Thursday, May 22, 2008

Սէֆիլյանին կարտաքսեն, երբ որոշեն

Մայիսի 21-ին կառավարության եւ Ազգային Ժողովի միջեւ ավանդական հարցուպատասխանի ընթացքում, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կառավարությանը հարց է ուղղել Ժիրայր Սէֆիլյանին քաղաքացիություն շնորհելու մասին, ինչպես նաեւ ասել, թե արդյոք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որ Ժիրայր Սէֆիլյանին, 2008 թվականի հունիսի 9-ին նրա պատժի ժամկետը ավարտվելուց հետո, պատրաստվում են արտաքսել Հայաստանից:


Հարցին պատասխանել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ով առաջինն անդրադարձել է Սէֆիլյանի դիմումին, որ նա ուղղել է ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությանը: Վարչության ղեկավար Ալվինա Զաքարյանն օրեր առաջ այդ կապակցությամբ հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար պետք են արժանիքներ: Զարուհի Փոստանջյանը հարցրել է կառավարությանը, թե արդյոք Հայաստանի քաղաքացիությունն ինչ որ անձանց սուբյեկտիվ կարծիքով է տրվում, թե օրենքով:

«Ուղղակի ասեմ, որ բնականաբար այն կարգավիճակում, որում որ գտնվում է Սէֆիլյանը, հիմք չի տալիս նրան քաղաքացիություն շնորհելու: Այսինքն այստեղ, մի պահ թողնենք նրա իսկապես անձնական հատկանիշները եւ նրա կենսագրությունը: Օրենքը մնում է օրենք, եւ քաղաքացիության մասին օրենքի 13-րդ հոդվածը հստակ ամրագրում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում անձին կարող է շնորհվել քաղաքացիություն, նախագահի հրամանագրով: Բնականաբար այդ դիմումը եթե ընդունվի, սահմանված կարգով նախագահին առընթեր հանձնաժողովը կքննարկի, բայց այս փուլում, ինչպես արդեն ասացի, իրավական հիմքեր չկան քաղաքացիություն շնորհելու համար», ասաց Գեւորգ Դանիելյանը:

Ինչ վերաբերում է Ժիրայր Սէֆիլյանին արտաքսելու մտադրության մասին տեղեկություններին, ապա արդարադատության նախարարը ասել է, թե այս պահին կառավարությունն այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում:

«Այս պահին որեւէ միջոցներ չեն ձեռնարկվել: Հետագայում, եթե դրա համար հիմքեր ծագեն, հարցը կդառնա քննարկման առարկա», ասաց Գեւորգ Դանիելյանը:


lragir.am

No comments: