Wednesday, May 21, 2008

Գործա՞րք Վենետիկի հանձնաժողովի և ՀՀ իշխանությունների միջև

«Ժողովներ, հավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքի շուրջ Վենետիկի հանձնաժողովն ու ՀՀ իշխանությունները գործարքի են գնացել»,- այսօր ահազանգեցին մի շարք հ/կ-ների ներկայացուցիչներ եւ ԱԺ «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նրանք խումբ են ստեղծել, որը պատրաստվում է ներկայացնել ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւում տեղ գտած յուրաքանչյուր կետի հետ կապված ՀՀ իշխանությունների գործողությունները:

Տիկին Փոստանջյանը հայտարարեց, որ օրենքի փոփոխությունները երեկ առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց առանց փորձագետների եզրակացությունը ստանալու. «Այն մտավախությունները, որոնք կային նախորդ համատեղ եզրակացության մեջ այս փոփոխություններով չեն լուծվելու: ԱԺ-ն աշխատանք է տանում ԵԽ-ին ցույց տալու համար, սակայն իրականում երկարացնում են հասարակության հավաքներ անցկացնելու իրավունքը»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնըլ»-ի երեւանյան գրասենյակի նախագահ Ամալյա Կոստանյանը, շարունակելով տիկին Փոստանջյանին, ասաց. «Այս օրենքով իշխանությունները փորձել են սահմանափակել քաղաքական ընդդիմության իրավունքները, սակայն զոհ է դարձել ամբողջ հասարակությունը»:

Նրան մտահոգում է այն փաստը, որ Վենետիկի հանձնաժողովը իր դիտարկումներում հաշվի չի առնում Հայաստանում տիրող իրավիճակը. «Վենետիկի հանձնաժողովի վերջին եզրակացության մեջ նշված է, որ հավաքների իրազեկումից հետո 5 օրվա ընթացքում համապատասխան մարմինը պետք է թույլտվություն տա կամ հիմնավորված մերժի: Չկա ոչ մի հստակ սահմանում, թե ինչպիսին պետք է լինի այդ չարաբաստիկ մերժումը, ինչ հիմունքներով»: Տիկին Կոստանյանը հիշեցրեց, որ մարտի 1-ի դեպքերից առաջ էլ, երբ իշխանությունները ցանկանում էին, «հիմնավորված» մերժում էին: Օրինակ` մի դեպքում կարող էին մերժել ռոք համերգը` ասելով, թե այն խանգարում է Երեւանի կենտրոնում բնակվողների եւ զբոսաշրջիկների հանգիստը, իսկ մեկ օր հետո նույն վայրում ռոք համերգի թույլտվության տային մեկ այլ կազմակերպության: Տիկին Կոստանյանը նաեւ խոսեց օրենքի փոփոխության հետ կապված Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽԽՎ բանաձեւում տեղ գտած հակասությունների մասին. «Վենետիկի հանձնաժողովն դժգոհել է, որ թույլտվություն տողով` ժամկետը երկարացվել է եւ 3 օրից 5 օր դարձել, սակայն ենթադրել է, որ մերժում ստացածները կարող են դիմել դատարան եւ բողոքարկել մերժումը: Շատ ծիծաղելի է, քանի որ ԵԽԽՎ բանաձեւի 6.3 կետում ասվում է, որ ՀՀ-ում դատարանները դեռ չունեն անհրաժեշտ անկախության մակարդակ, որպեսզի հանրությանը վստահություն ներշնչեն: Այսինքն` Վենետիկի փորձագետները ընդունելով, որ մեր դատարանները վստահելի ու անկախ չեն, ասում են, որ նրանք կարող են արդար որոշում կայացնել»:

Հանրահավաքի իրավունքը տալիս է ՀՀ Սահմանադրությունը

Հ/Կ-ների ներկայացուցիչներն անընդունելի են համարում նաեւ ինքնաբուխ հավաքններին վերաբերող օրինագծի այն դրույթը, որ այն չի կարող 6 ժամից ավել տեւել:

«Նախ ինչպես պետք է որոշեն, թե ինքնաբուխ հավաքը որքան պետք է տեւի: Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի 1- ին մասը նշում է ազատ հավաքների իրավունքը, իսկ 2-րդը` սահմանափակումները: Մեր պետությունը հասարակական կարգի ու անվտանգության պահպանությունն տվել է ոստիկանությանն ու ԱԱԾ-ին: «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքի համաձայն` անձի մասին գաղտնի կարող են տվյալներ հավաքագրել եւ մերժել հավաքները: Իսկ եթե մենք չգիտենք հավաքագրված տվյալների բնույթի մասին, ապա մենք ինչպե՞ս կարող ենք դրանք բողոքարկել դատարանում»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նա կարծում է, որ իրավապահ մարմիններին նման լիազորությունների տրամադրումը հակասում է եւրոպական կոնվենցիայի պահանջներին:

Հ/Կ-ները պահանջում են «Ժողովների, հավաքների, երթերի եւ ցույցերի մասին» օրենքը առնվազն բերել նախնական տեսքին: Նրանք ՀՀ իշխանություններին հիշեցրեցին, որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում քննարկվելու է Հայաստանի պատվիրակությանը քվեարկության իրավունքից զրկելու հարցը եւ դրա համար ԵԽԽՎ-ն ունի բոլոր իրավունքները: Ինչ վերաբերում է հասարակության պահանջով ընդդիմության հանրահավաքներին, ապա Հ/Կ-ների ներկայացուցիչները գտնում են, որ այդ իրավունքը հասարակությանը եւ ընդդիմությանը տրված Է ՀՀ Սահմանադրությամբ:

«Մեր Սահմանադրությունը հստակ ասում է, որ եթե ազգային օրենքները հակասում են միջազգային նորմերին, ապա միջազգային նորմերը գործում են ուղղակի: Ես գտնում եմ, որ հանրահավաքներ անցկացնելու ցանկություն ունեցողները իրենց իրավունքը լիարժեք կարող են իրացնել»,-ասաց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Արթուր Սաքունցը իր հերթին հիշեցրեց, որ հանրահավաքների իրավունքը որեւիցե կերպ չեն կարող սահմանափակվել պետական մարմինների կողմից. հանրահավաքի իրավունքը տալիս է Սահմանադրությունը եւ ոչ թե քաղաքապետարանը.

«Որեւէ ոստիկան իրավունքն չունի մոտենալ քաղաքացուն եւ արգելել նրան մասնակցել հանրահավաքի: Ոստիկանի արարքը հակասահմանադրական է, եւ ՀՀ քաղաքացին կարող է դիմել ՍԴ եւ բողոքարկել ոստիկանի կամ իր հավաքի ազատության իրավունքը ցանկացած ոտնահարողի»,- «Ա1+»-ին ասաց Արթուր Սաքունցը:


A1+

No comments: