Thursday, May 22, 2008

Ուրիխանյանը ոչ միայն կրակել է այլև հարվածել

Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի վրա Տերյան -Մոսկովյան փողոցում ասօր գազի ատրճանակից կրակել է Հայաստանի առաջադիմական կուսակցության նախկին առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը: Ուրիխանյանը չի հանգստացել միայն կրակելով:

«Երբ ես տեղեկացա եւ գնացի Տերյան փողոց, մեքենան, որից դուրս էր եկել Տիգրան Ուլիխանյանը եւ կրակել, դեռ դեպքի վայրում էր: Իմ ներկայությամբ մի երիտասարդ մոտեցավ Միքայելին եւ ասաց` արի առանձին խոսենք: Միքայելը հարցրեց, թե երիտասարդը ով է, վերջինս էլ ներկայացավ Արսեն անունով: Այդ ընթացքում նորից մոտեցավ Ուրիխանյանը` հայհոյելով ասաց. «Կյանքներս կերար, Գեյ-ին ես պաշտպանում, երկիրը քանդում ես» եւ հարվածեց Միքայելին: Ուրիխանյանի օրինակին հետեւելով Միքայելին հարվածեց նաեւ Արսեն ներկայացած տղան»,- «Ա1+»-ին պատմեց Հելսինկյան քաղաքացիական ընկերակցության Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նա նաեւ հայտնեց, որ Տիգրան Ուրիխանյանն ու նրա ընկերը Տերյան փողոցում այնքան են սպասել մինչեւ ոստիկանները ժամանեն, իսկ հետո մոտեցել են ու նրանց ասել.

«Ես լսեցի, որ Տիգրան Ուրիխանյանը ոստիկաններին ասում էր, թե իբր Միքայելը ինչ-որ աղջկա է նեղացրել եւ նրանք էլ իբր փորձել են պաշտպանել: Իրականում ոչ մի աղջկա խնդիր էլ չկար»:

Երբ «Ա1+»-ը ժամանեց դեպի վայր, Միքայել Դանիելյանին եւ Տիգրան Ուրիխանյանին` ընկերոջ հետ տեղափոխել էին Ոստիկանության Կենտրոն-Նորք-Մարաշի բաժին: Ոստիկանության մոտ որոշ աշխատակիցներ միմյանց հետ ծիծաղելով զրուցում էին. «Ագենտ ենք բռնել»: Քիչ հետո Ոստիկանություն եկավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Քաղաքական եւ տնտեսական բաժնի աշխատակից Մարկո Վելիկոնյան: Նա հայտնեց, որ եկել են պարզելու, թե ինչ է տեղի ունցել իրավապաշտպանի հետ, քանի որ իրենց ահազանգել են դեպքի կապակցությամբ: Պարոն Վելիկոնյան հրաժարվեց հարցերի պատասխանել, բացատրելով, որ ինքն էլ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել եւ միայն նշեց, որ իր ներկայությունը պայմանավորված է ոչ թե Միքայել Դանիելյանի անձով, այլ այն փաստով, որ հարձակվել են իրավապաշտպանի վար: Տեղի ունեցածի մասին Հայաստանի Հելսինկյան ընկերակցությունը ահազանգել է ՀՀ-ում բոլոր դեսպանություններին եւ Մարդու իրավունքների պաշտպանին: Միքայել Դանիելյանն ու Տիգրան Ուրիխանյանը դեռ Ոստիկանության բաժնում են:


A1+

No comments: