Saturday, May 31, 2008

Ամենապարտաճանաչը ամբաստանյալն էր

Առանց դատարանի պատշաճ տեղեկացնելու իր բացակայելու մասին` այսօր մեղադրող Հովսեփ Սարգսյանը այդպես էլ չներկայացավ Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Հովսեփ Սարգսյանը այն մեղադրողն է, որ այսօր դատարանում պետք է ապացուցեր, որ ՀՀՇ վարչության անդամ, ԱԱԾ նախկին փոխնախարար Հովհաննես Ղազարյանը մարտի 1-ի առավոտյան բռնությունն է կիրառել եւ դիմադրել ոստիկանության աշխատակցին: Այսօր դատարան չէին ներկայացել Հովհաննես Ղազարյանի պաշտպաններ Մուշեղ Շուշանյանն ու Նազելի Վարդանյանը, սակայն ի տարբերություն մեղադրող Սարգսյանի` նրանք դատարանի պատշաճ կարգով տեղեկացրել էին, որ մայրաքաղաքից բացակայելու պատճառով չեն կարող ներկայանալ դատավարությանը:

Ինչեւէ, Հովհաննես Ղազարյանն իր դատավարության առաջին օրը անցակացրեց առանց մեղադրողի եւ պաշտպանների: Դատավոր Արայիկ Մելքումյանը որոշեց դատական նիստը հետաձգել անորոշ ժամանակով եւ խոստացավ հաջորդ նիսստի մասին լրացուցիչ տեղեկացնել: Հիշեցնենք, որ Հովհաննես Ղազարյանը ձերբակալվել է մարտի 1-ին առավոտյան եւ բերման էր ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին: Նրանք մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով:

Ի դեպ, Հովհաննես Ղազարյանն այսօր դատարան ներկայացավ բարձր տրամադրությամբ եւ ողջունեց դահլիճի ներկաններին:

No comments: