Tuesday, May 13, 2008

Դատը հետաձգվեց անորոշ ժամկետով

Շիրակի մարզի Ընդհանուր իրավասությունների դատարանում այսօր ընդհատվեց Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի գործով դատալսումը: Նրանք մեղադրվում փետրվարի 19-ին Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար:

Շիրակի մարզի Ընդհանուր իրավասությունների դատարանի շենքի մուտքի մոտ այսօր դատական կարգադրիչներից բացի մեծ թիվ էին կազմում նաեւ ոստիկանները: Պատճառաբանությունը՝ դատական նիստերի ժամանակ օրինականության պաշտպանությունն էր: Այսօրվա նիստին չէին մասնակցում Հայոց կանանց շարժման ակտիվիստները՝ իրավապահների հետ հնարավոր բախումներից զերծ մնալու նպատակով: Դարձյալ անվտանգության նկատառումներով, նիստին մասնակցել ցանկացողներին դռների մոտ ստուգում էին մետաղորսիչ սարքով:

Շուշիի ճակատամարտի մասնակից Աշիկ Մարտիրոսյանին ստուգելիս սարքն աղմկել էր, ինչը նշանակում է մետաղի առկայություն: Պարզվեց, որ սարքն արձանագրել էր մարմնի մեջ նստած բեկորների առկայությունը: Ստուգողին կասկածի տեղիք էր տվել ազատամարտիկի խոսքը, ով էլ պահանջել էր ցույց տալ մետաղական իրերը:

Նախատեսված ժամը 12-ի փոխարեն, նիստը սկսվեց 13.20-ին: Նիստի սկզբում նախագահող Վահե Խալաթյանն ասաց, որ նկարահանումների համար հեռուստաօպերատորներին տրվում է 10 րոպե ժամանակ, ինչն առաջացրել էր ներկաների դժգոհությունը:

Մեղադրող կողմն անցած նիստի ժամանակ գտել էր, որ նախաքննության ընթացքում եւ վկա Լիլիթ Մուրադյանի՝ դատարանին տված ցուցմունքներում էական տարբերություն կա, ուստի միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները:

Նախաքննական ցուցմունքներն հրապարակելուց հետո նախագահողի նշած 10 րոպեներն անցնելուց հետո իրավապաշտպանները դուրս հրավիրեցին հեռուստաօպերատորներին: Սա դուր չեկավ նաեւ ամբաստանյալներին, ովքեր կատարվածը հերթական սադրանք բնութագրեցին ու հրաժարվեցին մասնակցել նիստին:

Կատարվածին իր բնութագրումը տվեց նաեւ փաստաբան Հովիկ Արսենյանը. «Հարգելիս, բարի եղիր ԶԼՄ-ների մասին օրենքը իմացիր, չի կարելի այդպես: Դա ինչ է նշանակում, միայն վախի մթնոլոտ ստեղծել, ոչ ոքի իրավունք չտալ իր ազատությունների համար պայքարել: Սա է ամբողջ խնդիրը: Նա որոշում չկայացրեց, ինքնուրույն, ապօրինի հայտարարություններ արեց, որովհետեւ պետք է բարի լիներ դատավարության սուբյեկտներ՝ կողմեր հադիսացող անձանց կարծիքը հարցնելու, որից հետո որոշում ընդունելու»:

Դատական նիստն ընդմիջվեց անորոշ ժամանակով:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ

No comments: