Friday, May 23, 2008

Դուք պատժվելո՛ւ եք պարոն դատախազ

Եթե ՍՍ-ի հանցավոր իշխանության բոլոր ոլորտների կադրերն ու կլիենտները անխոնջ ջանասիրությամբ, զօր ու գիշեր լծված են իրենց կամքը ժողովրդի վզին փաթաթելու գործին, ապա մենք այդ աճպարարությունը բացահայտելու եւ հասարակայնացնելու կոչման պահանջով հարկադրված ենք ամեն Աստծու օր գրել նույն բանը` արդարադատության ոգին լքել է Հայաստանի դատարանները:

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը չորեքշաբթի շարունակեց Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց նկատմամբ իրականացվող Լինչի դատաստանը:

Թիվ 22/21 ընտրատեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, Գավառի ՀԺԿ կառույցի քարտուղար Սամվել Կարապետյանի եւ 22/18 ընտրատեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սիմոն Ամիրխանյանի գործով բողոքն ընդդեմ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի քննության հերթական փուլում վերաքննիչ քրեականի եռագլուխ կազմի մեջտեղի գլուխը` Սերժիկ Ավետիսյանը մերժեց կողմերի ներկայացրած բոլոր միջնորդությունները: Արշակ Խաչատրյան, Մարգո Սիմոնյան եւ Սերժիկ Ավետիսյան կազմով դատարանը ցուցաբերեց եղկելի բեմադրություն կազմակերպելու վարպետություն: Մինչ Սերժիկի աջ կողմում դատավորի կաշվե աթոռին սերտաճաճ Արշակ Խաչատրյանը ընկղմվել էր նիրհի մեջ, նրա ահյակ կողմում բազմած տիկին Մարգոն գիշանգղի հայացքով չափչփեց դահլիճում ներկաներին այնքան ժամանակ, մինչեւ հայացքը դիպավ ինձ: Նա ցուցամատը տնկեց իմ ուղղությամբ: Դատավորների ճակատներին սեւեռված մահակավոր կարգադրիչները նախ որսացին մատի ուղղությունը, մատով հայացքները սահեցրին դեպի ներքեւ, դեպի առաջին նստարանը եւ ֆոկուսի բերելով թիրախը` մի քանի հոգով շնչները կախեցին գլխիս ու հրամայեցին կանգնել ու տեղս զիջել աչքերին խոշորացույցներ հարմարեցրած մի վտիտ կնոջ, որի անունը կանչելով` Մարգոն ասաց. նստիր այստեղ, չգիտեմ ինչ ջան:

Վերաքննիչի եռագլուխ կազմի ապաշնորհ բեմականացման սցենարով «ամբաստանյալների» պաշտպան Սեդա Սաֆարյանին հնարավորություն տվեցին հնչեցնել միջնորդությունները: Փաստաբանը միջնորդեց դատաձեռագրաբանական փորձաքննության ենթարկել վերոնշյալ տեղամասի հանձնաժողովի, նաեւ ԲՀԿ անդամ Հռիփսիմե Հայթյանի (նրանց գյուղի կանայք ասում էին` լաչառ, շառչի Հռիփսիկը) այն արձանագրությունը, որն, ըստ մեղադրանքի, իբրեւ թե կեղծվել է «ամբաստանյալների» դրդմամբ: Սերժիկը միջնորդությունը մերժեց: Սեդա Սաֆարյանը միջնորդեց որպես վկա կանչել «լաչառ Հռիփսիկին»` Հռիփսիմե Հայթյանին, քանի որ ընդհանուր իրավասության դատարանում նա, ըստ էության, ցուցմունք չի տվել: Սերժիկն այս միջնորդությունը նույնպես մերժեց, պատճառաբանելով, թե գործում առկա նյութերը բավարար են իրենց եզրակացություններ անելու համար: Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ դատարանը իր միջնորդություններն անվերջ մերժելու տրամադրվածություն ունի եւ այլ միջնորդություն չներկայացրեց: Ձեւի համար դատախազը միջնորդեց որպես վկա հրավիրել գավառեցի Դվոյան Սեւակ Սաշա անունով մեկին, որն, ըստ մեղադրողի` ընտրության օրը տեսել է, թե ինչպես են «ամբաստանյալները» ԲՀԿ անդամ, իրենց գյուղում հայտնի «լաչառ Հռիփսիկին», գործով` Հռիփսիմե Հայթյանին «լացացնելով, հարկադրելով ստիպել, որ կատարի այդ կեղծիքը»: Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ դատախազությունը արհեստական ապացույցներ է ստեղծում, փորձելով անգամ վերաքննիչ դատարանում պարտակել առաջին ատյանի թույլ տված բացթողումները: Սերժիկն էլ, խաղացնելով նախանշված սցենարը` մերժեց դատախազի միջնորդությունը, նրան հանգստացնող արտահայտությամբ` «գործում առկա նյութերը բավարար են...» եւ հայտարարեց` «անցնում ենք դատական վիճաբանության եւ վերջին խոսքի փուլ»: Վերջին խոսքի փուլում Սամվել Կարապետյանն ասաց, որ քննչական մարմնի աշխատակիցներն իրեն թելադրել են գրել ցուցմունքը, ստիպել են գրել, որ ինքը ամեն ինչ արել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայները պետք է շատ լինեն հատկապես ՍՍ-ի ձայներից (կարելի է մտածել, թե ՍՍ-ի համար աշխատողները նույն տրամաբանական նպատակը չէին հետապնդում,-Գ.Ա.) որի հիման վրա էլ կարել են իր գործը: «Ինձ ստիպել են գրել, որ ես Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցն եմ: Ես ասել եմ` չէ: Ես եղել եմ ՀԺԿ-ի տարածքային քարտուղարը, այսօր էլ հպարտանում եմ դրանով եւ մինչեւ վերջ պաշտպանելու եմ իմ տեսակետներն ու իրավունքը եւ պատրաստ եմ մինչեւ վերջին շունչս կռիվ տալ արդարության համար մղվող պայքարում»,-ասաց Սամվել Կարապետյանն ու դիմելով դատախազին` ավելացրեց. «Պարոն դատախազ, Դուք չեք կարող մեր կամքը սպանել: Դուք կարող է մեզ նեղություն տաք ժամանակավոր, բայց դրանից հետո Դուք եք պատասխան տալու»,-ասաց ու ալեկոծեց դահլիճը: Կանայք ծափահարում էին նրան ու վանկարկում` «Հե¯-րո¯ս»: Սիմոն Ամիրխանյանն էլ իր խոսքում անդրադարձավ քաղաքական հայացքների համար զանգվածային բանտարկությունների տրամաբանությանը, նշեց որ քաղբանտարկյալների դատավարությունները քաղաքական պատվերի արգասիք են եւ շեշտեց իր պայքարի վճռականությունը: Վերաքննիչի մեջտեղի գլուխը բորբոքվեց` «Դուք խոսեք` ինչ եք արել, ինչ եք ուզում, մեղավոր եք, մեղավոր չեք, բոլորդ գիտեք, կա ձեր պատասխանատվությունը, պատիժը մեղմացնող կարեւորագույն հանգամանք...»,-ճնշում էր Սերժիկ Ավետիսյանը: «Երբ մարտի 2-ին ինձ ձերբակալեցին փողոցի մեջտեղում եւ ձեռքերս ոլորելով բերեցին դատախազություն, մինչեւգիշերվա 1-ը պահեցին` նոր ցուցմունք վերցրին, եւ այդ ցուցմունքն է արտացոլում իրականությունը: Բայց չգիտեմ ինչու...այսինքն` գիտեմ, որովհետեւ ձեզ ձեռք է տալիս, որ ընդդիմադիրներին պատժեք: Որոշ մարդիկ, ովքեր ծառայում են էս իշխանություններին որպես ստրուկ, նրանք հենց այդ թելադրանքով էլ շարունակում են աշխատել մինչեւ այսօր: Խոսքս վերաբերվում է դատախազության մարմիններին, որոնք շարունակում են իրենց անօրեն գործողությունները»,-հայտարարեց Սիմոն Ամիրխանյանը եւ իր խոսքը եզրափակեց կոչով. «Եվ ընդհանուր իրավասության դատարանի գործողությունները, եւ վերաքննիչ դատարանի (քանի որ չցանկացավ այստեղ հրավիրել Հռիփսիմե Հայթյանին եւ բացահայտել ճշմարտությունը) դիրքորոշումը ինձ հիմք են տալիս եզրակացնելու, որ ձեզանից ոչ ոք շահագրգռված չէ, որ այս գործով արդարացի վճիռ կայացվի, եւ ընդամենը կատարվում է իշխանությունների պատվերը, քաղաքական պատվեր: Այն է` ընդդիմադիր գործիչներին չկարողանալով կոտրել ոգով, գոնե առանձնացնել ժողովրդից, հասարակությունից: Ես ոչինչ չունեմ ասելու, եւ իմ ելույթի մեջ արդեն նշել եմ, որ Դուք կլինեք ճշմարտացի այն դեպքում միայն, եթե արդար, օբյեկտիվ վճիռ կայացնեք»,-եզրափակեց Սիմոն Ամիրխանյանը եւ դիմելով դատախազին` ասաց. «3 տարի էլ անցնի, 5 տարի էլ անցնի, Ձեր արած գործերի համար պատժվելու եք, պարոն դատախազ»:


Գայանե Առուստամյան
taregir.am

No comments: