Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մասիս Ռեհանյանի նախագահությամբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Անիի տարածքային նախընտրական շտաբի պետ, ազատամարտիկ Հարություն Ուռուտյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման: Նշենք, որ Հյուսիսային քրեական դատարանը նրան մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 149 եւ 112 հոդվածների 2-րդ մասի 2-րդ կետերով եւ պատիժ էր նշանակվել 7 տարի ազատազրկում:
Ըստ որի` նախագահական ընտրությունների քվեարկության օրը Գլխավոր դատախազությունը հայտնել էր, թե ժամը 14-ի սահմաններում Մարալիկ քաղաքի թիվ 36/34 ընտրական տեղամասի մոտ այլոց ներկայությամբ Ուռուտյանը ծեծել եւ մարմնական վնասվածներ է պատճառել Սերժ Սարգսյանի վստահված անձ Սուրեն Ավետիսյանին եւ խոչընդոտել վերջինիս լիազորությունների կատարումը:
Նույն դատարանում այսօր մեկ այլ դատավոր Մարգարիտա Սիմոնյանի նախագահությամբ լսվեց ազատամարտիկ, ԵԿՄ Արաբկիրի կառույցի ղեկավար Հովհաննես Հարությունյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանի վերաքննիչ բերված բողոքը:
Հիշեցնենք, որ ազատամարտիկը մեղադրվում է քրեական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով` փետրվարի 26-ին նրա բնակարանից հայտնաբերվել է 7-62 մմ տրամաչափի 30 փամփուշտ, եւ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել է 1,5 տարվա ազատազրկման:
Պաշտպաններ Վարդան Զուռնաչյանը եւ Հովիկ Արսենյանը միջնորդեցին փորձագետ հրավիրել, ինչը մերժվեց դատարանի կողմից: Պաշտպանները բացարկ հայտնեցին դատավորներին, ինչը եւս չընդունվեց:
Հովհաննես Հարությունյանի գործով հաջորդ դատական նիստը կլինի մայիսի 26-ին, ժամը 15:00-ին:
A1+
No comments:
Post a Comment