Thursday, May 15, 2008

Ինձ բացակա չդնեք. մինչեւ դատարանի որոշումը

Ռուսական ժողովրդական ասացվածք կա. «Եսլի չելովեկ դուռակ, տո էտո նադոլգո»: Այս ասացվածքը հիշելու որեւէ կոնկրետ պատճառ չունենք: Հենց այնպես, պատահաբար հիշեցինք:

Իսկ ահա երեկ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել լրատվամիջոցներից մեկին: Իսկ մենք կարծում էինք, թե այս մարդը վերջնականապես ընկղմվել է Ծաղկաձորի ջակուզիներում եւ այնտեղից դուրս կգա միայն դատարանի որոշմամբ: Պարզվեց` սխալվում էինք: Ռոբերտ Քոչարյանը, որ իշխանափոխությունից հետո մի պահ սսկվել էր` սպասելով ահեղ դատաստանի, մի քիչ սպասել է, հետո տեսել է, որ իր հետեւից ձեռնաշղթաներով չեն գալիս, «դուխը» տեղն է բերել ու հիմա փաստորեն մտքեր է հայտնում: Բնականաբար` մտքեր է հայտնում մարտի 1-ի մասին (վաղուց հայտնի է, որ հանցագործն ինչի մասին էլ խոսի` վաղ թե ուշ անկախ իրենից մտովի վերադառնալու է այնտեղ, որտեղ հանցանք է գործել): Իսկ ի՞նչ է ասում: «Տեր-Պետրոսյանին եւ ՀՀՇ-ին անհրաժեշտ էր արյունը` որպես քաղաքական պայքարը շարունակելու գործիք ընտրություններում պարտվելուց հետո: Ի դեպ` ուրիշների արյունը: Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արեց անկարգություններ հրահրելու եւ ոստիկանությանը ուժի կիրառման դրդելու համար»: Մալադե՛ց Ռոբիկ: Հուսով ենք` հետագայում իրավապահ մարմիններն այս հարցազրույցը որպես իրեղեն ապացույց կկցեն հարուցվելիք քրեական գործին, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս: Նա խոստովանում է, որ ոստիկանությունն այնուամենայնիվ ուժ է կիրառել, եւ դրա արդյունքում թափվել է «ուրիշների արյունը»:

Բայց Ռոբերտ Քոչարյանն այսքանով չի բավարարվում: Նա նաեւ գնահատականներ է տալիս Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Նա երբեք իր վրա պատասխանատվություն վերցնելու համարձակություն չի ունեցել: Ճգնաժամային պահերին նա միշտ մտածում էր միմիայն սեփական անձի մասին: Այդպես էր «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունից հետո, այդպես էր ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այդպես էր 1998 թվականին: Նույնը կատարվում է նաեւ հիմա»: Չծիծաղեք, բայց այս խոսքերի հեղինակն այն նույն մարդն է, ով 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո հայտարարեց, թե հրապարակային ելույթ չի ունեցել, որովհետեւ սափրված չէր: Սա ասում է այն նույն մարդը, ում սրճարանում իր կարծիքով անձնական վիրավորանք են հասցնում, ու նա թիկնապահներին է հանձնարարում վրեժ լուծել: Բայց սա դեռ ոչինչ: Եթե խոսքն «անձնական պատասխանատվություն ստանձնելու» մասին է, ընդամենը մի հարց տանք. ո՞վ է ի վերջո մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու հրաման տվել: Դե եթե Ռոբերտ Քոչարյանն ինքն իրեն այդքան «պատասխանատու տղամարդ» է համարում, ինչո՞ւ է տեսախցիկների առջեւ ծամածռվում` թե «ոստիկանությունը հատուկ հրամանի կարիք չուներ»: Հրաման ես տվել` տղամարդկություն ունեցիր ու հրամանիդ տեր կանգնիր, ի՞նչ ես սարուձոր ընկնում: «Ես արդեն նախագահ չեմ եւ կարող եմ ինձ թույլ տալ ավելի ազատ բառապաշար օգտագործել` կոչելով իրերը իրենց անուններով», հայտարարում է Ռոբերտ Քոչարյանը: Ներողություն, բայց դու (ես «պատասխանատու» լրագրող չեմ, հետեւաբար կարող եմ իրերին եզակի թվով դիմել) երբեք էլ նախագահ չես եղել. տուռնիկներից կախված` մտքեր ես հայտնել կլիզմայի, բառաչող կովերի ու վատ պարողին խանգարող հանգամանքների մասին: Հիմա ինչո՞ւ հանկարծ որոշեցիր ընդհատակից դուրս գալ ու պաշտպանել Սերժ Սարգսյանին: Հարցն այլ կերպ ձեւակերպենք. այդ ինչքա՞ն վատ է Սերժ Սարգսյանի վիճակը, որ քեզ Ծաղկաձորի ջակուզիից հանել է ու ստիպել է գերմարդկային ճիգերով կապակցված մտքեր շարադրել: Թե՞ ծրագիրն այնուամենայնիվ ընթացքի մեջ է, եւ «Քոչարյան-վարչապետ» օպերացիայի մեկնարկը տրված է:

Չի ստացվելու: Հասարակությունը հազիվ էր սկսել մոռանալ Ռոբերտ Քոչարյանի` լարվածությունից ջղաձգված դունչը, եւ պատրաստ է վերհիշել դա միայն մի դեպքում` եթե հակահիգիենիկ այդ տեսարանը տեսնի մանր ճաղերի հետեւում: Ցանկացած այլ պարագայում Ռոբերտ Քոչարյանի կողմից ցուցաբերված կենդանության որեւէ նշան հասարակությունն ընկալելու է որպես անձնական վիրավորանք եւ պայքարելու է դրա դեմ:

Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանը թող շարունակի ընկղմվել Ծաղկաձորի ջակուզիում: Մինչեւ դատարանի որոշումը:


Մարկ Նշանյան
chi.am

No comments: