Friday, May 23, 2008

Դատական հերթական կլոունադան

Երեկ Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստն սկսվեց նախօրդ օրվա վերջնականապես չպարզաբանված խնդրի շուրջ վեճերից` հրապարակե՞լ բացակայող վկաների նախաքննական ցուցմունքները, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ դատավոր Վահե Խալաթյանն անցած օրը հայտարարեց, թե երեք վկա չեն կարող դատարանում հարցաքննվել` հանրապետությունից բացակայելու պատճառով: Ամբաստանյալների պաշտպաններն առաջարկեցին տրամաբանական լուծում. մեկ անգամ եւս ստուգել` իրո՞ք նրանք բացակայում են Հայաստանից, նոր միայն կողմնորոշվել, թե ինչ անել: Բայց դատավոր Խալաթյանը որոշում կայացրեց հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքները: Ամբաստանյալները բողոքեցին այդ որոշման դեմ, մասնակիցները միացան բողոքին, ու դատավորն ստիպված ընդհատեց դատը մեկ օրով: Երեկ դատավորը հայտարարեց, որ բացակայող երեք վկաներից մեկը` Վահան Գասպարյանը վերադարձել է, բայց կտրականապես հրաժարվում է դատարան ներկայանալուց: Նա առաջարկեց. Գասպարյանի մասով բերման ենթարկելու որոշում կայացնել ու հաջորդ նիստում լսել նրան, իսկ բացակաների մասով` հրապարակել նրանց ցուցմունքները: Պաշտպանական կողմը առարկեց, իսկ մեղադրող կողմը համաձայնեց: Դատարանը որոշեց հրապարակել: Մասնակիցներն ըմբոստացան այդ որոշման դեմ, եւ դատավորը ստիպված էր երկրորդ անգամ ընդմիջում հայտարարել: Ընդմիջումից հետո դատարանն արդեն փոխել էր որոշումը եւ լսեց ամբաստանյալների ցուցմունքները:

Ասենք, որ երեքն էլ, որպես բողոքի նշան, որոշել էին հրաժարվել մեղադրող կողմի եւ դատավորի հարցերին պատասխանելուց, քանի որ նրանք մասնակից են իրենց նկատմամբ իրագործվող քաղաքական հետապնդմանը: Այստեղից սկսվեց դատարանական կլոունադան, ծաղրուծանակը: Եվ դրա հեղինակները երեք դատախազներն ու նախագահող դատավորն էին: Մասնակիցների ծիծաղի, քրքջոցի ու ռեպլիկների տակ դատախազներից մեկը ամբաստանյալներից մեկին հարցնում էր` «Ամբաստանյալ, դուք...», «Ես հրաժարվում եմ ձեր հարցին պատասխանելուց»: Հետո դատախազը մի ուրիշ հարց էր տալիս: Նույն պատասխանը: Մի դատախազը տալիս էր իր բոլոր հարցերը մի ամբաստանյալին, հետո գալիս էր մյուս դատախազի հերթը: Հետո դատավորի: Ու բոլորը ստանում էին նույն պատասխանը: Հետո գալիս էր մյուս ամբաստանյալի հերթը` նույն սցենարով: Այս նույն ապաշնորհությամբ իշխանությունները կազմակերպեցին իրենց ընտրարշավը եւ ջախջախիչ պարտություն կրեցին: Բայց ապաշնորհության քավության նոխազ դարձրեցին ժողովրդին ու կազմակերպեցին մարտի 1-ի սպանդը: Հիմա, այս պահին դեռ շարունակվում է նոխազի փնտրտուքը, եւ նրանցից մեկը կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրը, ում նրանք իրենցից խելոք ու շնորհքով կհամարեն:

Ինչեւէ, առաջին ցուցմունքը տվեց Շոթա Սաղաթելյանը: Նա պատմեց, որ ընտրությունների օրը եղել է Տեր-Պետրոսյանի ենթաշտաբներից մեկի ղեկավարը: 34/06 ընտրատեղամասի վստահված անձից ստացել է ահազանգ, որ լցոնումներ են կատարվում: Գնացել է տեղամաս: Կարդացել է կազմված արձանագրությունը եւ հանձնաժողովի նախագահին առաջարկել օրենքով սահմանված կարգով ընդունել արձանագրությունը: Երբ նախագահը հրաժարվել է արձանագրությունն ընդունելուց, նա խնդրել է իրեն տրամադրել տեղեկություն, թե մինչ այս պահը քանի՞ քվեաթերթիկ է տվել հանձնաժողովին: Մերժում ստանալուց հետո առանց վեճ ու կռվի դուրս է եկել:

Աշոտ Զաքարյանն ասաց, որ փետրվարի 19-ին գալով 34/06 ընտրատեղամաս` նկատել է, որ դրոշմակնիքը դրվում է անձնագրի կողային էջի վրա, ինչը ԸՕ-ի խախտում է: Իր նկատողությանը հանձնաժողովի անդամը նախ պատասխանել է, որ իրենք կենտրոնական հանձնաժողովի հետ ճշտել են, որ սա էլ սխալ չի, հետո շնորհակալություն է հայտնել ճշտման համար ու խոստացել, որ այսուհետ կնիքը կդնի 32-րդ էջին: Դրսում տեսել է Շոթային, իսկ քիչ անց մոտեցել է նաեւ Մակեյանը: Թե Մակեյանը երբ է մտել տեղամաս չի նկատել` մարդկանց հետ զրույցով տարված: Այդտեղից այցելել է եւս մի քանի տեղամաս, հետո գնացել է «Ասպարեզ» ակումբ, որտեղ մամուլի ասուլիս է տվել Գյումրիում գործող լրատվամիջոցներին:

Պ.Մակեյանը հայտնեց, որ ինքը փետրվարի 19-ին Շիրակի մարզում համակարգել է Լ.Տեր-Պետրոսյանի շտաբների աշխատանքները: Օրվա երկրորդ կեսին ահազանգ է ստացել 34/06 ընտրատեղամասում կատարվող լցոնումների մասին: Գնալով տեղամաս` այնտեղ տեսել է Շոթային ու Աշոտին: Իրենց վստահված անձին գտել է ահաբեկված վիճակում: Նա կարողացել է միայն ասել, որ լցոնում է կատարվել, արձանագրություն է կազմվել, որը, սակայն, հանձնաժողովի նախագահը չի ընդունում: Երբ ինքը նախագահից բացատրություն է պահանջել, թե ինչու՞ չի ընդունում արձանագրությունը, վերջինս պատասխանելու փոխարեն կանչել է մի տղամարդու: Նշված տղամարդը, հանձնաժողովի հետ ոչ մի կապ չունենալով, սկսել է խոսել նախագահի փոխարեն: Մակեյանը ներկայացրեց, որ այդ մարդը եղել է Մստոյի տղաներից Արամը: Մենք հետո պարզեցինք, որ նա մարզի բնապահպանական վարչության պետի` Արտուշ Մովսիսյանի տղան է: Ի դեպ, «Մստոյի տղա» արտահայտությունը Գյումրիում արդեն հասկացություն է եւ նշանակում է քրեական խմբավորման անդամ: Այս խմբավորումը քաղաքապետի պաշտոնի համար ձեռնոց է նետել գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կլանին եւ ապագայում սպասվում է արյունոտ պայքար նրանց միջեւ, եթե, իհարկե, մինչ այդ իշխանափոխություն չլինի: Շարունակելով իր խոսքը` Մակեյանը նկատեց, որ «Այս քրգործը սարքողները, գործ տվողներն իրար հետ խուսափել են խոսել 300-350 քվեաթերթիկների լցոնման մասին, որպեսզի Սերժի լեգիտիմության կուսությունը չպղծեն»: Ընդհանրապես Մակեյանի խոսքը ամբողջովին քաղաքականացված էր եւ ամեն անգամ ընդմիջվում էր դատավորի կողմից: Վերջինս անընդհատ խնդրում էր գործից խոսել, իսկ Մակեյանն էլ պատասխանում էր, որ հենց գործից է խոսում. «Այս գործը քաղաքական է: Ես չեմ կարող մի կեսն ասել, մյուս կեսը չասել»: Ամփոփելով նրա խոսքն` ասենք, որ տեսնելով, որ Մստոյի տղան խոսակցությունը ակնհայտորեն տանում է սադրանք հրահրելու ուղղությամբ` առանց վիճաբանելու Մակեյանը դուրս է գալիս տեղամասից, զգուշացնելով. «Դուք բոլորդ պատասխան եք տալու օրենքի առաջ»:

Մակեյանի ցուցմունքից հետո նրա դատապաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ միջնորդություն ունի անելու: Դատավորը պատասխանեց, որ հիմա միջնորդություն ներկայացնելու ժամանակը չի: Փաստաբանը պնդեց, որ ինքը միջնորդություն կատարելու իրավունք ունի դատաքննության բոլոր փուլերում: Խալաթյանն ասաց, որ միեւնույն է` չի ընդունելու: Ի վերջո, փաստաբանը հասավ նրան, որ ներկայացնի իր միջնորդությունը: Միջնորդությամբ նա անդրադարձավ խափանման միջոցը փոխելու մեկ անգամ արդեն հետաձգված միջնորդության խնդրին եւ առաջարկեց քննարկել միջնորդությունը. «Դուք ապրիլի 30-ին որոշում էիք կայացրել հետաձգել միջնորդության քննարկումը, մինչեւ գործի համար էական հանգամանքների պարզումը: Մենք լսեցինք վկաներին, լսեցինք ամբաստանյալներին: Էլ չկան գործի համար էական հանգամանքներ, որ չեն պարզաբանվել: Հետեւաբար խափանման խնդրին անդրադառնալու ժամանակն է»: Դատավորը հայտարարեց, որ չի ընդունում միջնորդությունը, ինչը դատավարական օրենսգրքով նախատեսված չի: Մասնակիցների բարձրացրած աղմուկի տակ դատավորը մի կերպ փակեց նիստը եւ հեռացավ: Հաջորդը կկայանա մայիսի 27-ին ժամը 11-ին:


Zhamanak.com

No comments: