Thursday, May 22, 2008

Հուսիկ Բաղդասարյանի դատավճիռը փոխվեց

Մասիսի գումարտակի հրամանատար Հուսիկ Բաղդասարյանի անազատության մեջ մնալու ժամկետը մեկ տարով կրճատվեց: Դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը այսօր վիճաբանության փուլի ավարտից 20 րոպե հետո մասնակի բավարարեց Հուսիկ Բաղդասարյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանի բողոքը Մասիսի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:

Հուսիկ Բաղդասարյանը կրկին մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով, սակայն Մասիսի ընդհանուր իրավասության դատարանի 3 տարի ազատազրկումը փոխեց 2-ով: Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին խուզարկելով հրամանատարի տունը, իրավապահները նրա տանը հայտնաբերել են 16 փամփուշտ, որոնք, ըստ մեղադրանքի` ոչ թե որսորդական են,ա յլ` մարտական:

«Ի՞նչ տեխնիկական պայմաններից ելնելով է որոշվել, որ այդ 16 օրինական փամփուշտները ոչ թե որսորդական են, այլ մարտական: Բացի այդ 10 օր առաջ զենքերի պահպանման վերաբերյալ ստուգում են արել եւ որեւէ առարկություն չեն ներկայացրել: Եւ եթե անգամ ենթադրենք, որ փամփուշտները եղել են ապօրինի, նա ինքնակամ է հանձնել»,- ասաց պաշտպաններից Վարդան Զուռնաչյանը: Իսկ մյուս պաշտպանը` Հովիկ Արսենյանը, նշեց, որ Հուսիկ Բաղդասարյանի նման հերոսներին անազատության մեջ պահելը ապտակ է իշխանության համար: Ըստ նրա` վարչախմբի կողմից ցուցակ էր ներկայացվել այն անձանց, որ վտանգ են ներկայացնում, իսկ Հուսիկը դրանցից մեկն է: «Այսօր, երեկ նրանք անազատության մեջ են պահվում քաղաքական հայացներից ելնելով: Քրեական հետապնդում է իրականացվում քաղաքական հայացքների համար: Չկա գեթ մեկ ապացույց նրա մեղքի»,- ասաց Հովիկ Արսենյանը, որի խոսքերից հետո դահլիճում գտնվողներից մեկը փռշտաց եւ ներկաները բացականչեցին` «Այդքան էլ ճիշտ»:

Մասիսի գումարտակի հրամանատարն էլ ընդամենը ասաց. «Զիմզիմովի դուքան սարքեցիք Պեպանի մուրհակի պես: Այս ամբողջ գործը կեղծված փաստաթուղթ է»: Դատարանի որոշումը զայրացրեց հավաքվածներին եւ նրանք վանկարկեցին. «Ամոթ, ամոթ «, «Ազատություն»:

Ի դեպ, Հուսիկ Բաղդասարյանը այսօր դատարանի դահլիճում կոչ արեց իր երկու ընկերներին` Կորյուն Թադեւոսյանին եւ Սամվել Գեւորգյանին, դադարեցնել ի պաշտպանություն իրեն արդեն երեք օր Մասիսի հրապարակում հայտարարված հացադուլը: Ինչպես տեղեկացավ «Ա1+»-ը, նրանք հետեւել են Հուսիկ Բաղդասարյանի հրամանին:


A1+

No comments: