Thursday, May 15, 2008

Քաղաքական պարազիտիզմը որպես գոյատևման միջոց

«Երանի՜ թե մեկ մաքուրը յառաջ գար անմաքուրից, բայց ոչ մեկն էլ չկայ»:
ՅՈԲԻ ԳԻՐՔԸ, ԳԼՈՒԽ ԺԴ

«Ինձանից զզվում են իմ մոտ բարեկամները, եւ իմ սիրածները ընդդիմանում են ինձ»:
ՅՕԲԻ ԳԻՐՔԸ, ԳԼՈՒԽ ԺԹ

Մի անգամ Լեւոն Ներսիսյանը «Երեւան» հյուրանոցի տակի սրճարանում իր հերթական բացօթյա դասախոսություններից մեկի ժամանակ պատմեց մի դրվագ, կապված Պարույր Սեւակի հետ:

- Մեր գիտական-գրական այրերից մեկն իրեն ինչ-որ մրցանակ շնորհելու առիթով ճոխ ու բազմամարդ ընդունելություն էր կազմակերպել: Սեւակը մի քիչ ուշացած է գալիս՝ «քեֆն էլ արդեն մի քիչ լավ»: Նախ, տեղավորվելիս, բառացի «զոռով ու երես դեմ տալով», ուրիշին նստած տեղից հանելով, «դասավորում է», որ անպայման նստի այն ժամանակ շատ պոպուլյար եւ գեղեցկուհի համարվող երգչուհի N.-ի կողքին: Ողջագուրվում են: Սեւակը չափից ավելի ջերմ ու երկարատեւ է համբուրում երգչուհուն, իսկ հետո էլ սկսում է թե կատակի, թե մտերմության բոլոր սահմաններն ակնհայտորեն անցնող փաղաքշանքներ շռայլել նրա հանդեպ: Էս խեղճ երգչուհին չի իմանում, թե ի՞նչ անի, իրավիճակը սկսում է մոտենալ տհաճի, պահանջելով անհապաղ լուծում: Լուծումը տալիս է հենց ինքը՝ Սեւակը: Նա կտրուկ դադարեցնում է իր «ձեռնձգությունները», լցնում բաժակը, երկու խոսքով ասում իր շնորհավորանքը, եւ ապա դիմում հավաքվածներին. «Կարող էք ասել, աշխարհիս վրա ո՞րն է ամենահզոր զենքը»: Սկսում են տեղալ պատասխաններ. էլ ատոմային ու ջրածնային ռումբ, էլ հրթիռներ ու արբանյակներ, էլ գազեր ու մանրէներ, ինչ ասես: Սեւակը ժպտալով ունկնդրում է «ինտելեկտուալ» այդ մրցույթը եւ ասում. «Դուք էլ արվեստի մա՞րդ եք ու կյա՞նք եք հասկանում: Ինչ ռումբ ու արկ, ինչ հրթիռ ու ինքնաթիռ: Մարդու ամենահզոր զենքը դա մարդու անամոթությունն է: Արդ, մի քանի րոպե առաջ, որպես նպատակին հասնելու անխոցելի միջոց, ես ձեզ բոլորիդ պարզորոշ ցուցադրեցի այն: Թե չէ՝ ռումբ, հրթիռ: Հիշեցեք. ա-նա-մո-թու-թյուն: Սա է մարդու ստեղծած անգերազանցելի եւ ամենահզոր զենքը»:

Այս պատմությունը վերջերս մտաբերեցինք այդ «արտագնա» դասախոսությանը ներկա եղած մի քանի ունկնդիրներս, վերհիշելով նախագահական ընտրությունների ամբողջ ժամանակահատվածում եւ դրանից հետո մեր որոշ կուսակցությունների դրսեւորած պահվածքը: Պահվածք, որ քաղաքական «կենցաղի» առումով այսօր բերել է դրանց այնպիսի մի վիճակի, որ իրենց գոյատեւումը հնարավոր է դարձել երկարաձգել միմիայն բացահայտ «քաղաքական պարազիտիզմի» դրսեւորման միջոցով: Իրոք, այբբենական ճշմարտություն է, չէ՞, որ «կոալիցիա» գաղափարը ինչ-որ տեղ ճարահատյալ մի բան է եւ ասպարեզ է իջնում այն ժամանակ, երբ չկա անհրաժեշտ մեծամասնություն իշխանությունը ձեւավորելու համար: Բայց տվյալ դեպքում «նախագահական ճամբարը» ունի բացարձակ մեծամասնություն եւ ո՞րն է «կոալիցիոն»,- առավել եւս՝ «ազգային համաձայնության» կառավարության ստեղծման տրամաբանությունը: Տրամաբանություն իրոք որ չկա, իսկ իսկական շարժառիթները ակնհայտ են բոլորին. մեր «գործիչների» մի մասը «իրեն չի պատկերացնում իշխանությունից դուրս», մյուս մասն էլ արդեն սովոր է լինել «իշխանության մի մաս»: Իսկ թե հատկապես որը, այնքան էլ էական չէ: Եվ ամեն գնով իշխանական սեղանի մոտ կրկին տեղ գրավելու մարմաջը ժողովրդի համար «մարսելի» դարձնելու նպատակով դիմում են էժանագին եւ անհեթեթ քաղաքական դեմագոգիայի՝ ջանալով մեզ ապացուցել մի բան. միգուցե եւ մեր տեսած մածունը իրոք որ սպիտակ է, բայց կա մի հատուկ մածուն՝ իրենց տեսած, որը սեւ է, եւ դրան չհավատալը մեր՝ նվաստներիս կողմից, առնվազն քաղաքական տհասության դրսեւորում է: Խոսքը վերաբերում է առաջին հերթին Օրինաց Երկիր կուսակցությանը եւ ՀՅԴ-ին:

Ընդ որում, ՀՅԴ-ի դեպքում այդ դեմագոգիան տեղ-տեղ վեր է ածվում ակնհայտ սոփեստության: ՀՅԴ կարկառուն դեմքերից մեկը վերջերս հեռուստաէկրանից հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «Հայ ժողովուրդը տեսավ եւ համոզվեց, որ պաշտոններ ստանալու համար չէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մտավ կոալիցիոն կառավարության կազմի մեջ: Հակընդդեմ հարցը` «Իսկ ինչի՞ համար մտավ», կարելի է հանգիստ ներառել ցանկացած բնույթի «լոտոների» խաղարկման մեջ, քանզի Հայոց Աշխարհում այն պատասխան չունի: ՀՅԴ-ի վերջին 8-10 տարվա «խաղերը», «ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն», «ոչ թե իշխանություն, այլ իշխանության մաս» անհեթեթ ձեւակերպումները ոչ ոքի եւ ոչ մի բանում այսօր չեն կարող համոզել: Պարոնայք «ընկերները» լավ էլ օգտվել են տարիներ շարունակ իրականացվող համապետական թալանից եւ հիմա էլ ամեն միջոցի դիմեցին, որպեսզի դրա հաջորդ փուլում հանկարծ անմասն չմնան: Կրկին իշխանության մաս դառնալու հնարավորությունը բաց չթողնելու համար նույնիսկ անուղղակի ձեւով սատար կանգնեցին մարտյան դեպքերի արյունոտ ընթացքի կազմակերպիչներին եւ իրականացնողներին: «Դա մեր ազգային ողբեգությունն է, եկեք չխորացնենք այն»` փարիսեցիաբար «վշտանում» են նրանք, երբ խոսք է գնում հանկարծ այդ սպանդի մասին: Էդ ի՞նչ պատահեց ձեզ հանկարծ, «սիրելի ընկերներ», որ քաղաքական գնահատական տալու փոխարեն հառաչում եք` «Ձաձկեցեք, մեռնեմ»: Թե՞ պարզապես արդեն սովոր եք, էլ ինքներդ չեք կարող ձեզ վրա, զի անասելի գրավիչ է եւ ձգող «զպատառս զիշխանական»: ՀՅԴ-ի ներկայիս,- պարզ ասենք մեր կարծիքը,- անվայել եւ անպատվաբեր կեցվածքը, որն այսօր խիստ կասկածի տակ է դնում արդեն նույնիսկ այդ կուսակցության գոնե մի չնչին չափով հավատարիմ լինելը իր իսկ հռչակած սկզբունքներին եւ նրա իրական դերակատարման պարզաբանումը մեր պատմության այս հատվածում,- դա առանձին եւ շատ ընդարձակ խոսակցության թեմա է: Իսկ այս պահին, շփումներն ու դիտարկումները բերում են այն համոզման, որ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը երկուսն էլ ընկալվում են որպես «ձայն փախցնող», ընտրողներին խաբող կուսակցություններ:

ՕԵԿ-ի դեպքում դեմագոգիան ընդունում է արդեն իրոք կլինիկական ձեւեր: ՕԵԿ-կան մի տիկին, օրինակ, վերջերս իրեն տված այն հարցին, թե ինչպես տեղավորել տարրական բարոյական նորմերի շրջանակների մեջ Արթուր Բաղդասարյանի կեցվածքը, պատասխանեց ոչ ավել, ոչ պակաս, թե «…Արթուր Բաղդասարյանն իր քայլերով փրկեց հայ ժողովրդի ութսուն…, ո՜չ, իննսուն տոկոսը»: Մնում է միայն, որ ազգովի չոքենք ու երկրպագենք իր «գործերով» բոլորիս լավ ծանոթ նորահայտ այդ «մեսիային»:

Ոչ մեկն, իհարկե, չի ժխտում, որ մեզանում այսօր ամոթ-անամոթ եւ նման այլ հասկացությունները չափազանց հարաբերական են դարձել, եւ ամեն ոք կարող է ասել, թե ապրում եմ հենց այն նորմերով, որոնք ես եմ ընտրում: Օրինակ, մեզանում քիչ չեն «քաղաքական գործիչներ», որոնք քաղաքականության եւ հնագույն մասնագիտության միջեւ գռեհիկորեն տարվող զուգահեռները հասկանում են բառացիորեն: Աստված իրենց հետ: Բայց այդ դեպքում չպետք է նեղանան, երբ արժանանում են նույն «հարգանքի» եւ նույն «վստահության», ինչ որ հնագույն մասնագիտությամբ զբաղվողները: Բա, դա էլ էդ մեդալի մյուս կողմն է:

Բայց երբ խոսքը վերաբերում է ոչ թե առանձին անձին, այլ քաղաքական կազմակերպությանը, կուսակցությանը, հարցը ունի լրիվ այլ բնույթ: Եթե տվյալ անձը խաբեբա է եւ քամելեոն, դա իր անձնական գործն է, մինչեւ որ իր պատճառով սկսում են տուժել ուրիշները: Եթե որեւիցե կուսակցություն է հավաքաբար օժտված նման հատկություններով, դա արդեն ոչ միայն հասարակական, այլ պետական կարեւորության խնդիր է: Նախ, զուտ կենցաղային առումով, ժողովրդին այդ «քցողները» հետո բարգավաճում են՝ ի տարբերություն «առանձին վերցրած անձի», ոչ թե իրենց, այլ հասարակության հաշվին, հարկատուների հաշվին: Իսկ մյուսը, առավել վտանգավորն այն է, որ ընտրողին հրամցնելով մի ծրագիր, դրա շնորհիվ ստանալով «անցումային» քվեներ, տվյալ կուսակցությունը հետո սկսում է վարել լրիվ այլ քաղաքական գիծ: Դրա պարզագույն օրինակն է հենց ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի այժմյան կեցվածքը: Էլ չանդրադառնանք հանրահայտ նախընտրական-հետընտրական փաստերին, այլ շեշտենք միայն, որ իրենց տեղերն ստանալով «ազգային համաձայնության» կառավարության մեջ, այդ կուսակցություններն աջակից հանդիսացան խորհրդարանի կողմից հայտնի դրակոնյան օրենքը ընդունելու հարցում: Մինչդեռ իրենց նախընտրական քարոզներում բառ ու միջոց չէին խնայում հիմնական մրցակցին վարկաբեկելու համար՝ հիմնականում, նաեւ, հենց այդ բնագավառում: Ի դեպ, նման իրավիճակներում, «քցված» ժողովուրդը ոչ թե իրեն պատեպատ է տալիս, այլ պետությունն է սկսում նման դեպքերում օրենքով նախատեսված անհրաժեշտ գործողություններ (Ճիշտ գործելու ցուցադրական դաս է տալիս մեր հարեւան «բռնապետական եu վայրի» Թուրքիան, ուր պատին են սեղմել, կամ էլ մի օրինական ելք են փնտրում, իշխող կուսակցությանը՝ իր նախընտրական թեզերին հակառակ քաղաքականություն իրականացնելու համար):

Ակնհայտ է, որ կա օրենսդրական լուրջ բացթողում նման պարագաների համար, թե քաղաքական կազմակերպությունների, թե անձերի դեպքում: Խնդիրը կարգավորելու համար թերեւս անհրաժեշտ են հետեւյալ քայլերը. Նախ, քվեաթերթիկների մեջ, բոլոր մակարդակի ընտրությունների համար, վերականգնել «բոլորին դեմ» տողը, երկրորդ` պետք է կարգավորվի բոլոր մակարդակի ընտրովի պաշտոնյաների հետկանչի մեխանիզմը, եւ երրորդ, պետք է օրենքով արգելվի քաղաքականությամբ զբաղվել բոլոր այն կազմակերպություններին եւ գործիչներին, որոնք շեղվում են իրենց քաղաքական պլատֆորմից:


Արտավազդ Բասենցյան

lragir.am

No comments: