Thursday, May 15, 2008

Իշխանությունները դրդեցին հացադուլի

Այսօր ժամը 17.30-ից ՀՀ գլխավոր դատախազության մոտ անժամկետ հացադուլ է հայտարարել «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը եւ պահանջում է ազատ արձակել ՆԺ նախագահ Արամ Կարապետյանին եւ կարճել նրա դեմ հարուցված քրեական գործը:

Հրաչյա Սարգսյանը ծայրահեղ քայլի է դիմել այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ իր կուսակցության նախագահի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: «Իշխանություններն իրենց գործողություններով ինձ դրդում են ծայրահեղ քայլի` հացադուլի: Փաստորեն` նրանք մարդու կյանքի գնով փորձում են երկարացնել նրա կալանքի ժամկետը: Փաստորեն` մեր բոլոր ջանքերը իշխանություններին հասկացնելու համար, որ անմեղ, պարկեշտ մարդուն, գիտությունների դոկտորին, քաղաքական առաջնորդին չի կարելի անազատության մեջ պահել զուտ իր հայացքների համար, ապարդյուն է: Իշխանությունները Արամ Կարապետյանին անազատության մեջ պահեցին այնքան ժամանակ, մինչեւ նրա առողջական վիճակը վատացավ»,- «Ա1+»-ին ասաց Հրաչյա Սարգսյանը:

Նրան վիրավորում եւ զայրացնում է այն փաստը, որ այսօր երբ սրտաբանը մանրամասն ներկայացնում է նրա առողջական վիճակի վտանգավորությունը, համապատասխան մարմինները դեռ մտածում են` ազատ արձակեն Կարապետյանին, թե՞ շարունակեն վտանգել նրան կյանքը:

Մինչ նա ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ իր հացադուլի մասին պատրաստվում էր գրավոր տեղեկացնել դատախազությանը, մի խումբ կանայք բողոքի ակցիա էին կազմակերպել եւ պահանջում էին ազատ արձակել Կարապետյանին:

«Ազատություն Արամին», «Արամի փոխարեն բռնեք Սերժին ու Ռոբերտին», «Խիղճ ունեցեք, խիղճն էլ է մարդու համար»,- ասում էին կանայք: Ի պատասխան կանանց վանկարկումների դատախազությունից դուրս եկավ Գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Ժաննա Կոտիկյանը եւ կանանց խնդրեց իրենց պահանջը գրավոր ձեւակերպել` գլխավոր դատախազին ներկայացնելու համար:

Տիկին Կոտիկյանի պահանջը որոշ կանայք բուռն ընդունեցին.»Էս ինչ նոր թատրոն է: Ի՞նչ է Աղվան Հովսեփյանը չգիտի, թե ի՞նչ է արել, որ մեզանից էլ պահանջում եք գրավոր դիմենք: Թող ազատի Արամ Կարապետյանին եւ մյուս բոլոր քաղբանտարկյալներին»:

Այսօր ի պաշտպանություն Արամ Կարապետյանի Գլխավոր դատախազության մոտ էր նաեւ ՍԻՄ հիմնադիր նախագահ Հրանտ Խաչատրյանը:

«Արամ Կարապետյանին ձերբակալել են մարտի 1-ի դեպքերից առաջ եւ իմ ունեցած տվյալների համաձայն մինչ օրս նրա նկատմամբ քննություն չեն իրականցնում: Նրանք ամեն կերպ փորձում են մեկուսացված պահել ակտիվ եւ մտածող մարդկանց: Այսօր արդեն ծիծաղելի է ասել, թե նա քաղբանտարկյալ է, քանի որ այդ փաստը շատ ակնհայտ է»,- ասաց պարոն Խաչատրյանը: Հետադարձ հայացք գցելով անցած ընտրություններին` Հրանտ Խաչատրյանը նշեց, որ իշխանությունները հստակ գործունեություն են ծավալում քաղաքական դաշտը ավերելու համար:

Ի դեպ, այսօր Հրաչյա Սարգսյանը իր գործընկերներին եւ կուսակիցներին խնդրեց չմիանալ իր հացադուլին եւ պայքարը շարունակել այլ եղանակով:


A1+

No comments: