Saturday, May 31, 2008

Հացադուլավորներն ավելացել են

Եռաբլուրում հացադուլավորների թիվն այսօր հասավ 20-ի: Առավոտյան վարչական դատարանում իր դատից հետո հացադուլավորներին միացավ նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանը: Բայց առավոտյան թեեւ դատախազությունը ետ էր վերցրել հայցադիմումը, դատական նիստի ժամանակ Լյովա Եղիազարյանը քաղաքական հայտարարություն արեց այն մասին, որ այն, ինչ անում է դատախազությունը, քաղաքական հետապնդում է: Գործը դատարանի որոշմամբ կարճվեց:

Իսկ հացադուլավորները թեեւ դիմել են քաղաքապետարան` տեղեկացնելով իրենց հացադուլի մասին, քաղաքապետարանը բուժհսկողություն չի սահմանել հացադուլավորների նկատմամբ:

Այսօր հացադուլավորներին է այցելել Կարմիր խաչի ներկայացուցիչը: Թեեւ հացադուլ հայտարարած ազատամարտիկներից մեկի արյան ճնշումը մեզ հետ խոսակցության պահին բավականին բարձր էր, բայց իրենք իրենց լավ են զգում` զոհված ընկերների շիրմաքարերի կողքին: Այսօր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Մանուշակ Պետրոսյանը հացադուլավորների եւ մի խումբ մարդկանց հետ ծաղիկներ են դրել Վազգեն Սարգսյանի շիրմին:

Ի դեպ, հացադուլավորները հայտարարությամբ դիմել են բոլոր երկրապահներին` կոչ անելով նրանց եւս միանալ իրենց պայքարին` երկիրը ազատելով անօրինական ընտրված իշխանություններից: Նրանց կոչում ասված է, որ այսօր վտանգի տակ է մեր անկախությունը, այն ձեռքբերումը, որի համար զոհվեցին մեր լավագույն ընկերները:

Մեր հարցին, թե իշխանություններից որեւէ մեկն այցելե՞լ է իրենց, Լյովա Եղիազարյանն ասաց. «Մենք իշխանություն չունենք, մենք նրանց չենք ընդունում, իսկ մեր իշխանությունը այցելել է»,- նա նկատի ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նկատենք, որ այսօր ժամը 17-ի սահմաններում Եռաբլուր է այցելել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` (հայտնի է Լ‎ֆիկ Սամո անունով-խմբ), հացադուլավորներից մի քանի մետր հեռու կանգնել, զրուցել է ինչ- որ մեկի հետ, ընդ որում շարժման տղաներից` ազատամարտիկներից մեկի հետ, եւ հեռացել, առանց մոտենալու եւ հարցնելու, թե ինչպես է հացադուլավորների ինքնազգացողությունը:

Իսկ Հյուսիսային պողոտայում երեկոները քաղաքական զբասանքի դուրս եկած մարդկանց համար զբոսանքի վերջնակետը վերջին օրերին դարձել է Եռաբլուրը:

No comments: