Saturday, May 10, 2008

Հացադուլի է պատրաստվում ամբողջ գյուղը

Շիրակի մարզի Ձորակապ գյուղում, որը Մուշեղ Սաղաթելյանի ծննդավայրն է, այսօր ժամը 15.00-ից անժամկետ հացադուլ է հայտարարել Մուշեղ Սաղաթելյանի որդին` Սեւակ Սաղաթելյանը: Այսօր հացադուլի էր պատրաստվել ամբողջ գյուղը, սակայն Սեւակ Սաղաթելյանի խնդրանքով համագյուղացիները նրան կմիանան վաղը. «Այսօր եղանակային պայմանները թույլ չտվեցին, որ մենք անհրաժեշտ քանակով վրաններ տեղադրենք եւ համապատասխան պայմաններ ստեղծենք հացադուլին միանալու բոլոր ցանկություն ունեցողների համար: Իմ խնդրանքով նրանք հացադուլին կմիանան վաղը, իսկ այսօր միայն ես եմ սկսել հացադուլը»,- Ա1+ին հայտնեց Սեւակ Սաղաթելյանը:

Այսօր Շիրակի մարզում վաղ առավոտից անձրեւ եւ կարկուտ է տեղում: Հացադուլավորի վրանը տեղադրված է գյուղի մեջտեղում` «Հալիվոր պապ» մատուռի հարեւանությամբ: Սեւակ Սաղաթելյանի հացադուլին զուգահեռ Մուշեղ Սաղաթելյանի համագյուղացիներից 15-ն այսօր նստացույց են հայտարարել: Նրանց պահանջը մեկն է.«Այս իշխանությունները պետք է անհապաղ վերջ տան անօրինականություններին եւ անհապաղ ազատ արձակեն Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյաններին, Պետրոս Մակեյանին, Սասուն Միքայելյանին եւ բոլոր մյուս ազատազրկվածներին: Մենք պատահական չենք ընտրել այս օրը. Հաղթանակի օրը իշխանությունները պետք է հիշեն, թե ում շնորհիվ ենք մենք արձանագրել մեր հաղթանակները»:

Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանի հայրենակիցները վստահ են, որ իրենց պահանջին կմիանան Հայաստանի մյուս մարզերից: Ի դեպ, իր հացադուլի մասին Սեւակ Սաղաթելյանը հայտնել է Շիրակի մարզի «Մարալիկ» առողջության կենտրոն ՍՊԸ-ին, Շիրակի մարզի Ոստիկանությանը, Ձորակապի գյուղապետին, իսկ վաղը գրավոր կտեղեկացնի նաեւ Շիրակի մարզպետին: «Իմ հացադուլը կշարունակեմ այնքան ժամանակ, քանի դեռ ողջ կլինեմ»,- ասաց Սեւակ Սաղաթելյանը:


A1+

No comments: