
«Երբ քննարկումը սկսվի, նոր կիմանանք` ով է ներկա: Կյանքում, հատկապես մեր ազգային հարաբերություններում, ճգնաժամային վիճակներում հաղորդակցության բոլոր ուղիները բաց պետք է լինեն: Դրա համար մենք մեր քաղաքացիական պարտքը, մեր հանրային պահանջը իրականացրել ենք, ակնկալում ենք,որ թե այսօր, թե ապագայում մի սեղանի շուրջ նստեն եւ քննեն այս համապետական ճգնաժամից դուրս գալու ծրագիրը»,- «Ա1+»-ին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ «Ժառանգություն» կուսակցության առաջորդի` բացատրությունները, արդարացումները, զգայնությունները այսօր կորցրել են իրենց իմաստը, կա պահի լրջության գիտակցում եւ ժամն է` խոսքը գործի վերածվի: «Դրա համար թե այսօր, թե շարունակության մեջմեր դռները բաց են բոլորի առաջ»,- նշեց նա;
Ի դեպ, երեկ առավոտյան ժամը 10:15-ին Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի նստավայրից հրավերք էր ստացել մասնակցել խորհրդակցության, ուր քննարկվելու էին ԵԽԽՎ բանաձեւի պահանջները կատարելու համար ստեղծված աշխատանքային խմբի առաջարկները:
Րաֆֆի Հովհաննիսյանը իր պարտքն է համարել ներկայանալ, քանի որ «Հայաստանում արտակարգ դրության վիճակ է»: «Ես լսեցի իմ գործընկերների տեսակետները եւ վերջում ելույթ ունեցա: Ողջունելի է նրանց որոշակի գործողությունները, բայց ես մտածմունք հայտնեցի, որ այնպիսի համազգային տագնապի մեջ ենք գտնվում այսօր, որ գործողությունների սոսկ շարադրանքը չի փրկելու վիճակը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա շարունակեց, թե այսօր Հայաստանը կարիք ունի համապետական մոդելի փոփոխության. «Անհրաժեշտ համարեցի ընդգծել, որ այստեղ ոչ միայն բովանդակային խնդիրներն են կարեւոր` ԱԺ-ում ինչ նոր համակարգ կստեղծվի ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերություններում, այլընդհանրապես ՀՀ քաղաքացին ինչպես իրեն ապահովված կզգա իր երկրի օրենքով եւ իրավունքով»:
«Մենք հասել ենք վերջնագծին, պետք է մինչեւ հունիսի ավարտը կարողանանք էական լուծում տալ բարձրացված հարցերին, ներառյալ մեր ազգային ողբերգության հետ կապված անկախ վստահելի հետաքննության մեկնարկը, քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին ազատ արձակումը եւ այլն»,- «Ա1+»-ին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Արմեն Ռուստամյանը պատասխան չունի
Այսօր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից խորհդարանում լրագրողները հետաքրքրվել են , թե արդյո՞ք ինքն ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի երկխոսության նպատակով այսօր հանդիպելու հրավերը:
«Նախ դեռ ամենագլխավոր հարցի պատասխանը չի տրված. Պարոն Հովհաննիսյանը հանդես էգալիս որպես միջնո՞րդ, թե կողմ: Դրանք բոլորովին տարբեր կարգավիճակներ են: Եթե հանդես է գալիս որպես միջնորդ, ապա, կարծում եմ, կազմակերպելու ձևը ճիշտ չի ընտրված, որովհետեւ նա պետք է նախապես տեղյակ պահի նման նախաձեռնության մասին: Չեմ կարծում, որ հանրապետությունում ամենաքիչ զբաղված մարդիկ են նրանք, ում դիմել է պարոն Հովհաննիսյանը, որովհետև ամեն մեկն իր օրականգն ունի ու իր ծանրաբեռնվածությունը: Նախ միջնորդը պետք է հոգ տանի, որ նախնական համաձայնություններ լինեն, ոչ թե նամակի միջոցով փաստի առաջ կանգնեցնի»,-ասել է Արմեն Ռուստամյանը:
Վերջինս կարծում է, որ այս դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է գալիս որպես կողմ, քանի որ նա պաշտպանել է Լեւոն Տեր-Պետրոսյանին:
A1+
No comments:
Post a Comment