Friday, May 30, 2008

Սէֆիլյանին հրավիրում են

Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ժիրայր Սէֆիլյանը հավանական է արտաքսվի Հայաստանից, սփյուռքահայ տարբեր գաղթօջախներից, ոչ միայն Լիբանանից, այլև Կանադայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Կիպրոսից, Ավստրալիայից և նույնիսկ Ռուսաստանից, ստացվում են բազմաթիվ էլեկտրոնային նամակներ և հեռախոսազանգեր: Դրանց հեղինակները դատապարտում են իշխանությունների այդ երախտամոռ ծրագիրը և իրենց զորակցությունն են հայտնում Ժիրայրին: Գրեթե բոլոր դեպքերում մարդիկ իրենց քաղաք են հրավիրում հայտնի հրամանատարին և ազգային գործչին` տեղի հայության հետ հանդիպման նպատակով: Առանձին դեպքերում Սեֆիլյանին նաև հրավիրում են ժամանակավոր բնակության` խոստանալով օժանդակել նրա ազգային գործունեությանը:

Այնուամենայնիվ, Ժիրայրի և նրա աջակիցների նախապատվությունը հանցագործ վարչախմբի` Սէֆիլյանին արտաքսելու ծրագիրը ձախողելն է: Ստացվող նոր տեղեկությունները հաստատում են, որ վերջինս շարունակում է մնալ ուժի մեջ, հակառակ նրան, որ Վարչական դատարանը Ոստիկանությանն է վերադարձրել հայցադիմումը: Պատճառն այն է, որ ոստիկանները մոռացել էին նշել հայցվորի անունը: Օրերս սպասվում է, որ ուղղված հայցադիմումը նորից կվերադարձվի դատարանին: Հետևաբար առայժմ հիմքեր չկան կասկածելու, թե ռեժիմը, գոնե այս անգամ, որոշել է ենթարկվել օրենքին և անհրաժեշտ է շարունակել բողոքի գործողությունները»:

No comments: