Saturday, May 24, 2008

Վճիռը չընթերցած «փախավ» դահլիճից

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ անփոփոխ թողեց Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Մկրտիչ, Ժորա, Անդրանիկ Սափեյանների եւ Հայկ Գեւորգյանի նկատմամբ կայացված դատավճիռը: Այսպիսով, Մկրտիչ Սափեյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ 1 մասի կետով եւ դատապարտվել է 2 տարի ազատազրկման, Ժորա Սափեյանը` երկու տարի 6 ամիս, Հայկ Գեւորգյանը` 1 տարի 6 ամիս, իսկ Անդրանիկ Սափեյանը` 2 տարի 6 ամիս, սակայն անչափահաս լինելու համար պատիժը կրում է պայմանականորեն: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` հունվարի 27-ին Թալինի ընտրողների հետ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպման ժամանակ «Հանրապետություն» կուսակցության Թալինի տարածքային կառույցի ղեկավար Ժորա Սափեյանը եւ ազատամարտիկ, կուսակցության անդամ Մկրտիչ Սափեյանը հայհոյել են եւ հարվածել ազատամարտիկ Սարգիս Կարապետյանին, որն իբրեւ իր կարծիքն է հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին: Ավելի ուշ, նրա վրա հարձակվել են նաեւ Հայկ Գեւորգյանն ու Անդրանիկ Սափեյանը: Իսկ քրեական գործում որպես ապացույց է հանդիսացել «Հ1», «Ար» հեռուստաընկերությունների լրատվական ծառայությունների տեսաերիզները:

ՀՀ վերաքննիչ դատարանում ընդամենը երկու ժամ տեւեց ամբաստանյալների պաշտպան Հովիկ Արսենյանի բողոքի քննությունը: Ձեռնաշղթաներով դատարան բերված ազատամարտիկներին ներկաները հոտնկայս ծափողջույններով դիմավորեցին: Նիստի ընթացքում ազատամարտիկներին հսկում էին ներքին գործերի զինված աշխատակիցները, ինչի վերաբերյալ նրանց պաշտպան Հովիկ Արսենյանը դատարանին դիմեց. «Ինչո՞ւ են ավտոմատավորները հսկում, եթե ձեւավորվել է դեպարտամենտ, եւ պետք է կարգը հսկեն կարգադրիչները»: Դատավոր Դանիելյանի պատասխանը հետեւյալն էր. «Հարցեր մի ուղղեք: Խնդրում եմ թույլ տվեք շարունակել նիստը»: Պաշտպանը մի քանի անգամ կրկնեց հարցը, սակայն որեւէ բան չփոխվեց. դատավորն անդրդվելի էր:

Այնուհետեւ պաշտպան Հովիկ Արսենյանը հիմավորեց իր բերած բողոքը. «Մենք ուզում ենք իրավական պետությունում ապրել եւ շոուի խնդիր չի դրված: Սադրանք է եղել: Ձայնագրության մեջ անգամ վիրավորական բառ չկար: Նրանք սպասում էին, որ գա իրենց նախընտրելի թեկնածուն, ի՞նչ է` նրանք պետք է գային խուլիգանություն անեի՞ն»: Ապա հավելեց, թե հավաքը արտոնված է եղել, «ինչո՞ւ չեն ապահովել անվտանգությունը»:

Երբ դատարանը գնաց խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու, հարազատները փորձեցին զրուցել ամբաստանյալների հետ: Զինված աշխատակիցները չթույլատրեցին զրուցել հարազատների հետ, եւ փորձեցին դահլիճից տանել ամբաստանյալներին, սակայն վիճաբանություն սկսվեց հավաքվածների եւ ոստիկանների միջեւ: «Դուք էլ եք մարդ, բա ձեր մարդկությունն ո՞ւր է, որ չեք թողնում գոնե մի վայրկյան տեսնենք մեր հարազատներին»,-նախապես աղերսագին բարձրաձայնեցին բարեկամները, սակայն արդյունքի չհասնելով` սկսեցին վանկարկել. «Ազատ, անկախ, Հայաստան», «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Ազատություն»: Այդ ընթացքում դատական նիստին ներկա գտնվող ամբաստանյալների երկու քույրերը կորցրեցին գիտակցությունը:

Դատարանը` վճիռը դեռ ամբողջությամբ չընթերցած`ստիպված հեռացավ դահլիճից, քանի որ երբ Արմեն Դանիելյանը հնչեցրեց, թե վերաքննիչ դատարանը ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողել է անփոփոխ, ներկաները սկսեցին վանկարկել. «Ամոթ, ամոթ»:


A1+

No comments: