«Ես հպարտ եմ, որ քաղաքացիական նոր հասարակության ճարտարապետ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցն եմ ու եղել եմ նրա վստահված անձը նախագահի ընտրություններում», - երեկ Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստում հայտարարությամբ հանդես եկավ մարտի 1-ի գործով կալանավորված, 2004թ. ընտանիքով Թեհրանից Երեւան տեղափոխված Վարդգես Գասպարին՝ շարունակելով. «Այս գործը ամբողջությամբ սարքված է՝ ըստ քաղաքական պատվերի: ...Ինձ համար պատվաբեր է, որ դատվում եմ գործի շրջանակներում, որտեղ ընդգրկված են հարգված եւ բարեհամբավ գործարար՝ Խաչատուր Սուքիասյանը, պատերազմի հերոս Սասուն Միքայելյանը եւ քաղաքացիական շարժման նվիրյալ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ Արցախյան ազատամարտի տասնյակ անձնուրաց ազատամարտիկներ, անկաշառ քաղաքական գործիչներ եւ պարզապես ազատատենչ քաղաքացիներ»:Ամբաստանյալը հայտարարեց, որ չի պատրաստվում ցուցմունք տալ նման շինծու գործով, ուստի հանդես կգա միայն հայտարարություններով: Վարդգես Գասպարին երեկ դատարանում եռօրյա հացադուլ եւ ջրադուլ հայտարարեց այն բանից հետո, երբ դատավոր Արշակ Պետրոսյանը «անհիմն» համարեց ու մերժեց ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Ընդ որում, «Ժառանգություն» խմբակցության 6 պատգամավորներ երաշխավորագիր էին ներկայացրել, որով երաշխավորել էին, որ Վարդգես Գասպարին, լինելով ազատության մեջ, չի խուսափի դատաքննությունից: Հայրենադարձված սփյուռքահայը ակտիվ մասնակցել է Համաժողովրդական Շարժման հանրահավաքներին, սակայն մարտի 1-ի նստացույցին չի մասնակցել, լսելով ինչ է կատարվել Օպերայում` առավոտյան 8.30-ին շատերի պես իջել է Մաշտոցի պողոտա, որտեղ էլ նրան ձերբակալել են:
Երեկ դատարանում իրեն բավական ազատ էր զգում մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը՝ նույնիսկ դատական նիստն ուղղորդելու հարցում: Մեղադրողը ընդհատեց պաշտպանի հայտարարությունը, ինչը դատավարական կարգի կոպիտ խախտում է, պարբերաբար ուղղորդում էր դատավորին՝ իր հայտարարություններով ու Վարդգես Գասպարիի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդություններին ներկայացրած առարկություններով: Այնպես որ, դատավորը այդպես էլ չհամարձակվեց «դուրս գալ» դատախազի խոսքերից ու բավարարել պաշտպանական կողմի ներկայացրած գեթ մեկ միջնորդություն: Դատավոր Արշակ Պետրոսյանի անհաղորդ հայացքից թվում էր՝ դատավարությունը նրան ընդհանրապես անհետաքրքիր էր: Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու եւ պարզելու առթիվ: Մասնավորապես պարզվում է` քրգործի նյութերում բացակայում է քրգործ հարուցելու որոշումը. այնքան են շտապել, քրգործն ու նախաքննությունն իրականացրել են առանց որոշման, ինչը պետք է հիմք հանդիսանար նախաքննության եւ դատավարության համար: Պաշտպանը միջնորդեց հարցում անել եւ պարզել, թե կա՞ նման որոշում: Դատախազը առարկեց, իսկ դատավորը մերժեց միջնորդությունը: Պաշտպանը միջնորդեց նաեւ հարցում անել Արաբկիրի ոստիկանություն, թե ինչ իրավական հիմքով, գրավոր կամ բանավոր հրամանով էին մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում «պարեկություն անում» Արաբկիրի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորները, որոնք վկա են այս գործով, եւ որոնց ցուցմունքներով է սարքվել գործը: Դատախազը առարկեց, եւ միջնորդությունը մերժվեց: Ամբաստանյալին բերման ենթարկելու փաստաթղթերում մի տեղ գրված է՝ բերման է ենթարկվել առավոտյան 7-ին, մեկ այլ տեղ՝ 8.30-ին: «Դատարան է ներկայացված, ըստ էության, շինծու մի գործ, որը սարքված է անուշադիր, փնթի ու անգրագետ՝ ամենայն անպատասխանատվությամբ», - գործի առթիվ իր հայտարարության մեջ գնահատական տվեց ամբաստանյալը:
Դատախազ Արամ Ամիրզադյանն իրեն այնքան ազատ էր զգում, որ դահլիճից մեկի ռեպլիկին ի պատասխան հայտարարեց. «Ձեր բերած լրագրողներն են»: «Մենք ոչ մեկի բերածը չենք ու ի տարբերություն դատախազության` պատվեր չենք կատարում», - ի պատասխան հայտարարեց «ՉԻ» ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով հորդորեց նաեւ դատարանի դահլիճը չվերածել շուրջպարի եւ ծառատունկի հրապարակի: Որոշ լրագրողներ էլ` ի նշան բողոքի, ցուցադրաբար լքեցին դահլիճը:
Պաշտպանը միջնորդեց ընդհատել շուրջ 4 ժամ տեւած դատական նիստը, քանի որ ամբաստանյալը հոգնած է եւ վկաներին քննել հաջորդ դատական նիստում: Դատախազը կրկին առարկեց, եւ դատավորը մերժեց միջնորդությունը: Դատավորին պաշտպան Մուշեղ Շուշանյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ՝ պատճառաբանելով, որ նա կողմնակալ է, անաչառ չէ եւ կաշկանդված է դատախազի ուղղորդումներով: Դատական նիստն ընդհատվեց:
Հ.Գ. Դատական նիստի ավարտից հետո դատարանի նախասրահում նկատեցինք, որ դատախազը մոտեցել ու զրուցում է վկա ոստիկանների հետ: Մոտեցանք՝ պարզելու, թե արդյոք հարգելի դատախազը չի՞ փորձում ուղղորդել վկաներին: «Ես չեմ ուղղորդում», - հայտարարեց դատախազը: Պարզվեց` ոստիկաններին դուր չէր եկել, որ իրենց գործից կտրել, բերել են դատարան ու ստիպված են լինելու նորից գալ վկայություն տալու համար:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
No comments:
Post a Comment