Thursday, May 15, 2008

Դատարանում էլեկտրաշոկ կիրառեցին

Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Դավիթ Մաթեւոսյանի գործով դատական նիստը սկսվեց միջադեպով:

Դատավոր Երեմ Եսոյանի դատական նիստերի դահլիճ մտնելուց հետո մի քանի քաղաքացիներ ոտքի չկանգնեցին: Դատավորը հրահանգեց դուրս հրավիրել վերջիններիս նիստերի դահլիճից: Այդ ժամանակ քաղաքացիների եւ դատարանի ոստիկանների միջեւ ընդհարում եղավ: Քաղաքացիների հավաստմամբ` ոստիկանության աշխատակիցները էլեկտրաշոկ օգտագործեցին երկու երիտասարդների նկատմամբ:

Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը իր ենթակաների արարքը պատճառաբանեց հետեւյալ կերպ. «Եթե անձը խանգարում է դատական նիստի բնականոն ընթացքը, կարգադրիչը նրան դուրս է հրավիրում, ու եթե նա դիմադրություն է ցույց տալիս, կարգադրիչը իրավունք ունի հատուկ միջոց օգտագործել»:

Իսկ «Ա1+»-ի հարցադրմանը, թե իսկապես կիրառվել է էլեկտրաշոկ, պատասխանեց. «Էլեկտրաշոկ կարող է կիրառվել է, ես չեմ տեսել: Օրենքը մեզ չի արգելում դա անել»:

Դավիթ Մաթեւոսյանի նկատմամբ նախաքննական մարմինը առաջադրել է մեղադրանք քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` բռնություն ոստիկանության աշխատակցի նկատմամբ:

Ըստ մեղադրանքի մարտի 1-ի առավոտյան Դավիթ Մաթեւոսյանին Աբովյան փողոցի եւ Հյուսիսային պողոտայի հատման մասում ոստիկանության աշխատակիցը հրավիրել է ոստիկանություն, սակայն վերջինս հրել է, ապա հետո ինքնակամ գնացել է բաժին:

Այսօր դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին վկաներ` Քանաքեռ-Զեյթունի ոստիկաններ Հարություն Քարտաշյանը եւ Եղիա Կարախանյանը: Առաջինը պնդեց, որ ամբաստանյալ Դավիթ Մաթեւոսյանը հրել է իրեն, որի պատճառով կարճ ժամանակով ցավել է ձեռքը, բայց թե որը, չի հիշում, իսկ երկրորդ վկան` Եղիա Կարախանյանը, նշեց, թե տեսել է քաշքշուկ, եկել է եւ իրեն էլ է հրել ամբաստանյալը:

Ամբաստանյալ Դավիթ Մաթեւոսյանը դատարանում հայտնեց, որ ինքը մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի դեպքերից հետո` ոստիկանների կիրառած արցունքաբեր գազի ազդեցության տակ շարժվել է Աբովյան-Հյուսիսային պոտողա հատվածով:


A1+

No comments: