Friday, May 30, 2008

Երիցս բռնության ենթարկվածը


Քաղբանտարկյալներ Հովհաննես Ղազարյանի, Միսակ Հովակիմյանի եւ Վարդգես Գասպարիի գործերով մի ոստիկան է անցնում, մազոխիզմի ոստիկանը, որին, պարզվում է, բոլոր այդ երեքն էլ, ըստ ՀՀ դատախազության, ծեծել, անարգել ու բռնության են ենթարկել: Այդ վկան ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերհետախույզ, միլիցիայի լեյտենանտ Էդգար Պետրոսյանն է:

Միսակ Հովակիմյանի գործի դատաքննության ընթացքում արդեն ուրվագծվել էր, որ սույն մատնիչն ընդհանրապես չի առնչվել պարոն Հովակիմյանին եւ մարտի 1-ին նրան բերման ենթարկելու հետ կապ չի ունեցել: Երեկ ՍՍ-ի իշխանության համար ահ ու սարսափ դարձած մտավորականներից Վարդգես Գասպարիի գործով դատական նիստում վկայություն էր բարբաջում նույն լեյտենանտը: Նրա լկտի պահվածքը անընդհատ հունից հանում էր դահլիճում ներկա եւ ի դժբախտություն լեյտենանտի` կիրթ, գրագետ հասարակությանը, որոնց վիրավորում էր ոչ միայն այդ ոստիկանի կեցվածքը, այլեւ ականջ սղոցող անգրագիտության աստիճանը: Երբ նա ներկայանալիս ասաց, որ ունի բարձրագույն կրթություն եւ ավարտել է պետհամալսարանը, երջանկահիշատակ, Ռաֆայել Ղազարյանի տիկինը` Գրիզելդա Ղազարյանն ինքնաբերաբար բացականչեց` «Չի կարող պատահել»: Այդ բացականչությանն ի պատասխան` օպերը շուռ եկավ ու հայտարարեց, որ ինքը երկու բուհ է ավարտել ու հարուցեց, ինչպես ժողովուրդն է ասում` «Եփած հավի քրքիջը»: Լարիսա Ալավերդյանը կասեր` ուրեմն պետք է երրորդն էլ ավարտել. մեկին մի անգամ ասաց: Դատավոր Արշակ Պետրոսյանը ոչ այն է` զսպեր դահլիճում բերնեբերան քննարկվող վկայի այս կամ այն «հեղինակային նեոլոգիզմը», ոչ այն է` հետեւեր նրա բարբաջանքին, «վկայությունից» մի բան հասկանալու հույսով: Մինչ Էդգար Պետրոսյանին հարցեր էր տալիս դատախազ Արամ Ամիրզադյանը, նրա պատասխանները հնչում էին հնարավորինս հանգիստ ու սերտած: Ամիրզադյանի ճապաղ ու մեղադրանքը հաստատելու նպատակ հետապնդող յուրաքանչյուր հարց ուղորդվում էր դահլիճի կանանց անեծքով ու մեկնաբանություններով: «Դիստրոֆիկ, այ դիստրոֆիկ, Սերժի մանկլավիկ, գիտես մարսելո՞ւ ես արածներդ: Մի տես` ում դիմացն ես նստած, մտավորական մարդու կյանքի հետ ես խաղում: Արա Սահակյանի ոտքերի տակ սողացիր, ՀՀՇ-ի հացը կերար, գիտես մա՞րդ ես դարձել»,-Ամիրզադյանին շշպռեց մի կին: Սա բան ու գործ թողեց, շուռ եկավ ու լեզվակռվի բռնվեց իր պորտը տեղը դնող տիկնոջ հետ: Դահլիճն էլի վերածվեց քաոսի: Ամիրզադյանը դատավորից խնդրեց դահլիճից հեռացնել բոլորին, «որպեսզի կարողանանք հանգիստ աշխատել»,-բացատրեց նա: Դատավորը մի երկու կնոջ հեռացրեց, այդ կանայք հեռանալիս արտահայտվեցին ի խորոց սրտի` «Խիղճ ունեցեք, դատաստանից վախեցեք, ստահակներ, ի՞նչ եք անում»,-գոչեց հեռացվող կանանցից մեկը: Մնացածները ժամանակավորապես հանդարտվեցին, ու ոստիկանին հարցեր ուղղելու հերթը հասավ պաշտպանական կողմին: Մինչ փաստաբան Մուշեղ Շուշանյանը կհարցաքններ վկային, Վարդգես Գասպարին նրան հարցրեց` «Դուք գիտե՞ք սուտ մատնության մասին հոդվածի գոյության մասին»: Սա գիրացած այտերը շուռ տվեց դեպի Ամիրզադյանը: Ամիրզադյանը անհանգիստ շարժում արեց տեղում, կարծես ծույլ աշակերտի հուշարար ընկերը լիներ: Երիցս բռնության ենթարկվածը ասաց` «Այո»: Դատավորը հորանջեց, ձգվեց դեպի սեղանի աջ կողմը, դեպի Շուշանյանը եւ հայացքը լարեց, իբր` «Կարող եք տալ Ձեր հարցերը»: Շուշանյանը սկսեց օպերի` մարտի 1-ին Ազատության հրապարակում «գործառույթ իրականացնելու» մանրամասները պարզաբանելու նպատակ հետապնդող հարցերից:

«Որտե՞ղ եք առաջին անգամ հանդիպել իմ պաշտպանյալին»,-հարցրեց փաստաբան Շուշանյանը: «Դե, Ազատության հրապարակի հարակից տարածքից»,-պատասխանեց վկան: «Կարո՞ղ եք այս քարտեզի վրա նշել այն տեղը, որտեղ հանդիպել եք իմ պաշտպանյալին: Սա Ազատության հրապարակի սխեման է»,-հարցրեց փաստաբանը: Նախորդ` Միսակ Հովակիմյանի գործով դատաքննությանը նրա կողմից բռնության ենթարկվելու դրվագը պատմելիս նույն այդ մայրաքաղաքում 2 բուհ ավարտած ու կրթված կապանցին նույն քարտեզի վրա նշել էր նույն հարցի պատասխանը: Այդ օրը նույն մեղադրող Ամիրզադյանը փորձում էր խոչընդոտել հարցը եւ թույլ չտալ, որ օպերը նշի Միսակ Հովակիմյանին բերման ենթարկելու վայրը: Գասպարիի պարագայում Ամիրզադյանն ուղղակի վեր թռավ տեղից, հասավ դատավորի մոտ (քարտեզը դատավորի մոտ էր, փաստաբանն էր տրամադրել) եւ հայտարարեց, որ այդ քարտեզը սխալ է: Բարձրագույնն ավարտած ոստիկանը որսաց այդ արտահայտությունը եւ մի 20 րոպե միացավ ու չէր անջատվում` «Քարտեզը լյավ չի գծած, հորիզոնական է, ես չեմ կարող նշել, սխալ քարտեզ է: Սա չի համապատասխանում իմ պատկերացումներին»,-ասում էր Էդգար Պետրոսյանը: Քարտեզը Օպերայի շենքի պաշտոնական հատակագիծն էր, քաղաքապետարանում հաստատված: Ամիրզադյանը օպերին զուգահեռ խոսում էր` «Էդտեղ սխալ է գծված, ինչի՞ պիտի նշի, չնշե'ս: Ինքը իր նախաքննական ցուցմունքում գրել է, թե որտեղից է բերման ենթարկել»,-աղմկում էր Ամիրզադյանը: Նույնիսկ դատավորին չհաջողվեց համոզել վկային, որ ցույց տա այն տեղը, որտեղից բերման է ենթարկել պարոն Գասպարիին: Գասպարիին բերման ենթարկելու տապոգրաֆիան հետախույզի մտավոր կարողության բանը չէր, եւ դա հասկացավ անգամ Ամիրզադյանն ու հաջողեց հարցից խույս տալու սցենարը: Բայց հետախույզն այնուամենայնիվ խոստովանեց, որ Երեւան քաղաքը այդքան էլ լավ չի ճանաչում ու պլստաց կերպարին համաձայն: Բայց դե, Շուշանյանն էլ հո ռազմավարություն ուներ մշակած: Նա հարցրեց, թե արդյոք հիշո՞ւմ է այդ վկան, թե բերման ենթարկելու պահին ինչ հագուստով էր իր պաշտպանյալը եւ գլխարկ կրո՞ւմ էր, թե ոչ: Օպերն արձագանքեց` «Ոչ»: «Իսկ ի՞նչ տեսք ուներ նա, սափրվա՞ծ էր, թե՞ մորուքով»,-հարցրեց Շուշանյանը: Սա նորից արձագանքեց` «Մորուքով, ինչպես որ հիմա է` այդ տեսքն էլ ուներ»,-ատամների արանքից քամեց օպերը: Վարդգես Գասպարին, որ վկայի հարցաքննության ողջ ընթացքում մտասեւեռված էր, ժպտաց` «Ես ընդհանրապես վստահ եմ, որ Դուք չեք ինձ բերման ենթարկել»,-ասաց պարոն Գասպարին:

Անդրադառնալով Էդգար Պետրոսյանի կերպարին, մի կողմ թողնելով նրա բարոյական նկարագիրը, մտավոր կարողությունների աստճանն ու մասնագիտական պատրաստվածությունը, ուղղակի անհրաժեշտ է նշել, որ նա սուտասան ու զրպարտիչ է: Այդ մարդը Միսակ Հովակիմյանի դատաքննությանը բացահայտվեց որպես անհավասարակշռված, գեղից քաղաք եկած` քաղաքում թիկունք գտած, գեղցու (չշփոթել գյուղացու, այսինքն` գյուղաբնակի հետ: Նկատի ունեմ հոգեկերտվածքը,-Գ.Ա.) ճարպկությամբ արժեքային բոլոր համակարգերն անտեսած ու ցանկացած միջոց օգտագործելով հաց վաստակող ու հաստացող, կատարյալ անգրագետի մեկն էր: Նա դատավորի, դատական նիստի բոլոր մասնակիցների ներկայությամբ հարվածեց ինձ եւ նույն օրը լրատվական գործակալություններով տարածեց, թե ես եմ իրեն հարվածել իսկ ինքն ինձ պատահական է դիպել, պատահաբար է ձեռքը կպցրել իմ ձայնագրիչի «stop»,-կոճակին եւ երեք անգամ անջատել այն: Եթե մարդու, ավելի ճիշտ` ստահակի այդ տեսակը ակնհայտ կատարած իր արարքը ոչ միայն նենգափոխում է, այլ նույնիսկ իրենից տուժած կնոջն է զրպարտում, ինչի՞ է ընդունակ նա այնպիսի իրավիճակներում, երբ իրեն կատարյալ ապահով է զգում իր նմանների ոհմակում: Ո՞վ կարող է հավատալ, որ հաստավիզ այդ պահարանին բռնության է ենթարկել նախ Միսակ Հովակիմյանը, քաղաքային ինտելիգենցիայի այդ 68-ամյա ներկայացուցիչը, հետո` Հովհաննես Ղազարյանը եւ վերջում` Վարդգես Գասպարին: Թեպետ հերթականությունը կարող է այլ լինել, բայց դա չէ էականը:

Վարդգես Գասպարին երեկ հայտարարեց, որ այդ վկան խեղկատակ է, իսկ դատավարությունը` խեղկատակություն: Եվ եթե այն շարունակվի, ինքն ու իր պաշտպանը թերեւս որոշեն չմասնակցել արդարադատություն հորջոջվող այդ քյանդրբազությանը: «Թող անեն ինչ ուզում են, բայց` առանց մեր մասնակցության»,- հայտարարեց Վարդգես Գասպարին: Իսկ օպերվկայի հարցաքննությունն այդ օրը չավարտվեց: Ավարտվեց աշխատանքային օրը: Հաջորդ նիստը կկայանա հունիսի 9-ին ժամը 14:00-ին:



Taregir.am

No comments: