Այսօր ժամը 13.30-ին ինչ-որ անհայտ ամսագրի լրագրող ներկայացած մեկը «Հիմա» հ/կ անդամ Արսեն Խառատյանին ժամադրել է Վերնիսաժի հարեւանությամբ գտնվող սրճարաններից մեկում: Լրագրող ներկայացածը այդպես էլ չի ժամանել, նրա փոխարեն Արսեն Խառատյանի վրա են հարձակվել 3 անձինք եւ նրան ծեծի ենթարկել: «Նալբանդյան-Ալավերդյան խաչմերուկում հետեւիցս իմ վրա հարձակվեցին եւ հարվածեցին գլխիս: Ես նրանց դեմքերը չտեսա, քանի որ գետնին էի ընկած, իսկ նրանք շարունակում էին հարվածել»,- Նոր Նորքի «Գրիգոր Լուսավորիչ»
հիվանդանոցից «Ա1+»-ին տեղեկացրեց Արսեն Խառատյանը: Այնուհետեւ նրան օգնել են փողոցի անցորդները եւ Շտապ օգնության մեքենայով տեղափոխել Նոր Նորքի հիվանդանոց: Ամենալուրջ վնասվածքը Խառատյանը ստացել է գլխի հատվածում եւ 4 կար է դրվել: Թեեւ նա չի տեսել իր վրա հարձակվողներին, սակայն համոզված է, որ տեղի ունեցածը պատահականություն չէ եւ իր վրա հարձակվողները գիտեին իր ով լինելը:
Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ: Հիվանդանոցում Խառատյանին քննիչներ են այցելել եւ ցուցմունքներ վերցրել:
Նշենք, որ Արսեն Խառատյանը «Սկսելա» եւ «Հիմա» երիտասարդական հ/կ-ների անդամ է եւ ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում: Մարտի 1-ի դեպքերից հետո նա Հյուսիսային պողոտայից 2 անգամ բերման է ենթարկվել` «ինքնությունը» ճշտելու համար: Ի դեպ, այդ առթիվ Խառատյանը դիմել է ՀՀ Գլխավոր Դատախազությանը եւ պահանջել պատժի ենթարկել իրեն անօրինական 2 անգամ ազատությունից զրկելու համար:
No comments:
Post a Comment