Friday, May 30, 2008

Հերթական հացադուլը

Հացադուլը շարունակում է մնալ Հայաստանում իշխանությունների դեմ բողոք արտահայտելու ամենատարածված միջոցը: Այսօր ժամը 11.00-ից ՀՀՇ վարչության 2 անդամ Սարգիս Թամազյանը, Կարեն Կարապետյանը եւ «Հայք» թերթի տնօրեն Արմեն Զուրաբյանը հացադուլ են հայտարարել ՀՀՇ վարչության մոտ: Հացադուլը կշարունակվի մինչեւ հունիսի 20-ը եւ հացադուլավորները 3 օրը մեկ առանց ընդմիջման կփոխարինեն միմյանց:

«Նկատի ունենալով, որ Հայաստանի ապօրինի վարչախումբը հետեւողական շարունակում է իր հանցավոր քաղաքականությունը եւ ոչ մի քայլ չի կատարում ԵԽԽՎ 1609 բանաձեւի կատարման ուղղությամբ, մենք հայտարարում են հացադուլ»,-հայտարարել են նրանք: Հացադուլավորները 3 պահանջ ունեն գործող վարչախմբից. առաջին` անհապաղ ազատ արձակել ՀՀ իշխանություններից նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ դադարեցնել քաղաքական դրդապատճառներով շարունակվող հալածանքները: Երկրորդ` անցկացնել մարտի 1-ի ոճրագործության միջազգային անկախ հետաքննություն եւ երրորդ` ապօրինաբար չխոչընդոտել հավաքների ազատության սահմանադրական իրավունքի իրականացմանը:

«Մենք պահանջում ենք ի կատար ածել ԵԽԽՎ բանաձեւը, որպեսզի երկրում վերջապես ստեղծվի քաղաքակիրթ մթնոլորտ: Այդքան թմբկահարում են երկխոսության մասին, սակայն դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին կյանքի կոչել ԵԽԽՎ պահանջները, որոնք բխում են հենց երկխոսության շահերից»,-
ասաց ՀՀՇ վարչության անդամ Կարեն Կարապետյանը:

Հացադուլավորներից Սարգիս Թամազյանը համոզված է, որ իշխանությունները ամենեւին նպատակ չունեն կատարել ԵԽԽՎ պահանջները եւ ընդամենը իմիտացիա են ստեղծում.»Իշխանությունները նույնիսկ պատրաստ են, նրան, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Հայաստանը զրկեն ձայնի իրավունքից, սակայն չկորցնեն իրենց իշախնությունը»:

Պարոն Թամազյանը նաեւ իր բացատրությունը ունի, թե ինչու իշխանությունները երկիրը կործանելու հաշվին փորձում պահպանել իրենց իշխանությունը. «Պատահական չէ, որ մենք նրանց անվանում ենք հանցախումբ: Նրանք իսկպես հանցագործներ են եւ կորցնելու բան ունեն: Նրանք ուշ թե շուտ պատասխան են տալու, ինչպես մարտի 1-ի, այնպես էլ դրանից առաջ կատարած հանցագործությունների համար: Որ պահին, նրանք թողնեն իշխանությունը կանգնելու են օրենքի առաջ, եւ նրանք այդ մասին շատ լավ գիտեն»: Իսկ Արմեն Զուրաբյանը նշեց, որ իշխանությունները իրենց գործողություններով են ստիպում դիմել պայքարի ծայրահեղ միջոցի` հացադուլի. «Իշխանությունները պայքարի, մարդկանց իրենց բողոքը, կարծիքն ազատ արտահայտելու բոլոր հնարավորությունները սահմանափակել են: Այսօր մեզ փորձում են զրկել նույնիսկ հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու եւ մարդկանց այլ բան չի մնում, քան հացադուլ հայտարարելը»: Արմեն Զուրաբյանը իշխանություններին հիշեցրեց, որ իրենք պահանջում են ի կատար ածել ԵԽԽՎ բանաձեւի այն պահանջները, որոնք արժանացել են ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության հավանությանը. «Համենայնդեպս Ստրասբուրգից վերադառնալով` այդպես է ներկայացրել պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը»:
Հացադուլավորները նաեւ կոչ են անում ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, ում համար թանկ է ազատությունը ու մարդկային արժանապատվությունը միանալ իրենց եւ բողոքի նրանց ընտրած ձեւը, այսինքն` հացադուլը, դարձնել շարունակական: Ի դեպ, ՀՀՇ վարչության մոտ ընթացող հացադուլին տեղյակ է պահվել Երեւանի քաղաքապետարանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ Գլխավոր դատախազությանը եւ Կարմիր Խաչին:

No comments: