Thursday, May 22, 2008

Ուր գործքն սպառին, եւ բանքն թագավորեն

Հանրության ուշադրությունից, հերթական անգամ, անարդարացիորեն դուրս մնաց Ռ.Քոչարյանի չափազանց կարեւոր մի քաղաքական հայտարարություն: Հերթական անգամ Ռ.Քոչարյանը դարձավ հանրային չհասկացվածության զոհ:

Խոսքը Ռ.Քոչարյանի վերջին բացառիկ հարցազրույցի մասին է, որտեղ նա նշեց, թե քանի որ այլեւս նախագահ չէ, իրեն կարող է թույլ տալ ազատ բառապաշար օգտագործել: Ինչ խոսք, միայն մեծ վերապահումներով կարելի է ասել, որ Ռ.Քոչարյանը երբեւէ բառապաշար է օգտագործել: Այն, ինչ նա գործածել է նույնիսկ իր «կաշկանդվածության», այսինքն` նախագահության տարիներին, բառապաշարի հետ ունի երեւի թե այնքան ընդհանրություն, ինչքան որ, օրինակ, մանսարդը մասանդրայի: Բառը, ինչպես կասեր Էդմոն Ավետյանը, «կենդանի էակ է, այն իր մեջ ամփոփում է շատ սերունդների իմաստնական փորձը, այդ իսկ պատճառով նրա հանդեպ պատասխանատվությունը մեզ չպետք է լքի նաեւ այն ժամանակ, երբ գրում կամ շշնջում ենք միայն մեզ համար»: Սակայն Ռ.Քոչարյանը թե իր իշխանության տարիներին եւ թե նաեւ դրանից հետո, ըստ ամենայնի, աչքի է ընկնում ոչ միայն հանրության, այլ նաեւ բառերի առաջ պատասխանատվության գրեթե իսպառ բացակայությամբ: Մարդը կամ պատասխանատու է ամեն ինչում կամ պատասխանատու չէ ոչ մի բանի համար, ինչպես որ ազատությունը` կամ ամենուրեք է առկա կամ առկա չէ ոչ մի տեղ: Սակայն մեկնաբանելով Ռ.Քոչարյանի հրապարակային ելույթները, թերեւս, ավելորդ է խոսել պատասխանատվության եւ ազատության մասին: Չզբաղվենք ավելորդությամբ, պարզապես վերադառնանք այն կետին, որտեղից փորձեցինք փոքր-ինչ խոսել բառի եւ մարդու հարաբերության անհրաժեշտ կամ ցանկալի մակարդակի մասին:

Եվ այսպես` ինչումն է կայանում Ռ.Քոչարյանի քաղաքական հայտարարության էությունը, որ անարդարացիորեն դուրս մնաց հասարակության ուշադրությունից: Բանն այն է, որ Ռ.Քոչարյանի ազատ բառապաշարի մասին խոսքը ըստ էության սպառնալիք էր հանրությանը, ամբողջ ժողովրդին: Այն բառերը, որ Ռ.Քոչարյանը գործածեց իր «անկաշկանդվածության» առաջին իսկ շաբաթներին` մեզ լավ հիմք են տալիս պատկերացնել, թե ինչ նվաճումների նա կհասնի «անկաշկանդվածության» հետագա ամիսների կամ տարիների ընթացքում: Այսինքն` մեզ սպասում են հետագա նորանոր հարցազրույցներ, ելույթներ, որոնց ընթացքում մենք մեզ համար կբացահայտենք հայերենի բոլոր մութ կողմերը, խութերը, կիրճերը: Մենք երեւի թե ունկնդիրը կլինենք լեզվական այնպիսի հնարքների, որ չէինք կարող պատկերացնել անգամ ամենամղձավանջային երազներում: Հայաստանը, հայաստանյան իրականությունը, մեր կյանքը, կենցաղը, մշակույթը մեզ կներկայանան նոր «լույսի» ներքո, ձեռք կբերեն նոր բնորոշումներ, չափման նոր, բառիս բուն իմաստով ավելի հողեղեն արտահայտություններ: Հետեւաբար հանրությունը, եթե իհարկե հասկանար ազատ բառապաշարի մասին Ռ.Քոչարյանի խոսքի քաղաքական ամբողջ խորությունը, հիմա կգիտակցեր, որ երկրորդ նախագահը իրեն կանգնեցրել է լրջագույն ընտրության առաջ` կամ մենք համակերպվում ենք նրա ազատ բառապաշարային ռեժիմին կամ նրան նորից վերադարձնում ենք պետական կառավարման համակարգի այնպիսի պաշտոնի, որտեղ նա ստիպված կլինի գոնե փոքր-ինչ կաշկանդել իր բառապաշարը: Ահա այդպիսի դիլեմա` «կամ կլսեք ինչ կասեմ կամ եթե չեք ուզում մտքից եկածն ասել, ինձ նորից վերադարձրեք իշխանություն»: Սակայն սա որքան հնարամիտ, նույնքան էլ հուսահատ քայլի մասին է վկայում: Փաստորեն, Ռ.Քոչարյանը չի տեսնում իշխանության վերադառնալու հանրային որեւէ այլ տարբերակ: Իհարկե, տարօրինակ կլիներ, եթե մարտի 1-ից հետո նա տեսներ այդ տարբերակը: Սակայն ամեն դեպքում, ըստ էության, նա չի տեսնում տարբերակ նաեւ ներիշխանական հեղաշրջման միջոցով իշխանության գալու համար, ինչպես որ մեկ անգամ արդեն իսկ արել է 1998 թվականին: Պատճառը երեւի թե այն է, որ ներկայումս իշխանության է նրա մերձավորագույն զինակիցը, որը շատ լավ գիտե իշխանության գալու եւ իշխանություն պահելու քոչարյանական մոտեցումները, զինանոցը: Իսկ դա նշանակում է, որ նա կես քայլ անց կհասկանա, թե որտեղ է հարվածում Քոչարյանը: Իսկ կես քայլն իշխանության վերադառնալու համար բավարար չէ, քանի որ խնդիրները ամենուրեք են` թե հասարակության հետ, թե միջազգային հանրության հետ, թե Ռուսաստանի հետ եւ թե իշխանական համակարգի հետ: Կես քայլը չորս ուղղության չի բավականացնի: Այդ իսկ պատճառով Ռ.Քոչարյանին մնում է միայն շանտաժը: Հասարակությանը շանտաժում է բառապաշարով, իշխանական համակարգին շանտաժում է տղամարդկությամբ եւ բարոյականությամբ, միջազգային հանրությանը շանտաժում է Ղարաբաղի անկախության ճանաչմամբ եւ միայն Ռուսաստանին չի շանտաժում, թերեւս առայժմ չկարողանալով հասկանալ` աշխարհն է Պուտինին ծաղրում հանդուրժելով նրա վարչապետությունը, թե Պուտինն է ծիծաղում աշխարհի վրա իր վարչապետությամբ: Սակայն ռուսական հոգին հասկանալն էլ երեւի թե չի կարող հոգեկան բավարարություն պատճառել Ռ.Քոչարյանին, քանի որ միայն Ռուսաստանով այլեւս Հայաստանում իշխանության հարց չի լուծվի: Եվ Ռուսաստանն էլ կարծես թե չի ուզում միայն իրենով իշխանության հարց լուծել: Հայաստանը, ի դեպ, հենց Ռ.Քոչարյանի կառավարած Հայաստանը, ցույց տվեց, որ միջազգային հարաբերությունների եւ աշխարհաքաղաքական կոնտեքստի տեսանկյունից բավական պրոբլեմատիկ երկիր է, եւ այդ երկրի համար միանձնյա պատասխանատվությունն ավելի կաշկանդում է, քան տալիս ճկունության նոր հնարավորություններ: Այսինքն` Ռ.Քոչարյանի համար շղթան փակվում է, ինչն էլ հենց մտահոգում է նրան: Նա փորձեց մարտի 1-ով աշխարհին ցույց տալ, որ միայն ինքն է ունակ Հայաստանում հարցեր լուծել, սակայն պարզվեց, որ աշխարհը շատ առաջ է գնացել հարցեր լուծելու պատկերացումների մեջ, եւ այն մեթոդները, որով Քոչարյանը հարց էր ցանկանում լուծել մարտի 1-ին` ոչ միայն այլեւս հնացած են համարվում, այլ նույնիսկ վտանգավոր: Ընդ որում` վտանգավոր նաեւ այն համակարգի համար, որի փրկության հարցն իբրեւ թե ցանկանում էր լուծել Ռ.Քոչարյանը: Այդ լուծումը նման էր նրան, որ ծովում խեղդվողին փրկում են բերանքսիվայր ափի ավազի վրա թողնելով, ուր եւ նա շնչահեղձ է լինում: Ներկայիս իշխանական համակարգին կարծես թե Քոչարյանը ծովից նետեց ափի ավազին, առանց դեմքը վեր շրջելու: Իսկ ինքնուրույն շրջվելու ուժ համակարգը արդեն չունի, եթե ունենար, ապա վաղուց ի վեր շրջված կլիներ դեմքով դեպի ժողովուրդը, քանի որ այլընտրանք չկա` դեմքը կամ ժողովրդին կամ` ավազի մեջ: Հետեւաբար, թե հասարակության, թե իշխանական համակարգի, թե միջազգային հանրության եւ Ռուսաստանի համար այլեւս երեւի թե պարզ է, որ բառերը, ինչքան էլ դրանք սարսափելի լինեն, պակաս վտանգավոր են, քան գործը: Սակայն հանդուրժելով բառերի հանդեպ անպատասխանատվությունը, անթույլատրելի է գործի համար պատասխանատվություն չպահանջելը, քանի որ հենց այդպես են բեղմնավորվում այն գործերը, որոնք հանգեցնում են մահերի:


Արամ Ամատունի
Zhamanak.com

No comments: