Sunday, May 11, 2008

Հուսիկ Բաղդասարյանի դատը Վերաքննիչում հետաձգվեց

Հուսիկ Բաղդասարյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը նիստը նախագահող դատավոր Ա. Խաչատրյանին նախապես տեղեկացրել էր, որ վատառողջ է եւ չի կարող ներկայանալ դատական նիստին։

Հիշեցնենք, որ նախորդ նիստը նույնպես պաշտպանի միջնորդությամբ էր հետաձգվել՝ պաշտպանական ճառին նախապատրաստվելու պատճառաբանությամբ։

Դատավոր Խաչատրյանն այսօր առաջարկեց ամբաստանյալին նիստը շարունակել առանց պաշտպանի,սակայն վերջինս հրաժարվեց։
- Իսկ եթե պաշտպանը կրկին չներկայանա,- ակնարկեց դատավորը։
- Այն ժամանակ կմտածենք,- պատասխանեց ամբաստանյալ Հուսիկ Բաղդասարյանը։

Մեղադրողը նույնպես նպատակահարմար գտավ դատը շարունակել պաշտպանի ներկայությամբ, քանի որ հենց նա է բողոք ներկայացրել Վերաքննիչին։
Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց նիստը հետաձգել մինչեւ մայիսի 13-ը։

Ի դեպ, այսօր Վերաքննիչում նույնպես անվտանգության խստացված ռեժիմ էր գործում։ Ստուգում էին բոլոր ներս մտնողների անձնագրերը։ Դատարանի անվտանգության ստորաբաժանման պետ Սամվել Հովհաննիսյանն ասաց, որ իրենք իրավունք ունեն պարզելու դատարան մտնող անձանց ինքնությունը եւ ցույց տվեց դատակա կարգադրիչներին վերաբերող օրենքի 214-րդ հոդվածը։ Բայց թե ինչու են հատկապես հիմա որոշել օգտվել այդ իրավունքից, դժվարացավ պատասխանել։


E-channel.am

No comments: