանը: Այդպիսի քայլերից ամենաթարմը Սերժին կից Հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարն է: Չեմ կասկածում, որ իշխանական խոսնակները կասեն` տեսեք` իշխանությունը ուզում է լավ քայլ անել, բայց ընդդիմությունը դրան էլ է վատ վերաբերվում:

Բայց ահա թե ինչ կասեմ` լավ քայլ ե՞ք ուզում անեք. Բաղրամյան պողոտան վարեք, խրիզանթեմներ ցանեք: Ի՞նչ, կարո՞ղ է վատ քայլ է. պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի տեսք կունենա վերից վար ծաղիկներով ծածկված պողոտան: Բայց չէ՞ որ դա պողոտա է, ոչ թե ծաղկանոց, կասեք դուք: Ո՞վ ասաց սա. դո՞ւ, Գառնիկ Իսագուլյան. ապրես, «հինգ» ես ստանում: Բա ինչո՞ւ եք դու եւ քո շեֆը ուզում Բաղրամյան պողոտան վարեք, յոնջա ցանեք: Հենց այսպիսին է ձեր Հանրային խորհուրդը. անունն ինքը ասում է` հանրության հնարավորինս լայն, ցանկալի է բոլոր շերտերի կարծիքները արտահայտելու, դրանք լսելի դարձնելու համար: Ըստ ձեր մտածածի, Հանրային խորհրդում պետք է հավաքվեն բոլոր հնարավոր կուսակցությունների, հ/կ-ների ներկայացուցիչները, որպես համայն հանրության պատվիրակներ: Թվում է` լավ գաղափար է. իրականում այն լավն է դպրոց չգնացածների համար: Որովհետեւ դպրոց գնացած ամեն անհատ գիտի, որ հանրությունը կարծիք արտահայտելու, այդ կարծիքը լսելի դարձնելու մի ձեւ ունի, եւ այդ ձեւը կոչվում է ընտրություններ: Եթե Սերժը որոշել է Հանրային խորհուրդ ստեղծել, նշանակում է` խոստովանում է, որ ինքը նախագահականում հայտնվել է ի հեճուկս հանրության կարծիքի, նշանակում է` ընդունում է, որ նույն կերպ է ձեւավորվել նաեւ գործող ԱԺ-ն: Եթե Սերժը ուզում է, որ հանրության կարծիքը լսելի դառնա, պետք է ընդամենը մի բան անի. ապահովի ազատ, արդար, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Բայց «Վերջին զանգի» երես տեսած ամեն ոք գիտե, որ Սերժը ոչ թե ուզում է հանրության կարծիքը լսելի դարձնել, այլ այն թաղել զանազան տխմար խորհուրդների աղմուկի տակ: Հիմա կբերեն թարմ ականջի համար գյուլլա գցող արշակսադոյաններին եւ լապիդառ խոսրովհարությունյաններին նախագահականում մի հատ բլոտի սեղան կտան ու կասեն` էս էլ ձեզ հանրության ձայնը: Դեռ էնքան էլ լկտիություն ունեն` Համաժողովրդական շարժմանը հրավիրում են մտնել իրենց խորհուրդը. ի՞նչ ունի քննարկելու Համաժողովրդական շարժումը Ալրաղացի Լյովիկի օգնական Արշակի եւ Լալվարից Մեռելի քար ծախող Խոսրովի հետ: Չէ, տղերք, ձեր Հանրային խորհրդով ոչ մեկի չեք հիմարացնի` բացի պասպորտով հիմարներից: Աչքիս ստիպված եք լինելու մի հատ էլ Հանրային նախագահ ստեղծել, Հանրային կառավարություն, Հանրային դատարան, Հանրային ոստիկանություն: Կարող ա՞ Հանրային հեռուստատեսություն էլ ստեղծեք` խայտառակ լինենք:

Հ.Գ. Համաժողովրդական շարժումը այսօր, ինչպես երեկ, մեկ խնդիր ունի` Հայաստանը ազատել հանցավոր ավազակապետական վարչախմբից: Եւ դա պետք է անել «Հիմա»: Հրապարակում ծնված այս կարգախոսը բացի հասկանալի իմաստից ունի խորքային իմաստ եւս: Այն նշանակում է, որ մենք Հայաստանում օրինականություն, ժողովրդի իշխանություն, խաղաղություն, իրավունքների հավասարություն պետք է հաստատենք հիմա, եւ այդ խնդիրները չպետք է ժառանգենք մեր երեխաներին: Վայ մեզ, անեծք մեզ, եթե մեր երեխաներն էլ ստիպված լինեն գիշերներ անցկացնել Ազատության հրապարակում` հանուն իրենց իրավունքների պաշտպանության: Վայ մեզ, անեծք մեզ, եթե մենք մեր երեխաներին չկարողանանք ժառանգել այնպիսի Հայաստան, որ նրանք պիտանի համարեն ապրելու եւ ստեղծագործելու համար: Համաժողովրդական շարժումը պետք է վերադառնա Ազատության հրապարակ: Իշխանություններն ասում են, որ այսօր հանրահավաքներ պահանջելը նշանակում է նոր բախումներ եւ նոր զոհեր: Սխալվում են. Սերժի եւ իր սափրագլուխ սվիտայի իշխանության մնալն է նշանակում նոր բախումներ եւ նոր զոհեր: Սերժը պետք է հասկանա, որ միեւնույն է` պետք է հեռանա, վարյանտ չկա, պետք է հեռանա: Ինչ վերաբերում է մեզ, ավելի լավ է մենք այսօր զոհվենք, քան թե այդ տխուր գործը ժառանգենք մեր սերունդներին: «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Հի-մա, հի-մա, հի-մա»:

No comments: