Saturday, May 24, 2008

«Ես հեքիաթներ լսելու ցանկություն չունեմ, ամո՛թ է»

Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Վարդգես Գասպարին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան բերվեց ձեռնաշղթաներով, ինչը առաջացրեց ներկաների դժգոհությունը: «Էդ ում ձեռքերն եք շղթայել, զենք ունի, որ ձեռքերը շղթայել եք, ամոթ է, ամոթ»,-լսվեցին շարքերից:

Վարդգես Գասպարին մեղադրվում է Քր. օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոտնձգություն:

Անցած դատական նիստի ժամանակ Վարդգես Գասպարի պաշտպան Մուշեղ Շուշանյանը բացարկ էր հայտնել դատավորին` հիմնավորմամբ, որ «նա անաչառ չէ եւ ցուցաբերում էր կողմնակալություն»:

Դատական նիստին հենց սկզբում դատավոր Արշակ Պետրոսյանը անհիմն համարեց բացարկը եւ շարունակեց դատավարությունը:

Պաշտպան Շուշանյանը մի միջնորդություն էլ ներկայացրեց այն մասին, որ առանց երկրորդ վկայի չի կարելի շարունակել դատավարությունը, սակայն դատախազ Արամ Ամիրզադյանը անհիմն համարեց միջնորդությունը եւ առաջարկեց շարունակել դատավարությունը:

Նշենք, որ այդ երկու վկաները՝ Էդգար Պետրոսյանը եւ Գարիկ Հովնանյանը Արաբկիրի ոստիկանության աշխատակիցներ են եւ հենց նրանք էին մարտի 1-ին Վարդգես Գասպարիին տարել բաժին: Իսկ այդ գործով վկա Գարիկ Հովնանյանի` դատական նիստին չներկայանալու վերաբերյալ դատարանը չէր ծանուցվել:

Իսկ երբ վկա, ոստիկան Էդգար Պետրոսյանը իր խոսքում ասաց, որ առավոտյան Օպերայի հրապարակում բարձրախոսներով իրենք զգուշացրել են ազատել տարածքը, դահլիճում մեծ դժգոհություն բարձրացավ, եւ շատերը լքեցին դահլիճը: Իսկ առաջին արտգործնախարարի կինը՝ Մելիսա Բրաունը ասաց. «Ես հեքիաթներ լսելու ցանկություն չունեմ, ամոթ է»:

Վկան ասաց, որ թեեւ Վարդգես Գասպարին հարվածել է իրեն, բայց դրանից ինքը մարմնական վնասվածքներ չի ստացել:

Իսկ թե որ ժամին են բերման ենթարկել Վարդգես Գասպարին, վկան դժվարացավ պատասխանել, քանի որ այդ օրը, նրա խոսքերով, բազմաթիվ մարդկանց են բերման ենթարկել: Իսկ իր կողմից բերման ենթարկվածներից նա հիշում էր միայն նրանց, ում պատասխանատվության են ենթարկել: Իսկ մարտի 1-ին Օպերա գնալու վերաբերյալ իրենք ստացել են բանավոր հրահանգ:

Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 29-ին, ժամը 12.30-ին:


A1+

No comments: