Համաժողովրդական շարժումը հանուն ազատության եւ ժողովրդավարության համար իր պայքարում տվեց հերթական զոհը: Երեկ երեկոյան սրտի տագնապից մահացավ Հայոց համազգային շարժման վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը: Ի սկզբանե եւ անմնացորդ նվիրված մեր ժողովրդի պայքարին՝ Անդրանիկ Հովակիմյանը հսկայական կազմակերպական ու գործնական աշխատանքի ծանրաբեռնվածություն ուներ անցած նախագահական ընտրություններում: Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի կողմից նա համակարգում էր Շիրակի մարզում նախընտրական աշխատանքները եւ հետեւում ընտրություններին, որի ընթացքում բացահայտել էր բազմաթիվ օրինախախտումներ: Հենց դա էր պատճառը, որ վարչախմբի կողմից խաղաղ ցուցարարների ջարդից ու մարտիմեկյան սպանդի կազմակերպումից հետո նա հայտնվեց նախապես կազմված շինծու մեղադրանքներով ձերբակալելու ենթակա գործիչների «սեւ ցուցակի» առաջին տողերում: Առաջին իսկ օրից բազմիցս նրա բնակարան են այցելել իրավապահ մարմինների ներկայացուցիչներ` նրան ձերբակալելու նպատակով: Անդրանիկ Հովակիմյանին հաջողվել էր խույս տալ ձերբակալումից ու արդեն մոտ երեք ամիս որպես քաղաքական հալածյալ ապրում էր ընդհատակում: Սրտի հետ կապված խնդիրներ ունենալով` այդ պայմաններում նա չէր կարող դիմել բժշկական օգնության, ապրել հանձնարարված ռեժիմով: Հետեւանքը եղավ սրտի ծանր տագնապը, որ խլեց նրա կյանքը: Այսինքն՝ նա ոչ թե մահացել, այլ զոհվել է պայքարում որպես մարտիկ, եւ նրա մահը հանցագործ վարչախմբի սանձազերծած քաղաքական հալածանքների հետեւանք է, ինչի համար վերջինս պատասխան է տալու անպայման: Անդրանիկ Հովակիմյանի մահը ծանրագույն կորուստ է առաջին հերթին Հայոց համազգային շարժման համար, որի անդամն է նա ի սկզբանե եւ վարչության ղեկավարներից է երկար տարիներ: Նրա ընկերներն ու կուսակիցները երկար ժամանակ չեն հավատալու ու չեն համակերպվելու իրենց հարազատ չափազանց հոգատար ընկերոջ կորուստի հետ: Հասարակությանը նա հայտնի է իր բազմաթիվ քաղաքական հոդվածներով ու հարցազրույցներով, հեռուստատեսային եւ ռադիոեթերում բանավեճերով: Որպես քաղաքական գործիչ նա առանձնանում էր եզակի քաղաքական հոտառությամբ, սկզբունքայնությամբ, անաչառությամբ, դիպուկությամբ: Մյուս կողմից՝ նա երբեք դուրս չէր գալիս կոռեկտության սահմաններից, ում հետ եւ ինչ հարցով էլ լիներ բանավեճը: Եւ հենց դա նրա խոսքը դարձնում էր համոզիչ: Համաժողովրդական շարժման կենտրոնը ցնցված է Անդրանիկ Հովակիմյանի մահվան գույժից, խորապես ցավակցում է նրա ընտանիքին ու հավասարապես իրենը համարում ծանրագույն այս վիշտը:
Անդրանիկ Հովակիմյանը ծնվել է 1966թ. ապրիլի 6-ին: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ, որն ավարտել է 1991թ.՝ ստանալով տնտեսագետի որակավորում: Անդրանիկ Հովակիմյանը 1984-86 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: Դեռեւս 1988 թվականի փետրվարից ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը: Նա 1989թ. անդամակցել է ՀՀՇ-ին: 1992-93 թվականներին որպես ավագ տնտեսագետ աշխատել է «Սպորտ» փորձարարական ֆաբրիկայում: 1993 թվականից ներգրավվել է կուսակցական աշխատանքի: Մինչեւ 1997 թվականը Անդրանիկ Հովակիմյանը զբաղեցրել է Հայոց Համազգային Շարժման աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իսկ 1997 թվականից մինչ օրս ՀՀՇ վարչության փոխնախագահն էր: Անդրանիկ Հովակիմյանն ակտիվորեն մասնակցել է նաեւ Համաժողովրդական շարժմանը: Նախագահի ընտրություններից առաջ հսկայածավալ աշխատանք է իրականացրել Շիրակի մարզում: Անդրանիկ Հովակիմյանն ամուսնացած էր՝ ունի անչափահաս որդի եւ դուստր:
Համաժողովրդական շարժման կենտրոն
No comments:
Post a Comment