Friday, May 30, 2008

Հացադուլը ժամանակավորապես դադարեցրել են


Այսօր Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում շարունակվեց «Կումայրի» ջոկատի հրամանատար Աշոտ Զաքարյանի, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանի եւ Շոթա Սաղաթելյանի գործով դատալսումը:

Նրանք մեղադրվում են քրեական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ մասով` ԸԸՀ-ի աշխատանքը խոչընդոտելու համար: Պաշտպանական կողմը այսօրվա նիստին միջնորդեց հետազոտել եւ որպես իրեղեն ապացույց գործին կցել փետրվարի 19-ի 34-06 տեղամասում առկա տեսանյութը: Պաշտպան Հովիկ Արսենյանը նշեց, որ նախաքննական մարմինը չէր հայտաբերել կամ չի ուզել հայտաբերել, եւ այն տեսադաշտից դուրս է մնացել. «Որպեսզի վիճաբանություն չսկսվի, Պետրոս Մակեյանը դուրս էր եկել ընտրատեղամասից»: Միջնորդությամբ հանդես եկավ նաեւ Պետրոս Մակեյանը, որը ցանկացավ որպես վկա դատարան հրավիրվի Արա Մովսիսյանը: Դատարանը երկու միջնորդություններն էլ բավարարեց:

Այնուհետեւ պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց իր երեք պաշտպանյալների խափանման միջոցը փոխել այլընտրանքային միջոցով կամ գրավով եւ նրանց ազատ արձակել: Դատարանը մեկ ժամով հեռացավ խորհրդակցական սենյակ, սակայն վերադարձավ երկու ժամ հետո ու մերժեց` միջնորդությունն անհիմն համարելով: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունիսի 6-ը:

Ի դեպ, նշենք որ ամբաստանյալ Աշոտ Զաքարյանը եւ Շիրակի մարզում երեք ամբաստանյալների համար հացադուլ հայտարարած բոլոր քաղաքացիները ժամանակավորապես դադարեցրել են հացադուլը: Սակայն վստահեցնում են, որ եթե հարցը արդարացիորեն չլուծվի, դրանից հետո անժամկետ հացադուլի կնստեն:

No comments: