Saturday, May 10, 2008

Շնորհավորանք

Աժ պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի կնոջ

եւ վանատուրցիների շնորհավորանքի խոսքը` ուղղված

Սասուն Միքայելյանին եւ բոլոր ազատամարտիկներին`

Շուշիի ազատագրման տոնի առթիվ


Այսօրվա պես հիշում եմ: Առավոտ էր: Լսեցինք բարի լուրը. հայոց արծիվները գրավել են Շուշին:

Ավետիս էր, ու ցնծում էր հայոց աշխարհը: Երեկոյան այդ ցնծության պահին հասավ մեկ ուրիշ լուր. Սասունին բերում են, ծանր վիրավորվել է...

Փառք Աստծո, միայն վիրավորվել էր:

Հիմա, տարիների հեռվից երբ հիշում եմ այդ օրերը, հասկանում եմ, որ մայիսի 9-ը վիրավորվելուդ օրը չէր, այլ ծննդյանդ: Թեպետ բեկորներով ու վերքերով էր պատված մարմինդ, սակայն արծվացած էր հայացքդ. դու այդ օրը ծնվեցիր որպես հերոս:

... Մեր պատմության ամենապանծալի հաղթանակներից է Շուշին, ու մենք բոլորս հպարտ ենք, որ դու մասն ես, սիրտն ես այդ հաղթանակի: Չէ՞ որ նաեւ քեզ ու քո ջոկատին էր վստահվել Շուշին վերջնականապես հայացնելու հարցը: Սասուն, քո ժողովուրդը, քո մարտական ընկերները, քո վանատուրցին այնքա~ն հպարտ են այսօր, հպարտ են ու հաղթանակած:

Իսկ փաստը, որ հիմա զնդանում ես փակված ու այսօր քո մարտական ընկերների ու ժողովրդի հետ չես, թող ծանրանա այս իշխանության` արյուններից ու մեղքերից ծանրացած խղճին:

Շնորհավոր տոնդ, հազարապատիկ հերոսացած հայորդի: Բյուր շնորհավորանքներ քո ժողովրդից, քո վանատուրցուց:

Ամուր է ընտանիքդ, ամուր ենք բոլորս ու քո երգն ենք հնչեցնելու այսօր տոնիդ առթիվ: Վանատուրցիները շնորհավորում են ոչ միայն քեզ, այլեւ բոլոր ազատամարտիկներին` հաղթանակի օրվա առթիվ: Զոհված ու ողջ բոլոր ազատամարտիկների արյան գնով ձեռք բերված հաղթանակի իրողության մեջ ենք այսօր ապրում ու դրա համար պարտական ենք նրանցից յուրաքանչյուրին:


ԱՆՈՒՇ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՎԱՆԱՏՈՒՐՑԻՆԵՐ

No comments: