Saturday, May 31, 2008

Երեխաները պահանջում էին ազատություն

«Ազատություն հայրիկին» վանկարկումներով, քաղբանտարկյալների լուսանկարները պարզած մի քանի տասնյակ կանայք եւ երեխաներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության առաջ: Ակցիայի մասնակիցների հիմնական մասը քաղբանտարկյալների երեխաներն էին, որոնք պահանջում էին դատախազությունից ազատ արձակել իրենց հայրիկներին:

«Այսօր պահանջում ենք ազատություն քաղբանտարկյալներին: Պայքարելու ենք մինչեւ վերջ: 93 օր է նրան տեսել եմ անազատության մեջ: Ինչքան էլ բանտարկեն, փակեն բանտերում, միեւնույնն է, չեն կարող միտքն ու լեզուն փականքի տակ պահել»,- ասաց «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանի դուստր Լուսինե Հարությունյանը: Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի դուստր Ծովինար Բանուչյանն էլ նշեց, թե եկել են եւս մեկ անգամ ազատություն եւ արդարադատություն պահանջելու. «Ամենաշատը ոչ թե նրա համար, որ մեր ծնողներն են, այլ իրենք գիտեն անկախության եւ ազատության գինը, իրենք վճարել են, ընկերներ են կորցրել մարտի դաշտում ու այսօր իրենք են կարեւոր, որ մենք այս երկրում ապագա ունենանք ու պետք է լինեն ազատության մեջ: 2 ամիս 1 շաբաթ է չեմ տեսել հայրիկիս, կպայքարենք մինչեւ բոլոր արդար մադիկ լինեն ազատության մեջ»:

Ակցիայի մասնակիցները այսօր արդեն 6-րդ նամակն էին հանձնում դատախազությանը, սակայն որեւէ պատասխան մինեւ այսօր չեն ստացել: «Չնայած չեն պատասխանում, բայց մենք կրկին հանձնում ենք, քանի որ օրենքը պահաջում է, մենք էլ ուզում ենք օրինական ճանապարհով գնալ»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանի կին Մելիսա Բրաունը: «Մենք` ՀՀ կանայք, համարում ենք, որ այս ամբողջը իշխանության կողմից ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդում է: Մենք կրկին մեր ձայնն ենք բարձրացնում այդ ապօրինությունների դեմ, պահանջում ենք դադարեցնել շարունակվող քաղաքական հետապնդումները եւ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին»,- նշված է դատախազությանն ուղղված հայտարարության մեջ, որի տակ ստորագրեցին հավաքված կանայք:

No comments: