
Տեր-Պետրոսյանը հացադուլավորներից խնդրեց դադարեցնել պայքարի այդ ծայրահեղ միջոցը, սակայն վերջիններս, ներողություն խնդրելով առաջին նախագահից, նշեցին, որ հացադուլը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջը գործող իշխանությունները չեն կատարել: Հացադուլավորներին հրաժեշտ տալուց առաջ առաջին նախագահը նրանցից պահանջեց արեւի տակ գոնե նստել գլխարկներով:
«Որքան էլ հարգում ենք Տեր-Պետրոսյանին, սակայն չենք կարող չշարունակել հացադուլը: Երեկ մենք 15 հոգի էինք, սակայն մեր խնդրանքով 4 կանայք այսօր դադարեցրեցին հացադուլը»,- «Ա1+»-ին ասաց հացադուլավորներից «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Այվազյանը:
Հացադուլավորները Եռաբլուրը չեն լքում նաեւ գիշերը: Մինչ այս պահը նրանց որեւէ պաշտոնյա չի այցելել: «Չենք էլ սպասում: Տարօրինակ կլինի, եթե գան»,- ասաց պարոն Այվազյանը: Հացադուլավորների կանչով այսօր նրանց այցելել են Շտապ օգնության աշխատակիցները` հացադուլավորներից մեկի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով:
Հացադուլավորների մի մասը «Հանրապետություն» կուսակցության անդամներ են, իսկ մյուսները` երկրապահներ:
«Այս օրերին Եռաբլուր այցելողները զոհված ազատամարտիկների շիրիմների կողքին կարող են տեսնել նաեւ ողջ ազատամարտիկների»,- իրենք իրենց մասին կատակելով ասացին հացադուլավորները:
A1+
No comments:
Post a Comment