Saturday, May 24, 2008

Հայտարարություն

2008թ. մայիսի 21-ին հրազենային եւ ֆիզիկական ուժի կիրառմամբ հարձակման է ենթարկվել հայտնի իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը:

Հարձակումն իրականացվել է մի խումբ մարդկանց կողմից, որոնց գլխավորել է Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Հարձակվողները սկզբում հրազենային զենք են օգտագործել (գազային ատրճանակ), այնուհետեւ կիրառել նաեւ ֆիզիկական բռնություններ՝ հարձակումն ուղեկցելով հայհոյանքներով եւ անպարկեշտ արտահայտություններով, որոնք ուղղակիորեն կապված են եղել Մ.Դանիելյանի իրավապաշտպան գործունեության հետ:

Կատարված փաստի վերաբերյալ ընթանում է քննություն:

Գտնում ենք, որ կատարվածը հանդիսանում է ֆիզիկական հաշվեհարդար ոչ միայն մարդու իրավունքներով զբաղվող անձի, այլեւ՝ ողջ իրավապաշտպան գործունեության նկատմամբ: Նկատի ունենալով մարտի 1-ից ՀՀ-ում մարդու իրավունքների զանգվածային խախտումները եւ նրանց կանխարգելման ուղղությամբ իշխանությունների ոչ համարժեք եւ միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների չկատարումը՝ գտնում ենք, որ իրավապաշտպանի նկատմամբ հարձակումը բխում է երկրում ստեղծված իրավիճակից:

Սա երկրորդ դեպքն է, երբ Մ.Դանիելյանը ենթարկվել է հարձակման: Նախորդ անգամ հանցագործներն այդպես էլ մնացին չբացահայտված:

Դատապարտելով իրավապաշտպան Մ.Դանիելյանի նկատմամբ զինված հարձակումը՝ պահանջում ենք իրավապահ մարմիններից ապահովել անաչառ եւ հիմնավոր քննություն եւ պատասխանատվության ենթարկել հանցագործությունը կատարողներին:

Երկրի հեղինակության վերականգնումը պայմանավորված է մարդու իրավունքների պաշտպանության համար նպաստավոր պայմանների ստեղծմամբ:


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

No comments: