Friday, May 16, 2008

«Չեղած օրենքով բանակը կիրառեց ժողովրդի դեմ»

«Առաջնային մանդատով օժտված երկու մարմիններից մեկն ավելորդ է»,- այսօր հայտարարեց ՀՀ ԳԽ պատգամավոր, ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար, այժմ ՍԴՀԿ անդամ Վահան Շիրխանյանը: Նա գտնում է,որ առաջնային մանդատ ունեցող այն խորհրդարանը, որ ունենք այսօր, կարող է եւ ընդհանրապես չլինել, քանի որ ոչ մի էական դերակատարություն չունի:

Կառավարությունը, որը ներկայացնում է օրինագծեր, կարող է դրանք չբերել ԱԺ հաստատելու, քանի որ այսօրվա խորհրդարանում օրինագծերը որակական փոփոխությունների չեն ենթարկվում, եւ դրանք միանգամից կարելի է ներկայացնել նախագահի վավերացմանը:

Վահան Շիրխանյանի այսպիսի հիասթափությունը պայմանավորված է նաեւ մարտի 1-ի դեպքերին խորհրդարանի բացարձակ անտարբերությամբ: Վահան Շիրխանյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը կոպտորեն խախտել է ՀՀ Սահմանադրությունը, երբ արտակարգ դրության պայմաններում օգտագործել է զինված ուժեր, ինչը Սահմանադրությամբ վերապահված է միայն ռազմական սպառնալիքի, պատերազմի հայտարարման եւ անհապաղ զորահավաք անցկացնելու ռեժիմներ ենթադրող ռազմական դրության պայմաններում:

Նա մեջբերեց Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետը, նաեւ ընթերցեց 81-րդ հոդվածի համապատասխան կետը, համաձայն որի խորհրդարանը կարող էր չեղյալ հայտարարել արտակարգ դրության մասին նախագահի որոշումը` այսպիսով նրան զերծ պահելով հերթական անգամ Սահմանադրությունը խախտելու հնարավորությունից:

«Արտակարգ դրության ռեժիմը սահմանվում է օրենքով, որը ՀՀ-ն չունի, եւ չեղած օրենքով բանակը կիրառվեց ժողովրդի դեմ, մարտական փամփուշտներ կիրառվեց հայ մարդու դեմ. սա չեղած, արտառոց բան էր, եւ այստեղ խորհրդարանը ոչ միայն մեղքի բաժին ունի, այլեւ հանցակից է»,- նկատեց Վահան Շիրխանյանը:

Նա հիշեցրեց, որ 20 օր Երեւանի փողոցներում կանգնած էին զինվորներ՝ գնդացիրներով, հրացաններով, կարելի էր տեսնել զրահամեքենաներ, տեխնիկա, որ ոստիկանությունը եւ ազգային անվտանգության վարչությունը չունի. «Դա մեր բանակի արսենալում գտնվող տեխնիկան էր»:

Վահան Շիրխանյանը նկատեց, որ Հայաստանի պատմության մեջ նման սարսափելի բան տեղի չէր ունեցել եւ դեռ այսօր որոշ մարդիկ ոչ թե ամաչում են, այլ ժպտալով փորձում պատասխաններ գտնել եւ արդարանալ. «Հայաստանում սարսափելի բան է կատարվել եւ շատերն են պատասխան տալու»:

Հանրապետական Արմեն Աշոտյանը, պատասխանելով խորհրդարանին ուղղված Վահան Շիրխանյանի մեղադրանքին, նկատեց, որ ընդդիմադիր ոչ մի պատգամավոր կասկածի տակ չառավ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը: Այնինչ սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգով, նրանք նույն օրը կարող էին արտակարգ դրությունը չեղյալ հատարարելու վերաբերյալ որոշման նախագիծ ներկայացնել խորհրդարանի դատին, ինչը չեղավ:


A1+

No comments: