Friday, May 23, 2008

Արամ Կարապետյանի կնոջ նամակը

Արամ Կարապետյանի կինը` Գայանե Հայրապետյանը երեկ դիմել է լրագրողներին հետեւյալ նամակով. «Արդեն 6-րդ օրն է, ինչ իմ ամուսինը` Արամ Կարապետյանը, գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Արդեն 6-րդ օրն է, ինչ մեր ցավը փորձում են խառնել քաղաքականությանը: Ես խնդրում եմ ձեզ` այդպես չվարվել: Իմ ամուսինը չվախեցավ ի լուր աշխարհի հայտարարել իր սրտանոթային հիվանդության մասին, որն ի հայտ եկավ` հաշվի առնելով ժառանգական հակվածությունը: Այդ մասին ամոթ չէ խոսել: Համատեղ կյանքի տարիներն ինձ թույլ են տալիս հայտարարել, որ նա երբեք ոչնչից չի վախենում: Ես շնորհակալ եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներին` իրենց կողմից ներկայացված ճշգրիտ ախտորոշման համար:

«Հայոց աշխարհ» օրաթերթի երեկվա համարում Վրեժ Ահարոնյանը պնդում է, որ Արմեն Գասպարյանն իմ ազգականն է: Դա զազրախոսություն է: Պարոն Ահարոնյան, վախեցեք Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածից, որը նաև ձեզ է սպառնում: Մի՞թե «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանները, ովքեր ավելի խիստ ախտորոշում են ներկայացրել, նույնպես իմ ազգականներն են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Կարապետյանը քաղաքական գործիչ է, ինձ ոչինչ չի մնում անելու, քան դիմել ամբողջ աշխարհի մասնագետների օգնությանը: Դրանով ես վտանգից զերծ կպահեմ իմ բոլոր «ազգականներին»:

Ես դիմում եմ բոլոր լրագրողներին, խնդրելով նրանց` ընկալել իմ ներկա իրավիճակը: Թույլ տվեք մեզ` կայացնել ճիշտ, ոչ հապճեպ որոշում` հաշվի առնելով այս հիվանդությունից բխող բոլոր վտանգները:

Արամ Կարապետյանը երեք երեխաների հայր է: Ես չեմ ցանկանում այսօր խոսել այն մասին, որ վերջին 3 ամիսների ընթացքում նա նստել է մեկուսարանում, ում մեղադրում են, և նրա մեղքը բացարձակապես ապացուցված չէ: Ես չեմ ցանկանում այսօր խոսել այն մասին, որ ստեղծված իրավիճակում աշխարհի յուրաքանչյուր այլ երկրում դատավորն իրականացնում է արդարադատություն: Թող բժիշկները որոշեն, կարելի՞ է, արդյոք, նման հիվանդին պահել և բուժել բանտախցում: Ձեր այսօրվա ճիշտ, բաց և ծանրակշիռ դիրքորոշումն անհրաժեշտ է Արամ Կարապետյանին առավել քան երբևէ: Դուք իրավունք ունեք գրել, իրավունք ունեք խոսել: Գրել և ասել, բայց միայն ճշմարտությունը, ի բարօրություն Հայաստանի ապագայի»:

No comments: