Tuesday, May 13, 2008

Հետաքննությանը կվստահի երկու դեպքում

Հայաստանի քաղաքագետների միությունը պատրաստվում է նախաձեռնել հասարակական լսումներ, որոնք կարող են վերածվել մարտի 1-ի հասարակական հետաքննության, որովհետեւ, ըստ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, միայն հասարակական հետաքննությունը կարող է լինել մեր պայմաններում անաչառ եւ անկախ: Նա վստահում է կամ միջազգային հետաքննությանը, կամ հասարակական. «Այդ լսումների ընթացքում, հուսով ենք, կունենանք այնպիսի առատ նյութեր եւ վկայություններ մեր քաղաքացիների կողմից, որ հնարավորություն կունենաք հասարակական լսումները վերածել հասարակական հետաքննության, ինչի արդյունքներով Հաագայի դատարան դիմելու իմ առաջարկը կստանա միս ու արյուն եւ կյանքի կկոչվի հասարակության համընդհանուր ուժերով»:

Հիշեցնենք, որ համաժողովրդական շարժման ուժերի երկրորդ կոնգրեսի ժամանակ Հմայակ Հովհաննիսյանը հնչեցրեց Հաագայի դատարան դիմելու գաղափարը. «Ես առաջարկեցի, բայց դա իրականալի է միմիայն այն դեպքում, երբ կոնգրեսին անդամակցող բոլոր քաղաքական, հասարակական գործիչները ձեռնամուխ լինեն այդ գործին: Դա մեծածավալ աշխատանք է, որը պահանջում է համապատասխան ներուժի առկայություն, որը հնարավոր է միայն կոնգրեսի ձեւավորումից հետո»:

Հմայակ Հովհաննիսյանը լիահույս է, որ երբ կոնգրեսի կառույցները ձեւավորվեն, միաձայն համապատասխան որոշում կկայացվի պաշտպանելու իր նախաձեռնությունը. այն է հավաքել ստորագրություններ, ի պաշտպանություն այն հայցի, որը պետք է նախօրոք մշակվի եւ ստորագրություններով ամրապնդված ուղարկվի Հաագայի դատարան:

Իսկ ինչ վերաբերում է ստեղծված եւ ստեղծվելիք հանձնաժողովներին ու աշխատանքային խմբերին, որոնք պետք է ուսումնասիրեն նախագահի ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումները կամ ԵԽԽՎ բանաձեւի իրականացման ընթացքին հետեւեն, ապա Հմայակ Հովհաննիսյանը նկատում է. «Իշխանությունները վաղուց են հմտացել ամենաճիշտ եւ ամենահիմնավորված գաղափարները ապականելու, թաղելու գործում»:

Իսկ ՀՀ իշխանությունների լեգիտիմության վերականգման միակ մեխանիզմը համարում է ոչ թե տարբեր հանձնաժողովների աշխատանքով աչքակապությունը, այլ համապետական արտահերթ ընտրությունները, հատկապես նախագահի եւ ԱԺ-ի.

«Այլ տարբերակ լեգիտիմության վերականգման գոյություն չունի: Մի ԱԺ, որը չկարողացավ ստանձնել արբիտրի դերը նախագահական ընտրությունների ընթացքում, չկարողացավ կանխել մարտի 1-ի ողբերգությունը, չնայած այդ հնարավորությունը ուներ, որովհետեւ եթե ընդդիմադիր առաջնորդները Մյասնիկյանի արձանի մոտ հանգստացնում եւ զսպում էին ժողովրդին, ցուցարարներին, եւ եթե նույնը անեին ԱԺ-ի պատգամավորները, եթե 131 անդամով ներկա գտնվեին եւ զսպեին, որպեսզի չկրակեին այդ «իրավապահ» կոչվածները, ամեն մեկը մեկի ձեռքը բռներ, սթափության կոչեին դիպուկահարներին եւ մյուսներին, ովքեր կրակում էին ժողովրդի վրա, այդ ողբերգությունը տեղի չէր ունենա եւ հնարավոր կլիներ խուսափել: Ինչպես նրանք, այնպես էլ Գարեգին Երկրորդը պարտավոր էին լինել այդ ժամին այնտեղ եւ կանխել արյունահեղությունը»:

Ի դեպ, Հմայակ Հովհաննիսյանը այսօր պատրաստվում էր շնորհավորել ՀՀ հիմնադիր նախագահին, «ում ջանքերի շնորհիվ հաջողվեց ձեռք բերել զինադադար մեզ համար արժանավայել պայմաններով` մեր հաղթանակը ըստ էության ամրագրելով հրադադարի պայմանագրով»: Հմայակ Հովհաննիսյանը մեջբերեց տարբեր ժամանակների տարբեր մտածողների եւ քաղաքական գործիչների մտքերից. «Ճակատամարտերում հաղթում են հրամանատարները, բայց պատերազմում հաղթում է քաղաքական առաջնորդը, երկրի ղեկավարը: Լեւոն Տեր-Պետրոսյանը պրագմատիզմի վրա հիմնված քաղաքականության վարպետ է, անգնահատելի վարպետ, դա ազգային շահի, սթափ, գաղափարախոսական կանխավ մոտեցումների վրա հիմնվող գնահատականներից հեռու, զուտ իրատեսական գնահատականի վրա հիմնված մոտեցում ունեցող գործիչ է, միմիայն ազգային շահի իրատեսական հաշվարկի վրա հիմնված քաղաքական վճիռներ կայացնող. նրա այս ձեռագիրը եւ ձիրքը հնարավորություն տվեց հասնել մեզ համար ցանկալի արդյունքի»:


A1+

No comments: