Tuesday, May 13, 2008

Ուշագնաց է եղել հարցաքննության ժամանակ

Էջմիածնի Ծիածան գյուղի ողջ բնակչությունն ու հարեւան գյուղերից շատ մարդիկ հավաքվել էին այսօր ՀՀ Կառավարության, ապա ՀՀ Դատախազության դիմաց եւ պահանջում էին գոնե մարդասիրական վերաբերմունք: Խնդիրն այն է, որ նույն գյուղի բնակիչ 29 -ամյա Գեւորգ Մանուկյանին, ով գլխուղեղային լուրջ հիվանդություն ունի, դեռ ուրբաթ օրվանից կանչել են հարցաքննության` հանրահավաքներին մասնակցելու համար, ապա Էջմիածնից տեղափոխել Երեւան եւ այժմ պահում են մեկուսարանում: Գեւորգի համագյուղացի Վահանը «Ա1+»-ին պատմեց, որ տղայի վատանալուց միայն ժամեր անց փաստաբանի միջամտությամբ կարողացել են բժշկական օգնություն ցուցաբերել.

«Ուշագնաց է եղել մի քանի անգամ, ոստիկանությունում փորձել են ուշքի բերել ու այդ վիճակով ցուցմունքներ են կորզել, այն դեպքում, երբ տղան անմեղսունակ է եւ համապատասխան փաստաթղթեր ունի»:

Գեւորգի մայրը` տիկին Անժիկը, հազիվ զսպելով արցունքները պատմեց, որ վերջին շրջանում ամեն օր քաղաքացիական հագուստով մի երիտասարդ էր գալիս եւ Գեւորգին հարցնում:

«Ասում էր այդ տղան, թող գա, բերի թղթերը, ներկայանա, ոչ մի բան չի լինի, դե ես էլ ինձնից գոհ, որ բան էլ չի լինի, տղուս հանձնեցի ոստիկաններին ու չգիտեմ ինչ են արել, տեսնողները պատմում էին, որ վրայից ջուր էր գնում ու անընդհատ ուշագնաց էր լինում»,-պատմեց մայրը:

Տիկին Անժիկին եւ Գեւորգի բարեկամներին միացած ողջ գյուղի բնակչությունը դիմում է ներկայացրել կառավարությունը եւ կառավարության աշխատակազմից Կարեն Ստեփանյանը, ով իջել եւ զրուցել է նրանց հետ, խոսք է տվել անհապաղ միջոցներ ձեռնարկել:

«Բժշկական եզրակացությունն ու ուղեգիրը եւ Գեւորգի վիճակի մյուս փաստաթղթերը կից ներկայացրել ենք դիմումին եւ հիմա սպասում ենք պատասխանին»,-պատմեց տղայի բարեկամներից մեկը:

«Մենք մարդասիրական վերաբերմունք ենք հայցում, հո չեմ ասում տվեք տուն տանեմ, ուղղակի ուզում եմ վիճակը կայունանա: Գիտեմ, որ շտապ օգնությունը երկու անգամ ինչ-որ թունդ դեղեր է ներարկել, իսկ իր հիվանդության պարագայում կարող է ուղղակի քնի ու չզարթնի այդ դեղերից հետո»,-ասաց Գեւորգի մայրը:

Վաղը լրանում է 72 ժամը, երբ կամ Գեւորգ Մանուկյանին ազատ արձակեն կամ մեղադրանք առաջադրեն:


A1+

No comments: